Հայերեն   English   Русский  

Հայուհու հետ լուսանկարի համար ադրբեջանցուն սպառնում են սպանել. haqqin.az


  
դիտումներ: 347

Ադրբեջանցի Թեհրան Բայրամովը haqqin.az կայքին պատմել է իր նկատմամբ հայրենակիցների վերաբերունքի մասին ՝ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկարվելուց հետո:

Երիտասարդը պատմել է, որ ինքը անցնել է ժամկետային զինծառայություն, որից հետո սկսել է ճանապարհորդել տարբեր երկրներում:

Ծնունդով Բաքվից Բայրամովը պատմել է, որ հայ աղջկա հետ ծանոթացել է համացանցով, նրանք սկզբում շփվել են երկու երկրների միջև պատերազմի թեմայով ու պարզել, որ երկուսն էլ դեմ են բռնությանը.«Եվ ես, և Ասյան դեմ ենք անմեղ մարդկանց սպանությանը»,- նշել է նա:

Որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են և որոշել հանդիպել Թբիլիսիում: Թեհրանն ու Ասյան անցկացրել են Թբիլիսում երկու օր, ինչից հետո աղջիկը վերադարձել է Հայաստան:

Բայրամովը խոստովանել է, որ այդ աստիճան խիստ բացասական արձագանք ու մեծ աղմուկ չէր սպասում: Երիտասարդը նշել է, որ ստացել է բազմաթիվ սպառնալիքներ:

Երիտասարդը կտրականապես հերքել է ադրբեջանական մամուլում հայտնված այն լուրերը, ըստ որոնց` նա ու Ասյան մտերիմ հարաբերությունների մեջ են ու անգամ պատրաստվում են ամուսնանալ:

«Դա սուտ է, մենք ուղղակի երկու երիտասարդ ենք, որոնք չեն ցանկանում պատերազմ: Մենք լավ ընկերներ ենք, ոչ ավելին», - ասել է Բայրամովը:

« Ասյան անհանգստանում էր լուսանկարները հրապարակելիս, հիմա էլ ինձ համար է անհանգստանում: Երբ կիսվում էի այդ լուսանկարներով՝ հույս ունեի միավորել մարդկանց: Սակայն արձագանքը չափից դուրս բացասական եղավ: Ես բախվեցի իմ դեմ վիրավորանքների հզոր ալիքի: Ինձ անպատվում էին, անգամ սպառնում սպանել: Սակայն ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս», - նշել է Բայրամովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: