Հայերեն   English   Русский  

Գյումրեցիներն այսօր շտապում են Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին:


  
դիտումներ: 618

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալու անվանի ծանրորդին:

Յուրի Վարդանյանին հարգանքի տուրք մատուցելու են գալիս բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, մարզիկները, ընկերներն ու հարազատները, բոլոր նրանք, ովքեր հպարտությամբ հիշելով մեծ ծանրորդի հաղթական ուղին, նշում են՝ նպատակասլացության ու հզոր կամքի, ինչպես նաև երբեք չմեծամտանալու ու միշտ համեստ մնալու շնորհիվ է գրանցել այդքան հաղթանակներ:

Жители Гюмри простились с Юрием Варданяном

Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստան վերադառնալով՝ անմիջապես օդանավակայանից Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցի էր եկել ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

Жители Гюмри простились с Юрием Варданяном

Գյումրեցիներն ասում են՝ ոչ միայն լավ մարզիկ էր, այլ լավ մարդ, ընկեր, բարեկամ ու նվիրյալ էր:Նա աշխարհի 43 ռեկորդ սահմանեց, որից 6-ը երիտասարդական. 9-ակի աշխարհի չեմպիոն էր, օլիմպիական չեմպիոն և եթե չլինեին քաղաքական խաղերը, հիմա կլիներ օլիմպիական երկակի ու եռակի չեմպիոն:

Յուրի Վարդանյան

Հայտնի բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը հիշում է՝ անմոռանալի են այն օրերը, երբ մի խումբ գյումրեցիներով Մոսկվա մեկնեցին օլիմպիական խաղերը տեսնելու:

«Մոտ 50 գյումրեցի դահլիճում մի տեղ էինք հավաքվել ու երբ Յուրան մոտենում էր ծանարձողին ամեն անգամ մեծ ոգևորությամբ էինք դիմավորում նրան: Հիմնական ռեկորդները հենց այդ օլիմպիական խաղերին գրանցեց: Յուրան ուրիշ մարդ էր: Ոչինչ ու ոչ մի բան նրան չփոխեց: Նա մինչև վերջ գյումրեցի ու միշտ հավատարիմ , մնաց հայրենի քաղաքին ու, թեև գրական էր խոսում, բայց գյումրեցու շեշտադրությունը կար նրա խոսքում: Նրանից հետո եկած մարզիկները փորձում էին նրան նմանվել՝ դա էլ մեծ լումա էր մարզական ոլորտի զարգացման գործն»,-նշեց Ֆելիքս Գրիգորյանը:

Քրոջ որդին՝ Հարություն Եղոյանը գնաց քեռու հետքերով, ասում են՝ շատ է նման քեռուն, ճիշտ է՝ փոքրամարմին է, բայց ծանրաձողն իրենով է անում հենց քեռու պես: «Հետերկրաշարժյան տարիներին էի մարզվում, շատ դժվար օրեր էին, բայց շատ էր հպարտանում իմ հաջողություններով, նույնիսկ իր օլիմպիական համազգեստն ինձ նվիրեց, երբ տեսավ իմ հաջողությունները»,-պատմում է այսօր արդեն ծանրամարտի մարզիչ Հարություն Եղոյանը՝ հավելելով, որ Յուրի Վարդանյանի հաջողության ամենամեծ գաղտնիքը՝ ձեռքբերվածով երբեք չբավարարվելն էր:

Վարդանյանը ծնվել էր 1956 թվականի հունիսի 13-ին։

1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը։

1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։

1980 թվականին օլիմպիական չեմպիոն։

1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։

1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։

1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։

1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։

2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: