Հայերեն   English   Русский  

Սեռական կյանքը 50-ից հետո. «Տարիքը լուրջ գործոն չէ»


  
դիտումներ: 2500

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն վնասակար է:

Այս պատկերացումը, մասնագետների խոսքերով, խոր մոլորություն է, քանի որ մարդկանց սեռական հակումը (լիբիդոն) տարիքի հետ, իհարկե, նվազում է, սակայն լիովին չի մարում, և մեծ տարիքում սեռական ակտիվությունը նույնքան բնական երևույթ է, որքան սեռական հասունության շրջանում:

Սեքսուալ խնդիրները մարդիկ հաճախ կապում են տարիքի հետ` համոզված լինելով, որ 40 տարեկանից հետո նվազում և աստիճանաբար անհետանում է մարդու թե’ սեռական ցանկությունը, թե’ հնարավորությունները: Բժիշկ-սեքսոլոգների մոտ նման կարծրատիպերը միայն ժպիտ են առաջացնում:

«Ո՞վ ասաց, որ սեռականությունը մարում է 40 տարեկանում: Դա նույնն է, եթե ասենք, որ մարդու հոտառությունը դադարում է 40 տարեկանում», – ասում է բժիշկ-սեքսոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Ըստ Շահրամանյանի՝ նման կարծրատիպերն առաջանում են դեզինֆորմացիայի հետևանքով, որոնցից տուժում են հասարակության բոլոր տարիքային խմբերը:

«Եթե մարդիկ, մանավանդ մեծահասակները, ստանան ճիշտ, գրագետ ինֆորմացիա, շփվեն սեքսոլոգների հետ, իրենք էլ կհամոզվեն, որ տարիքն այդքան էլ լուրջ գործոն չէ , – ասում է Վրեժ Շահրամանյանը: – Իսկ լռելը, չխոսելն, ամեն ինչ իր մեջ պահելը և սեփական անհիմն, գիտական հիմքերից զուրկ ինֆորմացիայով առաջնորդվելը, այո, ժամանակի ընթացքում բերում են նրան, որ 50-ամյա անձնավորությունը սեռական կյանքին նայում է ինչպես մի անհասանելի երևույթի»:
Հաճախ կարելի է լսել, թե տարեցների համար սեռական կյանքը վնասակար է: Բժիշկ-սեքսոլոգը նման կարծիքները սխալ է համարում և նշում է, որ հենց սեռական անբավարարվածությունը կարող է ախտաբանական պրոցեսների պատճառ դառնալ ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների մոտ:

«Կլիմաքսի շրջան ապրող թե’ կանանց, թե’ տղամարդկանց ներշնչելը, թե այդ հասակում սեռական կյանքն իբր վտանգավոր է կամ վնասակար, պարզապես անհեթեթություն է: Դրա հետևանքով հաճախ ի հայտ են գալիս մելանխոլիկ ծանր նևրոզներ, որոնք կարող են հոգեբանորեն ծանրացնել մարդու հետագա կյանքը», – նշում է Շահրամանյանը:
Սեռական առողջության մասին պետք է սկսել հոգ տանել երիտասարդ տարիքից` մեծահասակ տարիքում առողջ սեռականություն ունենալու համար:

«Սեռական ֆունկցիան, իհարկե, հավերժ չէ, բայց եթե երիտասարդը վարի սեռապես առողջ կենսակերպ, ապա սեռական ֆունկցիան, մասնավորապես լիբիդոն, հնարավոր է պահպանել մինչև խոր ծերություն: Տղամարդկանց դեպքում՝ նաև պոտենցիան: Ճիշտ է, այն չի լինի այնպիսին, ինչպես երիտասարդ տարիքում, բայց այն կպահպանվի մինչեւ պատկառելի տարիք», – ասում է բժիշկը:
Տարեցների սեռական ակտիվությունը տարբեր է` կապված անհատական առանձնահատկություններից. «Այն մարդիկ, որոնց սեռական հակումն ու գրգռականությունը երիտասարդ ժամանակ բուռն և ուժգին են դրսևորվել, իրենց սեռական ակտիվությունը պահպանում են մինչեւ խորը ծերություն՝ հաճախ նույնիսկ 70-ն անց տարիքում,- ասում է Շահրամանյանը:- Մինչդեռ չափավոր սեռական հակումով մարդկանց սեռական եռանդն ավելի վաղ է թուլանում, և նրանցից շատերը, 60-ը չանցած, արդեն սեռական ցանկություն չեն ունենում»:

Շահրամանյանն ասում է, որ այն մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում կանոնավոր սեռական կյանք են վարել, անհամեմատ ավելի երկար են պահպանում իրենց սեռական ակտիվությունն՝ ի տարբերություն իրենց՝ ոչ կանոնավոր սեռական կենսակերպով ապրող հասակակիցներից: Պատճառն անգործության հետևանքով տեղի ունեցող ատրոֆիայի՝ (սնուցման խանգարում) կենսաբանական հանրահայտ օրենքն է, որը վերաբերում է ոչ միայն մարմնի մկաններին (մարզված մկանները նորմալ գործում են, չմարզվածները՝ ապաճում), այլեւ բոլոր օրգան-համակարգերին և մասնավորապես հոգեսեռական մեխանիզմներին:

Սեռական ակտիվությունը մինչև ծերություն պահելուն նպաստում է նաև ամուսնական կյանքը: «Ամուսնացած տարեցներն աչքի են ընկնում զգալիորեն ավելի ուժեղ սեռական ակտիվությամբ, քան միայնակ ապրող ամուրիները կամ ամուսնալուծվածները, – ասում է սեքսոլոգը,- հնարավոր է, որ դա հոգեսեռական մեխանիզմների կանոնավոր մարզումների հետևանքն է»:
Սեռական հակման ուժգնությունն ու կանոնավոր սեռական կյանքը չեն միայն որոշում, թե մարդը տարեց հասակում ինչպիսի սեռական հակում կունենա: Շատ բան է կախված մարդու ապրելակերպից: «Մարդը, ով ո’չ նորմալ քնում է, ո’չ նորմալ սնվում, շատ է նյարդայնանում, օրը սկսում է ծխախոտով ու սուրճով, քիչ է շարժվում, սպորտով չի զբաղվում, 35 տարեկանում արդեն կարող է ունենալ պոտենցիայի և սեռական ցանկության հետ կապված խնդիրներ, – ասում է Շահրամանյանը,- պարզ է, որ ավելի մեծ տարիքում այս խնդրիներն ավելի կխորանան»:

Ինչպես ասում է բժիշկը՝ սեռական ֆունկցիան ուղղակիորեն կախված է օրգանիզմի գործունեությունից և նյութափոխանակությունից: Նա, ով ունի առողջ մարմին, լավ նյութափոխանակություն և, հետևաբար, սեռական հորմոնների նորմալ սինթեզ, անհամեմատ ավելի երկար է պահպանում իր սեռական ֆունկցիան:

«Այստեղ մեծ նշանակություն ունի նաև սննդակարգը: Ցավոք, սեքսուալ սննդակարգի հարցում մենք տկար ենք. Հայաստանում և’ երիտասարդները, և’ մեծահասակները շատ անկանոն են սնվում,- ասում է Շահրամանյանը,- մենք կարող ենք ուտել յուղոտ միս, վրայից աղցան, ապա միրգ, հետո ալկոհոլ, վերջում էլ հեղուկներ խմել: Կարող ենք օրը սկսել անիմաստ մեկ բաժակ սուրճով, երբ օրգանիզմն ուտելիքի կարիք ունի, իսկ հետո ուզում ենք լավ սեքսուալ հնարավորություններ ունենալ»:

Բժշկի խոսքերով՝ առաջին հերթին ցանկալի է հրաժարվել գազավորված խմիչքներից, ֆաստ-ֆուդից, և անցնել ռացիոնալ, ճիշտ սննդակարգի :
«Մեր երկրում ճարպակալման շատ մեծ խնդիր կա: Փողոցում, եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ հայ երտասարդների մեծ մասը կլորիկ որովայնով են», – ասում է բժիշկը:

Հայաստանում կա մի կարծրատիպ, որ «կերած-խմած հայ տղամարդը» շատ գեղեցիկ և սեքսուալ երևույթ է: Իրականում նման մարդիկ անառողջ են, ունեն նյութափոխանակության հետ խնդիրներ, իսկ սեռական խնդիրները նրանց մոտ շատ վաղ տարիքում են առաջ գալիս:
Բժիշկն ասում է, որ ճարպակալման ժամանակ նվազում է տեստոստերոնի (հորմոն) մակարդակը, որը սեքսուալ առողջության դիրիժորն է:
Մեկ ուրիշ կարծրատիպի համաձայն՝ իրեն հարգող «հայ տղամարդն» անպայման պիտի ծխի և խմի, իսկ այս ամենը նպաստում է սեռական ակտիվության անկմանը:

«Նույնիսկ մեկ ծխախոտը դանդաղեցնում է սպերմատազոիդի շարժունակությունը, այսինքն, դա ապտակ է տղամարդու վերարտադրողական առողջությանը, սերնդաշարունակմանը, – ասում է բժիշկը: – Տղամարդու անպտղության հարցը Հայաստանում գտնվում է բավականին լուրջ վիճակում: Ես չեմ ուզում ահաբեկիչ մտքեր արտահայտել, բայց ամեն երկրորդ անձը, ով գալիս է մեզ մոտ ստուգվելու նախքան ամուսնանալը, խնդիր ունի վերարտադրողականության հետ»:

Ծխելուց աստիճանաբար սկսում է թուլանալ նաև պոտենցիան, քանի որ ծխախոտի ծուխն իր մեջ պարունակում է 3000-ից ավելի թունավոր նյութեր, որոնք սեռական օրգանների անոթներում ստեղծում են խոչընդոտող գոյացություններ (վահանիկներ), ինչի հետևանով փոքրանում է արյան հոսքը, որը պիտի սնուցեր սեռական օրգանները: Այսպիսով, եթե շատ ծխողները անպայման բախվում են պոտենցիայի հետ կապված խնդիրների հետ, ապա պասիվ ծխողները նույնպես ռիսկի տակ են:
«Ապացուցված է, որ ծխելը թողնելուց հետո տղամարդու վերարտադրողական առողջությունը 30%-ով լավանում է», – նշում է Շահրամանյանը:

Նա ասում է, որ ալկոհոլի տարբեր տեսակներ տարբեր ներգործություն են ունենում սեռական ֆունկցիայի վրա. եթե մեկ բաժակ կարմիր գինին մաքրում է անոթները և օգտակար է սեռական ֆունկցիայի համար, ապա գարեջուրը ժամանակի ընթացքում պոտենցիան նվազացնելու հատկություն ունի: Իսկ օղին ազդում է լյարդի վրա, որի աշխատանքն ուղղակիորեն կապված է սեռականության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: