Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 350

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած վերջին այցերի ֆոնին (նպատակը ամենամյա հեռախոսամարաթոնին և հեռուստամարաթոնին մասնակցելն է՝ խմբ.) ադրբեջանական կողմը հերթական հիստերիան է բարձրացրել։

Բակո Սահակյանի այցերը և դրանց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները պաշտոնական Բաքվի վրդովմունքն էին առաջացրել: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի կողմից մշտապես կիրառվող, երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները այդ երկրի հետ, գրում է Panorama.am-ը


Ադրբեջանի ԱԳՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն` դիվանագիտական ուղիներով իրենք բողոք կներկայացնեն նաև ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդ երկրի նման պահվածքը, Panorama.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանին։

Վերջինս նկատեց, որ սա Արցախին միջազգային հանրությունից մեկուսացնելու Ադրբեջանի հերթական անհաջող փորձն է։

«Ադրբեջանն, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտել Արցախի կողմից ցանկացած քայլ և քաղաքականություն՝ ուղղված տարբեր երկրների հետ համագործակցություն հաստատելուն։ Այդ երկիրը խոչընդոտում է՝ ծախսելով հսկայական գումարներ, միլիարդավոր դոլարներ։ Սակայն այդ ամենն արդյունավետ չէ։ Իհարկե, մենք սրանով չպետք է հանգստացնենք մեզ և այդ ամենին լուրջ չվերաբերենք։ Բայց իրականությունն այնպիսին է, որ այդքան փող ծախսելով՝ նրանք չեն հասնում ցանակալի արդյունքի։ Դա նյարդայնացնում և հիստերիայի մեջ է գցում Ադրբեջանին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ Արցախին մեկուսացնելու հակառակորդ երկրի փորձերը շարունակական բնույթ են կրում, և Ադրբեջանը նպատակ չունի հրաժարվելու այդ քաղաքականությունից։

«Մենք սա պետք է շատ լավ պատկերացնենք և երբևիցե չթուլանանք, չմտածենք, որ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունն ու գերնպատակը։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար որևէ մեկը մեր փոխարեն դիմագրավող քայլեր չի ձեռնարկելու։ Մենք առաջին հերթին պետք է շարունակենք էլ ավելի ամրապնդել մեր եռամիասնությունը՝ Մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը։ Զուգահեռաբար պետք է աշխատենք նաև երկրի ներսում, միջազգային հարթակներում աշխատող լավ կադրեր պատրաստենք։ Այդ ներուժը կա, մենք ունենք տաղանդավոր և հայրենանվեր դիվանագետներ, այդ թվում՝ Սփյուռքի տարբեր կառույցներում»,-նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։

Դավիթ Բաբայան ընդգծեց, որ որքան էլ Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ շնորհիվ Հայաստանի և հայկական սփյուռքի մեծ աջակցության՝ իրենք ոչ Ֆրանսիայում, ոչ էլ ԱՄՆ-ում մեկուսացվածության զգացողություն չունեն։

«Բայց հակառակորդը լայն ճակատով է աշխատում։ Եթե վերցնենք Ֆրանսիայի օրինակը, ապա մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ համատեղ, անընդհատ ահաբեկում է Ֆրանսիայի այն քույր քաղաքների ղեկավարությանը, որոնք Արցախի հետ համագործակցության պայմանագրեր ունեն։ Մենք այդ մասին գիտենք, տեղյակ ենք 100 տոկոսով։ Փաստորեն, նրանք ջիհադ են հայտարարել մեր այն բարեկամներին, որոնք կամ պատգամավոր են, կամ տարբեր քաղաքներում ներգրաված են հասարակական-քաղաքական ոլորտներում։ Նույն քաղաքականությունն Ադրբեջանը փորձում է վարել նաև ԱՄՆ-ում, դրա համար էլ մենք պետք է պահպանենք եռամիասնությունը և միասնական լինենք»,- ասաց Բաբայանը։

Վերջում նա նկատեց, որ հայկական կողմը չպետք է կրկնի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, իսկ հակառակորդ երկիրն իրեն մշտապես այդպես է դրսևորում, քանի որ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական արդարությունն ու ճշմարտությունն իր կողմը չեն։ Ըստ Բաբայանի, այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հիմնական շեշտը դնում է շահի, կաշառքի և ահաբեկչության վրա։

«Իրենք կենտրոնանում են արժույթի, մենք՝ արժեքի վրա»,- ամփոփեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: