Հայերեն   English   Русский  

Կես տարի անց, և ընտրություններից մեկ ամիս առաջ, իմ մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև հաստատվել են բազմաթիվ փաստերով և եղելություններով.Ավետիք Չալաբյան


  
դիտումներ: 602

Կես տարի առաջ, երբ հեղափոխությունը իր բարձրակետում էր, լավատեսական ակնկալիքները՝ հսկայական, իսկ Նիկոլը նոր էր դարձել վարչապետ,

ես գրել էի այն մասին, թե իմ պատկերացմամբ, ինչ է պետք անել հեղափոխությունը ժողովրդավարական ուղով տանելու համար։ Ինձ արդեն այն ժամանակ մտահոգում էր այն, որ դարերով օտարի լծի տակ ապրած մեր հասարակությունը, պահի ոգևորության տակ թոթափելով գործող ավտորիտար իշխանությունը, ժողովրդավարական երկիր կառուցելու փոխարեն, գնա նոր, արտաքուստ "ժողովրդական" ավտորիտար իշխանություն ձևավորելու ճանապարհով, և մենք կրկնենք այն հսկայական և թանկարժեք սխալը, որը արեցինք սրանից 25 տարի առաջ, երբ թույլ տվեցինք, որ կոմունիստներին ժողովրդավարական ընտրություններով հաղթած ՀՀՇ-ն մի քանի տարում վերածվեց ավտորիտար և հակաժողովրդական իշխանության։

Կես տարի անց, և ընտրություններից մեկ ամիս առաջ, իմ մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև հաստատվել են բազմաթիվ փաստերով և եղելություններով՝ նախորդ կես տարում հոդվածում իմ նշած բարեփոխումներից պրակտիկորեն ոչ մեկը չի իրականացվել, նույնիսկ նոր ընտրական օրենսգիրքը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումներից մեկը, չի ընդունվել (փաստացի, տապալվել է իր իսկ գործողությունների շնորհիվ), նախկին օլիգարխիան հիմա համատարած ինդուլգենցիաներ է ստանում Նիկոլին աջակցելու դիմաց, Երևանի ընտրությունները (ինչպես նաև Հրազդանում, Վաղարշապատում, Արմավիրում) իրականացվել են իշխանության բացարձակ շանտաժի և հոգեբանական ճնշման պայմաններում, և ՆԻկոլը չի էլ թաքցնում, որ հապճեպ հրավիրած արտահերթ ընտրությունների նպատակը 5 տարով իր կողմից բացարձակ, անսահմանափակ իշխանություն ստանալն է, որում ոչ միայն ինքը կունենա Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն, և փաստացի ցանկացած որոշում միանձնյա ընդունելու հնարավորություն, այլև իր "Փրկչի" կամքին կենթարկվի նաև նոմինալ ընդիմությունը, և իրեն ոչ մի հարցում չի հակազդի։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, թող նայի մինչ հիմա իրադարձությունների զարգացման վրա, անթիվ-անհամար սխալների, որոնցից յուրաքանչյուր արված է "ժողովրդի" իշխանության անվան տակ, և այն ագրեսիվության, որով Նիկոլը մինչև հիմա փորձել է ոչնչացրել է երկրում քաղաքական դաշտը, և իր նկատմամբ ցանկացած ընդիմությունը։ Եթե Նիկոլը բացարձակ իշխանություն ստանա, ինչպես ժամանակին ունեին իր նախորդները, այս ամենը շարունակվելու է, մեր բոլորի համար անկանխատեսելի հետևանքներով։

Իրականում լուծումը հավասարակշռված օրենսդիր իշխանություն ունենալն է, որում այսօրվա գործադիր իշխանությունը (իսկ նրա հաղթանակի հավանականությունը համարյա անկասկած է), կունենա առնվազն որակով հավասարարժեք ընդիմություն, երկրի համար առանցքային որոշումները նրա հետ բաց քննարկելու և համաձայնեցնելու անհրաժեշտություն, և արդյունքում, հասարակության առաջ իրական, ոչ թե "հրապարակային" հաշվետվողականություն։ Սա լավագույնն է, ինչ մենք կարող ենք ակնկալել այս ընտրություններից, և հանուն հաջորդ հինգ տարին նորմալ զարգանալու և խրոնիկ ճգնաժամից խուսափելու, արժե,որ հիմա դրա համար ջանք գործադրենք։ Թե ինչպիսի, կգրեմ հաջորդ գրառումներումս, իսկ մինչ այժմ այս գրառումով բացում եմ սեփական նախընտրական արշավը, որին ես անձամբ չեմ մասնակցում որպես պատգամավորության թեկնածու, բայց մասնակցում եմ որպես շահագռգռված կողմ՝ ընտրությունների միջոցով առաջ տանելու երկրի ժողովրդավարական զարգացումը, և արդյունքում ունենալու որակյալ ու պատասխանատու իշխանություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: