Հայերեն   English   Русский  

Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի (լուսանկար)


  
դիտումներ: 3428

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ստեղծվել է 1957 թվականին Սերգեյ Մերգելյանինախաձեռնությամբ:

Սկզբում այն կոչվել է Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Ինստիտուտում աշխատել և աշխատում են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են՝ Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ: Ինստիտուտն այսօր ֆինանսավորվում է մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունի նաև միջազգային գրանտներ։

երգեյ Մերգելյան

Համագործակցում է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության և այլն, նախարարությունների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում 20-ից ավելի միջազգային նախագծեր է իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար ինստիտուտը պետական աջակցության կարիք ունի՝ ստեղծելու ազգային սուպերհամակարգչային կենտրոն. «Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով: Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր»,-նշում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Սահակյանը։

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Վ. Սահակյանը փաստում է, որ ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում համարվում է ամենահեռանկարայինը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ ամեն տարի բավական բարձր դիմելիություն է լինում: Իրենց ինստիտուտը մասնագիտացված է այս ոլորտի մի շարք ուղղություններում. «Իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները»,-փաստում է Վ. Սահակյանը:

Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան 65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ ASNET.AM-ը. «Ինստիտուտն իր ASNET.AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որ չունի ոչ մի ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել eduroam համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ: Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված»,-փաստում է Վ. Սահակյանը:

46204881_259775738065712_8664229906948816896_n

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:

Ինստիտուտը 1990-ականների կեսերից համագործակցելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որն աջակցում է ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին, կապեր ապահովում Եվրամիության, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի հետ՝ ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ ստեղծելու իր նախագիծը: Կենտրոնը աջակցել է, և ինստիտուտը ստեղծել է հարյուր քսանհինգ պրոցեսորանոց համակարգ, որն այն ժամանակ տարածաշրջանում ամենահզորն էր. «Մենք տարբեր համակարգիչներ, միացրինք իրար, ստեղծեցինք առանձին հզոր մայր համակարգիչ, որը ղեկավարում էր մյուսների աշխատանքը: Այն անվանեցինք Արմկլաստեր: 2004 թ.ԱՊՀ-ում այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը: Բայց ստեղծելու պահին երկրորդն էինք, Ռուսաստանից հետո: Այդ աշխատանքի համար արժանացանք ՀՀ նախագահի մրցանակին: Եվրոպական հանձնաժողովը որոշեց մեր կլաստերը կապել եվրոպական միջավայրի հետ: Սկսվեց նախագծերի մի նոր փուլ, որը շարունակեց ֆինանսավորել ՄԳՏԿ-ն: Ստեղծեցինք ևս չորս կլաստեր ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ֆիզիկայի և մեր ինստիտուտներում, նաև Վրաստանի ֆիզիկայի ինստիտուտում: Դրանք կապեցինք իրար և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին՝ ծառայությունը անվանելով Արմգրիդ: Այդ կլաստերների հենքի վրա ծառայությունը հայկական գիտական համայնքին տրամադրում է ՏՏ պլատֆորմ»,-նշում է Վ. Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Իրականացնում են մագիստրոսական ուսուցում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով. «Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիայի Թուլուզի համալսարան: Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ ընդունում ենք ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ»,-փասում է Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը մեր երիտասարդների գիտական պոտենցիալը շատ մեծ է համարում: Նա միայն մի մտավախություն ունի՝ երիտասարդներին չխրախուսելու դեպքում ՏՏ ոլորտում մենք լճացում կունենանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: