Հայերեն   English   Русский  

​Որտե՞ղ է քարից հաց քամող հայ ժողովուրդը


  
դիտումներ: 2131

Մի հանրահայտ ավանդություն կա Շապուհ և Արշակ թագավորների մասին, որ մեզ է հասել Փավստոս Բուզանդից,

թե ինչպես էր Արշակը խեղճանում, երբ քայլում էր պարսից գետնի վրա, և հոխորտում, երբ ինքն էլ չիմանալով՝ անցնում էր Հայաստանից բերած հող շաղ տված մասով:

Այս փոխաբերական իմաստ ունեցող դիպվածն այսօր հաճախակի է մեզ ստիպում հիշել Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ասես միանգամայն երկու տարբեր մարդկանց ենք տեսնում, երբ վարչապետը դրսում է լինում, օտար երկրների ղեկավարների հետ հանդիպելիս, և երբ մեր հողում է ու հանդես է գալիս մեր առջև: Զարմանալի փոխակերպում: Մի դեպքում բարեհամբույր, ժպտերես, խաղաղասեր ու այնքան ներողամիտ մարդու ենք տեսնում, որ նույնիսկ տպավորվում է մեր ոխերիմ հակառակորդի կրթված կեցվածքից, և միանգամայն ուրիշ մեկին, երբ հանդես է գալիս հայաստանյան ամբիոններից իր անզիջում քննադատությամբ ու անողոք մեղադրանքներով:

Առհասարակ փոխակերպվելու առումով թերագնահատել մեր վարչապետի պաշտոնակատարին, կնշանակի մեղանչել արդարության դեմ: Եվ պետք է ասել, որ վերջին օրերին նա այդ առումով ուղղակի գերազանցեց ինքն իրեն:

Խոսքը Աստանա կատարած նրա այցի մասին է, ուր մասնակցեց ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքը հայաստանցիներիս հետաքրքրում էր նախևառաջ մի հարցով՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանը պաշտպանել իր դիրքորոշումը և պահպանել գլխավոր քարտուղարի աթոռը մինչև սահմանված ժամկետի ավարտը: Ոչինչ չիմացանք, ավելի շուտ այն, ինչ մինչ այդ էլ գիտեինք: Հայաստանն ամենայն հավանականությամբ կորցրել է այդ տեղը, և երկընտրանքը երկու երկրների թեկնածուների միջև է՝ Ռուսաստանի և Բելառուսի: Թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը և՛ նեղ, և՛ ընդլայնված քննարկման ժամանակ, հայտնի չէ: Մեր կառավարության միակ պաշտոնական հաղորդագրությունն այն մասին է, որ «կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում»:

Փոխարենը լայնորեն տարածվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց երկու առանձին հատվածներով: Կառավարության կայքում տեղադրվեց միայն այն հատվածը (պատահաբա՞ր), երբ Փաշինյանի խոսքը դրական շեշտադրումներով է համայն հայության միասնականության ու նրա ողջ ներուժի օգտագործման, հայության համընդհանուր նպատակի ձևակերպման, հեղափոխության բերած դրական ազդակների, ժողովրդավարության անշրջելիության, հայրենիքում ներդրումներ անելու ազգնավեր սխրանքի և այլնի մասին: Իսկ տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվեց հատկապես այն հատվածը, երբ նա կրկին իր տարերքի մեջ է և քննադատության իր հերթական նետերն է արձակում: Ըստ երևույթին, պրն. վարչապետի պաշտոնակատարը, հայազգի ունկնդիրների աչքերին նայելով, մի պահ իրեն հայոց հողում զգաց: Բայց այս անգամ անակնկալն այն էր, որ քննադատության թիրախ դարձան ոչ թե նախկին իշխանությունները, ոչ թե քրեաօլիգարխիկ տարրերը և ՀՀԿ-ն, այլ Հայաստանում բնակվող ժողովուրդը: Այն «հպարտ» ժողովուրդը, որին դեռ մինչև մի քանի օր առաջ նա սրտառուչ սիրո խոստովանություններ էր անում:

«Մարդիկ հին իներցիայով ասում են՝ աշխատանք լինի աշխատենք: Որտեղ գնում եմ, ասում են՝ աշխատանք լինի աշխատենք, հետո հարցուփորձ ենք անում, հիսուն մետր էն կողմ աշխատանք կա թափուր, և սեփականատերը ասում է 4 տարի ա՝ ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատության նպաստից կզրկվեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։ 350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800 հազար մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350 հազար մարդ ճռռում ա, 800 հազար մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռռա»։

Դժվար է ասել՝ այս «հանճարեղ» միտքը նրա խելոք խորհրդականնե՞րն են մատուցել, թե՞ ինքն է հղացել, երբ թվեր են դեմ տվել (ի դեպ, որոնք ստույգ չեն): Հնարավո՞ր է պատկերացնել որևէ երկրի առաջնորդ, որը իր երկրի տնտեսության ու բնակչության զբաղվածության մասին այսպիսի եզրակացություններ անի: Բայց մի բան չափազանց ակնհայտ է, այս խոսքի հեղինակը դեռևս չի թոթափել լրագրողի, ապա ընդդիմադիր պատգամավորի և հեղափոխության առաջնորդի «ծիրանին» և իր ներկայիս պաշտոնի ողջ պատասխանատվությունը դեռևս լիովին չի գիտակցել: Մարդն ամբողջ կյանքում միայն բողոքել ու քննադատել է, և որքան էլ կարողանում է ըստ ժամանակի, ըստ հանգամանքների ու հարթակների փոխակերպվել, ամենագլխավոր փոխակերպումը դեռևս չի հաղթահարել: Եվ տարօրինակ չէ, որն ինքն էլ իր խոսքում որպես իր արտահայտած մտքի հիմնավորում հղում է անում իր իսկ հարյուրավոր հոդվածներին: Թեպետ արդարությունը պահանջում է ասել, որ այս բացառիկ միտքն աններելի է անգամ սկսնակ լրագրողին, որը համալսարանում ուսանելու հենց առաջին տարիներին պիտի իմանար, որ չի կարելի իրեն հանդիպած մեկ-երկու մարդու օրինակով եզրակացություն անել մի ամբողջ բնակչության մասին, այլ պետք է հարցուփորձ անել երևույթի երկու կողմերին էլ և օգտվել գիտական ուսումնասիրություններից ու մասնագետների հետ խորհրդակցություններից:

Լավ, մի պահ համոզենք մեզ և ընդունենք Փաշինյանի վարկածը. մեր երկրում 800 հազար մարդ փաստորեն ձրիակեր է, որ ելել է այն 350 հազար աշխատողների շալակը և ստիպում է ճռռալ նրանց, որպեսզի ապահվեն իրեն բարեկեցիկ կյանքով: Բայց միանգամից հարց է ծագում՝ երբ պրն. Փաշինյանը հրապարակում կամ ուղիղ եթերով դիմում է «ժողովրդին», ո՞ւմ նկատի ունի, 800 հազարի՞ն, թե՞ Ճռռացողներին: Եվ ո՞վ էր ապրիլ-մայիսին հեղափոխություն անում, օրերով քայլում, հրապարակներում անցկացնում, ճանապարհներ փակում, ճռռացողնե՞րը, թե՞… Երբ այսպես կոչված հեղափոխականների կամ սպիտակների յուրաքանչյուր խոսք սկսվում է «ժողովրդի կամքով», «ժողովրդի պահանջով», «ժողովրդի ճնշմամբ», «ժողովրդի ընտրությամբ» և նման արտահայտություններով, որի՞ն նկատի ունեն: Եվ ո՞ւր կորավ ավանդաբար, դարեր ի վեր աշխատասեր համարվող, քարից հաց քամող հայ ժողովուրդը, ցուցարարների շարքերո՞ւմ, բռնի փակվող ճանապարհների՞ն, հեղափոխականների «հանճարեղ» գլուխներո՞ւմ, թե՞ նորաթուխ իշխանավորների տաքուկ առանձնասենյակներում:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: