Հայերեն   English   Русский  

​Համարձակ, աշխատասեր, նախաձեռնող...


  
դիտումներ: 4766

Նոյեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր:

Երիտասարդների, նրանց խնդիրների ու ձեռքբերումների շուրջ էլ զրուցել ենք Տաթև Դերզյանի (Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, մագիստրատուրա երկրորդ կուրս, մասնագիտացում՝ հանրային կառավարում, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի վերլուծաբաններիբաժնիտնօրեն), Լիլիթ Պետրոսյանի (Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, վեցերորդ կուրս) և Սիմոն Դարբինյանի (բժիշկ-ստոմատոլոգ, «Բացահայտենք մեր երկիրը» երիտասարդական ՀԿ-ի նախագահ) հետ:

Տաթևի կարծիքով՝ երիտասարդները հասարակության ամենաակտիվ հատվածն են, համարձակ, աշխատասեր, նախաձեռնող, պայքարող, լավ ապագայի ձգտող և միշտ բաց նոր գաղափարների համար:Ըստ նրա՝ բոլոր այն մարդիկ, որ ունեն այդ հատկանիշները,երիտասարդ են՝ առանց տարիքային սահմանափակման: Լիլիթի խոսքով էլ՝ երիտասարդները հասարակության կյանքում առանցքային դերակատարում ունեցող խումբ են, պետության հիմնաքարը, վաղվա օրվա տերերը՝ ստեղծագործ, կիրթ ու պահանջատեր: Սիմոնն էլ նշում է, որ երիտասարդությունը ավելի հասուն դրսևորումների, կայացման ժամանակահատված է՝ լեցուն սովորելու, ճանաչելու, ամեն ինչով հետաքրքրվելու մղումներով:

Հաջորդիվ անդրադարձանք հայ երիտասարդների մտահոգություններին և բնորոշ առանձնահատկություններին: Ըստ Լիլիթի՝ ներկայիս թվացյալ լայն հնարավորություններն իրականում շատ սահմանափակ են՝ ոչ բոլորին մատչելի ու հասանելի և´ ժամանակի, և´ ռեսուրսների առումով: Արդյունքում երիտասարդների մեծամասնությունը կամ կարողանում է միայն կրթություն ստանալ, կամ միայն աշխատել, իսկ իրականում նրանք պետք է ի վիճակի լինեն համատեղել կրթությունն ու աշխատանքային կարիերան, հասարակական ու քաղաքական գործունեությունը: Տաթևն էլ ցավով նկատում է, որ երևանաբնակ և մարզաբնակ երիտասարդների հնարավորությունները հավասար չեն: Վերջինների դեպքում դրանք առավել քան սահմանափակ են: Նա նաև ընդգծում է, որ միայն սովորելու, կամ դրան զուգահեռ հասարակական գործունեությամբ զբաղվելու կամ միայն աշխատելու որոշումներն անհատական ընտրության արդյունք են իրականում: Անգամ բուհում սովորելիս դիպլոմը, թե գիտելիքը նպատակակետ դարձնելն է խիստ անհատական: Սիմոնն էլ, լինելով Շիրակի մարզի ներկայացուցիչ, շեշտադրում է, որ երիտասարդների բնութագրական հատկանիշները հաճախ պայմանավորված են նաև իրենց ծննդավայրով և շրջապատող մարդկանց ունեցած ազդեցությամբ: Ըստ նրա՝ Գյումրիի երիտասարդներն ավելի ինքնամփոփ են և ավելի ուշ են ինքնուրույն դառնում, բայց լինելով զննող ու հետևողական, փորձում են բոլոր միջավայրերում արագորեն ինքնադրսևորվել: Իսկ ահա Երևանի երիտասարդության ապրելակերպն ունի իր թե´ ոգևորիչ, թե´ հիասթափեցնող կողմերը:

Զրուցակիցներս ներկայացրին նաև իրենց և ծնողների հնարավորությունների տարբերությունները: Ըստ Տաթևի՝ ամենամեծ տարբերությունը համացանցի առկայությունն է երիտասարդների կյանքում: Դրա փոխարեն իրենց ծնողներն ունեին մարդկային շփման լայն հնարավորություններ: Բայց դա չի խանգարում, որ սերունդների միջև երկխոսություն լինի: Լիլիթի կարծիքով՝ ներկայիս երիտասարդներն ավելի մեծ ու ավելի բաց ինֆորմացիայի տեր են, իսկ իրենց ծնողներն ավելի ճիշտ էին կարողանում օգտագործել ժամանակը: Ըստ նրա՝ չնայած երիտասարդ և ավագ սերունդների միջև առկա սահմաններին, շփման առումով խանգարող հանգամանքներ չկան: Ավագները շարունակում են մնալ փորձառության կրողը, իսկ երիտասարդները՝ ստեղծագործ մտածելակերպի, թարմ մոտեցումների:Սիմոնն էլ նկատում է, որ իրենց ծնողներն, անկախ բոլոր խնդիրներից, ապրել են մի տեսակ ուղղորդված կյանքով, իսկ անկախության սերնդի ներկայացուցիչներն իրենք են որոշում ինչ ուղղությամբ գնալ, ինչ գաղափարների կրող ու հետևող լինել: Եվ հենց այդտեղ էլ ծնվում են այն դժվարությունները, որոնց իրենց ծնողները չեն բախվել: Այսինքն՝ կա սովորելու ջիղ, աշխատելու ցանկություն, բայց այդ ամենն իրագործելու ճանապարհին երիտասարդները բախվում են շատ բարդությունների: Ըստ Սիմոնի՝ իրենք այսօր ավելի թելադրող են ու պահանջատեր, որի արդյունքում էլ երկխոսություն չի ձևավորվում երկու սերունդների միջև:

Խոսեցինք նաև հայ երիտասարդների առջև ծառացած դժվարություններից: Սիմոնը համոզված է, որ վերը նշած երկխոսության բացակայությունից էլ ծնվում են երիտասարդների խնդիրները: Նրանք հաճախ ընդդիմանում են ծնողներին՝ չհետևելով վերջիններիս խորհուրդներին և արդյունքում կանգնում են բարդ իրադրությունների առջև: Դրան հակառակ կա մի իրավիճակ, երբ ընտանիքում երիտասարդը չի ունենում լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն, հայտնվում է կախվածության մեջ, ինչը ևս խնդիր է: Կա նաև սոցիալ-կենցաղային դժվարություններին բախվելու պահը, երբ շատ երիտասարդներ զբաղվում են նրանով, ինչով չպետք է զբաղվեին, և ընտանիք պահելու ծանր բեռի տակ կքած անգամ չեն հասցնում ապրել իրենց կյանքի լավագույն տարիները կամ էլ այդ նույն սոցիալական խնդիրը լուծելու համար մեկնում են արտագնա աշխատանքի և այլն: Այդ դեպքում արդեն անիմաստ է դառնում խոսել ինքնադրսևորման և այլ հնարավորությունների մասին:

Լիլիթն էլ շարունակում է, որ դրա համար առաջին հերթին մեր երկրում պետք է լուծվի երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրը՝նրանց հնարավորություն ընձեռելով իրացնել սեփական կարողությունները: Ըստ նրա՝ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կրթությունը դարձել է բավական հասանելի, բայց դրանից հետո երիտասարդները մեծամասամբ կանգնում են իրենց ներուժը օգտագործել չկարողանալու, առկա պահանջներին հարմարվելու փաստերի առաջ:

Տաթևն էլ խնդիր է համարում երիտասարդների ունեցած սահմանափակ հնարավորությունները՝ համեմատած զարգացած երկրների: Կա նաև կրթության որակի, զբաղմունքների և ժամանացի ոլորտների ոչ բազմազանության հարցը: Բայց այս ամենով հանդերձ՝ երիտասարդները կարողանում են հաղթահարել խնդիրները, թեկուզ ժամանակից շուտ աշխատաշուկա մտնելով, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելով, հետագայում աշխատանքային փորձ ունենալու համար կամավորություն անելով և այլն: Նա հավելում է, որ թեև այսօր շատ են ստեղծվում ՀԿ-ներ, սկսնակ ձեռնարկություններ՝ հիմնականում հենց երիտասարդների առաջնորդմամբ, բայց նրանց ձայնը դեռևս առաջնային չէ երկրում: Պարզապես նկատելի է, թեկուզ հենց վերջին ամիսների իրադրություններից հետո, որ երիտասարդներն աստիճանաբար դառնում են քաղաքացիական հասարակության ակտիվ մաս, սկսում պատասխանատվություն զգալ Հայաստանի վաղվա օրվա համար: Լիլիթն էլ հավելում է, որ երիտասարդները, իրենց կարծիքն արտահայտելով, գրագետ ու նպատակասլաց քայլերով, կարողանում են նաև որոշակի ազդեցություն ունենալ երկրում ինչ-որ բաներ դեպի լավը փոխելու գործընթացներում: Սիմոնը, սակայն, ցույց է տալիս նաև երիտասարդների մի այլ խմբի դիմագիծ, որոնք հիասթափված են և գտնում են, որ այս երկրում այլևս հետաքրքրություն չկա, և իրենց ապագան չեն պատկերացնում Հայաստանում:

Այստեղ նա կարևորում է իր ղեկավարած՝ «Բացահայտենք մեր երկիրը» ՀԿ-ի փոքրիկ, բայց կարևոր գործունեությունն այն առումով, որ հնարավորություն են տալիս երիտասարդներին նախ ճանաչելու Հայաստանը, ապա սիրելու ու կապվելու, պատասխանատվությամբ լցվելու: Նա ընդգծում է, որ հաճախ հենց զբաղվածության պակասն է երիտասարդներին ստիպում նման վերաբերմունք ունենալ ոչ միայն երկրի, այլև թեկուզ հարազատների, շրջապատող միջավայրի հանդեպ:

Բայց Սիմոնը նաև համոզված է, որ եթե մարդն ուզենա ստեղծել իր համար այն միջավայրը, որտեղ կցանկանար ապրել, ապա անկախ ամենադժվար հանգամանքներից, կկարողանա դրսևորվել՝ դառնալով թելադրող, ոչ թե հարմարվող մեկը: Դրա համար նա ապագայի հեռանկարներ տեսնում է միայն Հայաստանում: Տաթևն էլ է համոզված, որ երիտասարդների ապագան իրենց ձեռքերում է: Նա այս երկրում, կախված աշխատասիրությունից ու նպատակամղվածությունից, հեռանկարներ է տեսնում բոլորի համար: Լիլիթն էլ մատնանշում է, որ Հայաստանում կայանալու համար ավելի մեծ ժամանակահատված է պետք, մեծ վճռականություն, ճանապարհին ամեն վայրկյան հանդիպող դժվարությունները հաղթահարելու արիություն: Այդքանով հանդերձ նրա գլխավոր երազանքը մասնագիտական առումով հաջողություններ գրանցելն ու այդ հաջողությունները Հայաստանում ծառայեցնելու հնարավորություն ունենալն է:

Տաթևն էլ ցանկանում է արտասահմանում կրթություն ստանալու մոտակա նպատակն իրագործելուց հետո Հայաստանում զբաղվել հասարակական գործունեությամբ, այսպես ասած՝ որոշակի բնագավառներում քաղաքականության մշակում քաղաքացիական հասարակության կողմից՝ պետական քաղաքականությանն օգնելու համար: Սիմոնն էլնպատակ ունի այնպես անել, որ ինչքան հնարավոր է շատ երիտասարդներ հրաժարվեն հայրենիքը լքելու մտքից: Նրա երազանքն է, որ ցանկացած ոք, անկախ տարիքից, իրեն մարդ զգա, ունենա երջանիկ լինելու հնարավորություն: Դրա համար նա ցանկանում է, որ երիտասարդները մշտապես բարձունքներ հաղթահարող լինեն՝ չկորցնելով առաջ գնալու ուժն ու եռանդը: Տաթևը խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել: Լիլիթն էլ եզրափակում է՝ մաղթելով հավատ սեփական ուժերի հանդեպ, առաջ գնալու վճռականություն և լավատեսություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: