Հայերեն   English   Русский  

Տուսկը հայտարարել է ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալու «մահացու վտանգի» մասին


  
դիտումներ: 1032

Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալու «շատ լուրջ վտանգ» կա: Այսպիսի հայտարարություն է արել Վարշավա այցի ժամանակ Լեհաստանի նախկին վարչապետ և Եվրոպայի խորհրդի գործող նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հավանականություն կա նաև, որ Լեհաստանը ԵՄ-ից դուրս գա «պատահաբար»՝ երկրի ներկայիս իշխանությունների սխալի հետևանքով, որոնք հակասության մեջ են Բրյուսելի հետ:

Տուսկը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, որ նախաձեռնեց ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն, ինքն անձամբ չէր ենթադրում իրադարձությունների նման զարգացում և իր հաշվարկներում սխալվեց:

Տուսկը կարծում է, որ նման վտանգ կա և Լեհաստանի դեպքում: Ընդ որում, ըստ նրա, կարևոր չէ՝ Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության հիմնադիր Յարոսլավ Կաչինսկին մտադիր է կազմակերպել ԵՄ-ն իրապես լքե՞լը, թե՞ պարզապես որոշ գործընթացներ խթանելը, որոնք կարող են հանգեցնել նման արդյունքի:

«Ես վախենում եմ, որ Բրյուսելում Լեհաստանը ԵՄ-ում ամեն գնով պահելու ձգտումը շատ ավելի թույլ լինի, քան Մեծ Բրիտանիայի դեպքում,- հայտարարել է Տուսկը:- Այդ հարցը չափազանց լուրջ է, մահացու վտանգավոր, ես ուզում եմ, որ բոլորը սթափվեն»:

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը չի ծրագրում Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվե կազմակերպել, սակայն Վարշավայի և Բրյուսելի միջև տևական կոնֆլիկտ է զարգանում երկրի դատական համակարգի բարեփոխման հարցում:

2017 թ. դեկտեմբերին Լեհաստանի նախագահի ստորագրած օրենքները հանգեցրել են նրան, որ իշխանության դատական ճյուղը հայտնվել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության և Լեհաստանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ:

Կուսակցությունն իրավունք է ստացել նշանակելու Ազգային դատական խորհրդի (ԱԴԽ)՝ դատավորներին ընտրող մարմնի անդամներին, իսկ արդարադատության նախարարը՝ նախաձեռնելու գերագույն դատավորների ազատումն ու նշանակումը: Բացի այդ, «Գերագույն դատարանի բարեփոխման մասին» օրենքը, որ նախատեսում է դատավորների թոշակի գնալու տարիքի իջեցում, հանգեցրել է 72 դատավորներից 27-ի տարիքի հետևանքով թոշակի գնալուն:

Արձագանքելով Լեհասատնի բարեփոխումներին՝ Եվրահանձնաժողովը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի անդամի նկատմամբ պատժամիջոցների ընթացակարգ սկսեց դատական համակարգի անկախության սկզբունքը խախտելու պատճառով:

Հուլիսին Վարշավային ուղարկվեց պաշտոնական ծանուցում այդ գործընթացն սկսելու վերաբերյալ, իսկ սեպտեմբերին Եվրահանձնաժողովը նախաձեռնեց ընթացակարգի երկորդ փուլը՝ արձանագրելով «ԵՄ-ի անդամ պետության կողմից ԵՄ-ի արժեքների լուրջ խախտման ակնհայտ վտանգը»:

Եվրահանձնաժողոն այն ժամանակ Լեհաստանին խախտումները վերացնելու հանձնարարական տվեց: Վարշավան հրաժարվեց անսալ Եվրահանձնաժողովի հայտարարություններին՝ հայտարարելով, որ դատական բարեփոխումը չի սահմանափակում դատավորների անկախ մրցակցային ընտրության գործընացի հնարավորությունները, ինչպես նաև չի զրկում նրանց դատարանում խախտումները բողոքարկելու իրավունքից:

Սեպտեմբերի վերջին Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ հայց ներկայացրեց ԵՄ-ի դատարան, որը հոկտեմբերի կեսին պարտավորեցրեց Վարշավային անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումը մինչև դատաքննության ավարտը: Հայցի արդյունքը կարող է լինել ԵՄ-ում Լեհաստանին ժամանակավորապես զրկելը ձայնի իրավունքից:

Բացի դատական բարեփոխումից, Լեհաստանի և Բրյուսելի հարաբերությունների վրա ազդում են նաև տարաձայնությունները միգրացիոն քաղաքականության կապակցությամբ: Լեհաստանը հրաժարվում է ԵՄ-ի քվոտաներով փախստականներին տեղավորելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: