Հայերեն   English   Русский  

Եթե ուսխորհուրդները վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա նրանց համար որևէ խնդիր չպետք է լինի. ԿԳ նախարարի պաշտոնակատարը՝ ԵՊՀ ուսանողներին


  
դիտումներ: 1414

Ամեն ինչ արվելու է օրենքի և օրինականության սահմաններում, այդտեղ որևէ մտահոգվելու կարիք չունեք.

ԵՊՀ ուսխորհրդի ղեկավար կազմի և բուհում բողոքի ակցիա անող ուսանողների հետ կարճատև հանդիպմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը,հաղորդում է Թերթ.ամը:

Ըստ նախարարի՝ ինքը մասամբ է տեղյակ երկու ուսանողական կառույցների միջև ստեղծված լարված իրավիճակից, և ասաց, որ ԿԳՆ փոխնախարարն է զբաղվում խնդրով:

Նշենք, որ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը երեկ ԵՊՀ-ում բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ ԵՊՀ ուսանողական խորհրդի՝ պահանջելով ուսխորհրդի լուծարում: Ըստ նրանց՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ ուսխորհրդի կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել, նաև չեն գումարվել կանոնադրությամբ սահմանված համագումարները։

Այսօր ի պաշտպանություն ուսխորհրդի՝ ուսանողների մի խումբ ակցիա էր իրականացնում: Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը մտավախություն է հայտնում, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը փորձում է լեգիտիմ ուսանողական խորհուրդը «կախման մեջ գցել ԿԳՆ-ից»:

Դավիթ Ափոյանը նախարարին տեղեկացրեց, որ իրենց բողոքը կապված է փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի գրության հետ, որ երկու իրար հակասող բովանդակությամբ գրություններ են ուղարկել տարբեր ուսանողական խմբերին, ինչն էլ լարվածություն է ստեղծել:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ չի կարծում, թե որևէ հակասական բան կարող է լինել այդ գրությունների մեջ:

Նշենք, որ ուսխորհրդին ԿԳՆ-ից իրենց ուղղված նամակում նշվել է, որ անհրաժեշտ է կանոնադրության համապատասխանեցում, իսկ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում ԿԳՆ-ը խոսել է ուսխորհրդի լուծարման մասին։

«Կարծում եմ՝ քննարկումների միջոցով հարցը կլուծվի, գիտեմ խնդիրը, ուսխորհրդի ձևավորման ընթացակարգերի խնդիրն է, և ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում բարեփոխումներ, փոփոխություններ և ռեստարտներ, կարծում եմ, որ ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլն անցնեն, և եթե ուսխորհուրդները վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա նրանց համար որևէ խնդիր չպետք է լինի»,- ասաց նա:



Դավիթ Ափոյանը նշեց, որ իրենք ընդունում են, որ կանոնադրական որոշակի անհամաձայնություններ կան: «Մենք պատրաստակամություն հայտնել ենք այդ փոփոխությունն անելու, իսկ լուծարման վերաբերյալ մենք գտնում ենք, որ մեր կառույցը բոլոր հիմքերով արդար ձևավորված է, բոլոր կուրսերից ներկայացուցիչներ կան: Ինչ վերաբերում է ընդհանուր ժողովին, պատրաստ ենք մեր կանոնադրությունը մշակել, որը կհաստատվի համագումարով, այլ ոչ թե կազմը լուծարելով, ներկայացնենք նախարարության հաստատմանը: Բայց շատ ուրախ կլինենք, որ նախարարությունն էլ տրամադրի օրինակելի տարբերակ, որը չենք կարողացել այս ընթացքում ստանալ»,- դիմելով Արայիկ Հարությունյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ օրենքը պահանջում է, որ ուսխորհուրդները ունենան կանոնադրություններ, և դրանք հաստատված լինեն նախարարության կողմից: «Ըստ էության, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ դա չի եղել, և հիմա մենք սկսել ենք գործընթաց, նաև մյուս բուհերի առումով, նրանք էլ դիմումներ են ներկայացրել, ԵՊՀ-ն էլ կներկայացնի, կքննարկենք: Ես ուրախ եմ, որ այլևս ԵՊՀ ուսանողներն այսպես ազատ, անկաշկանդ մտահոգությունները նման կերպ հայտնելու հնարավորություն ունեն»,-ասաց նա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: