Հայերեն   English   Русский  

Սիմոն Մարտիրոսյան. «Ցանկանում եմ նվաճել նաև օլիմպիական ոսկին»


  
դիտումներ: 2214

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանն իր փայլուն մասնակցությամբ 8-ամյա ընդմիջումից հետո Հայաստանին պարգևեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայազագի մարզիկը երկամարտի 435 կգ արդյունքով բացահայտ առավելությամբ հաղթեց 109 կգ քաշային կարգում` միաժամանակ աշխարհի ռեկորդ սահմանելով:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում առաջիկա ծրագրերի` մասնավորապես օլիմպիական ոսկին նվաճելու մասին:


-Շնորհավորում ենք Ձեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ծանրամարտի հայկական դպրոցի տարեգրքում նոր էջ կերտեցիք:


-Շնորհակալ եմ: Ինձ համար անչափ կարևոր էր հաջող մասնակցությունն աշխարհի առաջնությունում: Մի շարք ոսկե մեդալներ եմ նվաճել տարբեր տարիքային խմբերի առջնություններում. այս մեդալին սպասում էի: Լեհաստանում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կարևոր էր փորձ ձեռք բերելու առումով, քանի որ շուրջ մեկ տարի որևէ միջազգային մրցաշարի չէի մասնակցել: Ստուգատեսից հետո հասկացա, որ լավ մարզավիճակում եմ և աշխարհի առաջնության ժամանակ կարողացա իմ առջև դրված առաջադրանքը կատարել:


-Հրում վարժությունում Դուք անկասելի էիք: 240 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ սահմանեցիք: Միևնույն ժամանակ, երկամարտի` 435 կգ արդյունքը նոր նշաձողի հասցրեց համաշխարհային ռեկորդը:

Սիմոն Մարտիրոսյան

-Մարզումների ընթացքում այդ կիլոգրամները բարձրացնելով արդեն գիտեինք, թե որ հորիզոնականի համար ենք պայքարելու: Հիանալի պատրաստված, լավ մարզավիճակում ու վստահ տրամադրվածությամբ էի մեկնել մրցավայր: Ռեկորդի գնալիս լարված չէի, քանի որ գիտեի, որ պետք է անեմ այն, ինչն ինձ մոտ ստացվում է: Խնդիրներ չպետք է առաջանային, քանի որ մարզումների ժամանակ ամեն բան ընթացել էր մեր պլանավորածին համաձայն:


-Ծանրամարտն անհատական մարզաձև է, սակայն հավաքականի տղաներով կարծես մեկ թիմ լինեք:


-Վստահաբար և հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր թիմը միասնական է ամեն հարցում, թե՛ մարզումների, թե՛ մրցումների ժամանակ: Մենք ներկա ենք լինում մեկս մյուսի ելույթներին, ոգևորում ու քաջալերում ենք իրար: Անկեղծորեն ուրախանում ենք մեկս մյուսի հաջողություններով և հավասարապես տխրում, երբ որևէ մեկի մոտ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Ափսոսում եմ, որ Անդրանիկ Հակոբյանը մեդալ չնվաճեց: Մեր թիմի ներուժը շատ մեծ է, կարող ենք ավելի լավ արդյուքներ գրանցել: Բոլորն ի զորու են պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու:


-Հայրենիքում Ձեր հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն ներկայացրեց նախագահին Ձեզ`«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու համար:


-Հաղթողի կարգավիճակում հետ վերադարձա հայրենիք, ինչի համար շատ ուրախ եմ: Հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ, որ հաղթանակներս ու նվաճումներս ոգևորում են հայրենակիցներիս: Հաղթանակը պարտավորեցնում է և ուժ տալիս նորանոր բարձունքներ նվաճելու: Ես ցանկանում եմ նվաճել նաև օլիմպիական ոսկին:
Գիտակցում եմ, որ կարևոր գործ եմ կատարում երկրիս համար՝ միջազգային հարթակներում հայոց եռագույնը բարձարցնելով ու օրհներգը հնչեցնելով: Ուրախ եմ և շնորհակալ, որ այս ամենը գնահատվում է պետական մակարդակով, ինչը նորանոր հաջողություններ գրանցելու, ձեռքբերումներ ու նվաճումներ ունենալու համար լավ խթան է:
«Զվարթնոց» օդանավակայնում մեզ դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզասեր հասարակությունը, համագյուղացիներս: Գագիկ Ծառուկյանը մեծ ուշադրություն է դարձնում հայրենական սպորտի զարգացմանը՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտապես աջակցելով, ծագած խնդիրներին ու հարցերին լուծում տալով: Մարզասերները եկել էին իրենց հայրենակցին դիմավորելու: Շատ կորևոր է ինձ համար, որ հայրենակիցներս, ամենից առաջ ինձ ճանաչեն, սիրեն ու գնահատեն նախ որպես մարդ, հետո միայն` որպես չեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: