Հայերեն   English   Русский  

Պատժամիջոցներն ու Իրանը․ ո՞վ կհաղթի տնտեսական պատերազմում


  
դիտումներ: 1276

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել։ Եռամյա դադարից հետո Իրանը

նորից աստիճանաբար զրկվում է Արևմուտքի հետ բիզնես վարելու հնարավորությունից, իսկ նավթի վաճառքից ստացվող եկամուտները վտանգի տակ են, ինչպես նաև այդ երկիրը դուրս է թողնվել միջազգային Swift վճարային համակարգից։

ԱՄՆ-ն հույս ունի, որ տնտեսական պատժամիջոցների պատճառով առաջացած աղքատությունը կստիպի Իրանի իշխանություններին հրաժարվել միջուկային ծրագրից, ինչպես նաև Իրանը կդադարի աջակցել Ասադին Սիրիայում, Հզբոլահին Լիբանանում և Մերձավոր արևելքում Արևմուտքին հակադրվող այլ ուժերին։

Թեհրանում համոզված են, որ պատժամիջոցների բուն նպատակը ոչ թե բանակցություններն են, այլ իշխանափոխությունը։Իրանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որնման դժվարություններ չէ, որ հաղթահարել են և չեն պատրաստվում հանձնվել։

«ԱՄՆ-ն անխուսափելիորեն պարտություն կկրի: Ճանապարհը, որը նա ընտրել է, սխալ է: Բոլորի համար ակնհայտ է, որ վոլյունտարիստական պատժամիջոցներն ուղղված եմ մեր ժողովրդի դեմ»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Հին-նոր պատժամիջոցներ

Իրանի համար պատժամիջոցները նորություն չեն։ Արդեն մի քանի տասնամյակ է, այս երկիրը ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվում։ Սահմանափակումների մեծ մասը դադարել էր գործել երեք տարի առաջ, երբ Իրանի և վեցնյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև համաձայնություն ձեռք բերվեց։ Հազիվ էր Իրանը հասցրել շունչ քաշել, ԱՄՆ-ում իշխանության եկած Թրամփը որոշեցվերագործարկել պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել էր 2015-ին և ուժի մեջ մտել 2016-ից։ Այս տարվա գարնանը, սակայն, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ պահանջելով ավելի խիստ պայմաններով նոր համաձայնագրի կնքում։ Արդյունքում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերագործարկվեցին երկու փուլով։ Օգոստոսիցարգելված է Իրանին դոլարի վաճառքը կամ փոխանցումը, այդ երկրի հետ ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտուրը, իրանական ռիալով գործարքները, ուղևորատար ինքնաթիռների մատակարարումը Իրանին, այդ երկրից շքեղության պարագաների, այդ թվում և գորգերի ու սև խավիարի ներկրումը, արդյունաբերական նշանակություն ունեցող ծրագրային ապահովման վաճառքը և այլն։

Իսկ արդեն նոյեմբերից ուժի մեջ ենմտել երեք հիմնական սահմանափակումները․

  • Իրանի հետ նավթի առևտուրը շարունակող երկրների բանկերի հետ դոլարային գործարքները կարգելվեն,
  • պատժամիջոցներ կկիրառվեն իրանական նավահանգիստների, ինչպես նաև էներգետիկ, նավաշինարարական ոլորտների նկատմամբ
  • կսառեցվեն իրանական կողմի՝ միջազգային բանկերում առկա հաշիվները, և համագործակցությունը այդ երկրի կենտրոնական բանկի հետ։

ԱՄՆ-ն ամերիկյան բիզնեսին վաղուց էր արգելել Իրանի հետ համագործակցությունը։ Եվ միջուկային համաձայնագիրը չէր պարտավորեցնում ԱՄՆ-ին հրաժարվել սեփական արգելքներից։ Իսկ մյուս երկրներինԱՄՆ-ն այդ պատժամիջոցներին հետևել կարող է ստիպել միայն դոլարային հաշիվների մուտքը սառեցնելով։ Ամերիկյան դոլարը միջազգայինպահուստային արժույթ է և միջազգային առևտրի վճարային միավոր։ Ուստի ամերիկյան ֆինանսական համակարգ մուտքից զրկվելու սպառնալիքը ծանրակշիռ փաստարկ է շատ երկրների համար։

Նավթային գործարքների առումով ԱՄՆ-ն ներկայում 6-ամսյա բացառություն է սահմանել 8 երկրների համար։ Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան և Թայվանը։

Պատժամիջոցներ սահմանելիս ակնկալվում էր, որ իրանական նավթի փոխարեն պակասորդը կմատակարարի Սաուդյան Արաբիան։ Սակայն պատժամիջոցների ամբողջական կիրառումից առաջ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում՝ պայմանավորված սաուդցի լրագրողի սպանությամբ Թուրքիայում։

ԱՄՆ-ին նախկինում էլ չի հաջողվել զրոյի հասցնել Իրանում նավթից ստացվող հասույթը։ Այս անգամ առավել բարդ կլինի, քանի որ նրա եվրոպական գործընկերները մտադիր ենկատարել միջուկային համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունները։ ԵՄ երկրները Ֆրանսիայի գլխավորությամբ ուղիներ են փնտրում, որով կկարողանան Իրանից շարունակել նավթ գնել և դրա դիմաց վճարել միջնորդավորված կերպով՝ այդպիսով խուսափելով պատժամիջոցներից։ Որքանով դա կստացվի, դեռևս հստակ չէ։ Նշենք, որ եվրոպական երկրները չէին ցանկանում նաև, որ իրանը դուրս մնա միջազգային SWIFT վճարային համակարգից, որը տեղակայված է Բելգիայում, սակայն չստացվեց։ Իրանական բանկերը դուրս են մնացել այս համակարգից։ Երկրի ներսում դա խնդիր չի առաջացնում, քանի որ Իրանը վաղուց սեփական վճարային համակարգն է մշակել։ Սակայն միջազգային առևտրում վիճակը խնդրահարույց է։

Հակամարտության ակունքները

ԱՄՆ-Իրան հակամարտությունը վաղեմի պատմություն ունի և սկսվել է դեռ 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր։ 1984-ին Իրանը դասվել է ահաբեկչության աջակիցների շարքը և նրա նկատմամբ զանգվածային պատժամիջոցներ են կիրառվել։ Աշխարհը, սակայն, այդ տնտեսական հակամարտությանը չէր խառնվում մինչև 21-րդ դարի սկիզբ, երբ ՄԱԿ-ը կասկածեց, որ Իրանը ուրան է հարստացնում միջուկային զենք ստանալու նպատակով։

2010-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, որոնք բավականին նման էին ամերիկյանին։ 2012-ին ԵՄ-ն ամբողջությամբ դադարեց Իրանից նավթի գնումը։ 2013-ին Իրանը որոշակի զիջումների գնաց պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Իսկ 2015-ին կնքվեց հայտնի միջուկային համաձայնագիրը վեցնայկի հետ։

Իրանը նավթի ու գազի պաշարներով աշխարհում առաջատար եռյակում է։ Եվ այդ երկրի տնտեսության 20 տոկոսը և բյուջեի եկամուտների մոտ կեսը պայմանավորված են էներգակիրների վաճառքով։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն պատժամիջոցների համար հենց այս ոլորտն է ընտրել։

ՄԱԿ-ի դիրքորոշումը

Նշենք, որ այս անգամ ՄԱԿ-ը ոչ միայն չի աջակցում հակաիրանական պատժամիջոցներին, այլ նաև մտահոգված է շարքային քաղաքացիների վրա դրանց ազդեցությամբ։ ՄԱԿ-ում թեմատիկ հատուկ զեկույցի ժամանակ նշվել է, որ «սովորական քաղաքացիների իրավունքների ոտնահարումը չպետք է օգտագործվի որպես երկրի վրա քաղաքական ճնշման միջոց»։

ՄԱԿ-ում մտահոգված են, որ պատժամիջոցների կիրառումից ի վեր դժվարացել է Իրան հումանիտար օգնության առաքումը։ Մինչդեռ այդ օգնության կարիքն ունեցողների թիվը գնալով աճում է։

«Տնտեսական պատժամիջոցներից ևս մարդիկ մահանում են։ Պատճառը ոչ թե պայթուցիկներն են, այլ սննդի և դեղորայքի պակասը։ Պատերազմի նման տեսակը, որը հենվում է սովի և հիվանդության վրա, պետք է միջազգային հանրության ուշադրությանը արժանանա, ինչպես և ցանկացած այլ հակամարտություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Հեղափոխության հեռանկարը

Ուշագրավ է, որ միջազգային մի շարք վերլուծաբաններ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունն Իրանի նկատմամբ սխալ են համարում՝ կարծիք հայտնելով, որ այդպիսով ոչ միայն հեղափոխության համար հիմքեր չեն ստեղծվումա յդ երկրում, այլ հակառակը՝ հնարավոր այլախոհությունըխստորեն ճնշելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Որպես հիմնավորում նշվում է, որ իրանական հասարակության մոտ այսպիսով առավել կխորանա անվստահությունն ԱՄՆ-ի հանդեպ։ Իսկ դա իր հերթին 2020-2021թթ․ ընտրություններին արմատական պահպանողական ուժերին իշխանության գալու հնարավորություն կարող է տալ։ Մինչդեռ ներկայիս նախագահ Ռոուհանին իշխանության էր եկել բարեփոխումների և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ծրագրով։

Իրանական փորձագետներն էլ վստահություն են հայտնում, որ կարճ ժամանակ անց Իրանը նորից կադապտացվիտնտեսական ճգնաժամային վիճակին՝ իրավիճակից դուրս գալով առավել ուժեղացած։

Հայ-իրանական հարաբերությունները

Մասնագետների կարծիքով՝ Թրամփի ադմինիստրացիան, ինչպես և նախկինում Օբամայի ադմինիստրացիան, ըմբռնումով կմոտենահայ-իրանական հարաբերություններին՝ հաշվի առնելով Հայաստանի փակ սահմանները։

Իրանագետ Արմեն Իսրայելյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում որքան Իրանն է կարևոր Հայաստանի համար, այնքան էլ Հայաստանն է կարևոր Իրանի համար։ Ուստի Հայաստանը պետք է փորձի օգտվել իրավիճակից։ Միևնույն ժամանակ իրանագետը նշում է, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն այն ծավալը չունեն, որ անհանգստացնեն ԱՄՆ-ին կամ վտանգեն նրա տարածաշրջանային շահերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: