Հայերեն   English   Русский  

Երբ Խաչատուրովի դեմ քրեական գործ էր հարուցվում, պետք էր տեղյակ պահել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին․ Բաղդասարյան


  
դիտումներ: 300

«ՀԱՊԿ-ի հետ կապված ի սկզբանե բացթողումներ եղել են, նաև մեր իշխանությունների կողմից: Մենք զգուշացրել էինք դրա մասին:

Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա մանրամասնեց, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ էր, և երբ որ նրա նկատմամբ պետք էր քրեական հետապնդում լիներ և գործ հարուցվեր, այդ ժամանակ նախապես, էթիկայի նորմերից ելնելով պետք է տեղյակ պահվեր կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին։

«Այդ գործը չի կատարվել, լարումն ու սրումն այդտեղից առաջացավ։ Եվ կանխատեսելի էր, որ մենք կորցնելու էինք այդ տեղը, քանի որ դրա հետևություններն արդեն կային նրանց ելույթների մեջ։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը կորոշի, թե ինչպես պետք է դրսևորի իրեն Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին, համենայն դեպս այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քաղաքական քայլերի համար»,- ասաց Բաղդասարյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք համաձայն է Փաշինյանի հայտարարության հետ, որ պետք է Բելառուսը և Ղազախստանը բացատրություններ տան, Բաղդասարյանը նշեց՝ ցանկալի չէ, երբ նման փակ հանդիպումից հետո հանկարծ հայտնվում է Ադրբեջանի դեսպանը և նման քննարկում է կատարվում, բայց դա կախած է նրանից, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ հանդիպման ժամանակ.« Մենք չգիտենք՝ ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպմանը և ով է խախտել այդ պայմանավորվածությունը։ Համենայն դեպս, պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: