Հայերեն   English   Русский  

Սարգիս Վարդանյան. «Թուրք մրցակցին հաղթելը կրկնակի պատվաբեր է ու ոգևորիչ»


  
դիտումներ: 3956

Թուրքիայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի ընթացքում հայազգի Սարգիս Վարդանյանը պատվաբեր հաղթանակ տոնեց թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է հաղթանակից ստացած տպավորություններով և խոսում առաջիկա մենամարտի մասին:

-Հայ մարզիկների համար այնքան էլ հեշտ չէ հանդես գալ Թուրքիայում, առավել ևս, պայքարել թուրք մրցակցի դեմ:

-Երբ թուրք մրցակցի հետ եմ մենամարտում, պատասխանատվությունն ավելի մեծ է լինում: Կրկնակի եռանդով եմ սկսում մարզվել: Ամեն բան անում եմ հոգեբանորեն տրամադրվելու և հաղթելու համար:
Մենամարտից առաջ Թուրքիայում ևս պետք է մարզումներ անցկացնեի՝ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, սակայն մենամարտը նախատեսվածից շուտ տեղի ունեցավ: Ես հանդես եկա 70 կգ քաշային կարգում՝ կարճ ժամանակում 15 կգ քաշ գցելով:
Մենամարտը բավական դիտարժան ստացվեց: Մրցակիցս տարբեր ոճերով էր հանդես գալիս. նախ հարվածներով փորձեց հաջողության հասնել, հետո՝ ըմբշամարտի հնարքներ կիրառելով: Սակայն, տակտիկաս ընթացքում փոփոխելով, կարողացա հաղթել նրան:

Սարգիս Վարդանյան

Նախապես պլանավորել էինք, որ ժամանակից շուտ պետք է ավարտեի մենամարտը` նոկաուտի ենթարկելով մրցակցիս: Ընթացքում որոշեցինք ռիսկի չդիմել և ավելի զգույշ գործել: 3-րդ ռաունդի վերջում թուրք մարզիկն ամբողջովին սպառեց ուժերը՝ չկարողանալով անգամ ոտքի ելնել:
Նման հաղթանակները ոչ միայն իմն են, այլև ողջ ժողովրդինը: Թուրք մրցակցին հաղթելը կրկնակի պատվաբեր է ու ոգևորիչ: Ամեն գնով փորձում եմ իմ հաջողություններով ու հաղթանակներով ուրախացնել հայրենակիցներիս: Կարիերայիս ընթացքում մի շարք հաղթանակներ եմ տոնել, սակայն այս հաղթանակը տպավորիչ է ու առանձնահատուկ: Գիիտեի, որ սխալվելու իրավունք չունեմ:

-Ե՞րբ է կայանալու Ձեր հաջորդ մենամարտը: Արդեն սկսե՞լ եք նախապատրաստվել:

-Հաջորդ մենամարտս կայանալու է դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորում: Վարկանիշային մենամարտ է լինելու: Արդյունքները գրանցվելու են sherdog.com-ում: Այս կայքում ներկայացվում են պրոֆեսիոնալ մարզիկների բոլոր տվյալները: Կայքում երևում է մարզիկի վիճակագրությունը` ըստ ժամանակացույցի անցկացրած մենամարտերի քանակը, հաղթանակները և պարտությունները:
Ես 2 հաղթանակ արդեն ունեմ՝ անցկացրած 2 մենամարտերից: Հաղթանակը հնարավորություն կտա ռեյտնիգով բարձր մենամարտերի մասնակցելու:
Ուրախալի է, որ Հայաստանում անցկացվում են ռեյտինգային մենամարտեր: Ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ մենամարտերս չէին կայանում, ուստի հայաստանյան հանդիպումն անչափ կարևոր է ու սպասված: ''Արմֆայթինգի'' ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում և անցկացնում է պրոֆեսիոնալ մենամարտեր, որոնց մասնակցում են փորձառու մարզիկներ:
Դեկտեմբերի 1-ին հանդես կգամ 73 կգ քաշային կարգում: Այժմ հետևողական մարզումներ եմ անցկացնում: Ինչպես ասում են, հայրենիքում օգնում են անգամ տան պատերը: Ավելի վստահ ու հանգիստ եմ, քանի որ զգում եմ հայրենակիցներիս աջակցությունը:

-Տեղյակ եմ, որ տարիներ շարունակ զբաղվել եք բռնցքամարտով: Ինչպե՞ս սկսեցիք հանդես գալ պրոֆեսիոնալ մեամարտերում:

-Բռնցքամարտով զբաղվել եմ բավական երկար ժամանակ, սակայն ինձ միշտ էլ ոգևորում էին ընդհանուր մենամարտերը, որոնց հետևում էի հեռուստացույցով: Բռնցքամարտից հետո որոշ ժամանակ զբաղվել եմ նաև քիք բոքսինգով: Հասկացա, որ նվիրված աշխատանքի դեպքում կարող եմ հաջողության հասնել պրոֆեսիոնալ մեամարտերում: Ռուսաստանում մարզվելիս սկսեցի զբաղվել նաև ըմբշամարտով:
Այժմ հիմնական մարզումներին զուգահեռ զբաղվում եմ ազատ ոճի ըմբշամարտով` պարտեր դրությունում ավելի կայուն մնալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: