Գագարինցիները փակել են Երևան-Սևան ճանապարհը և պահանջում են հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը եւ սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական մարմիններից։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Գեղարքունիքի մարզային վարչությունից և Սևանի բաժնից:
Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավորված անձանց հարազատները եւ այդ անձանց դատախազությունը մեղադրում է մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ այդ ամենը սարքված է եւ դրա հետեւում կանգնած է Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այդ տարածքի իրավապահ համակարգի մի քանի աշխատակիցներ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավիճակի մասին տեղեկացել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը, ում հանձնարարականով արդարադատության փոխնախարարն ընդունելու է ակցիայի մասնակիցներին, ու այս պահին արդեն ճանապարհը բացվել է, եւ բողոքի ակցիայի մասնակիցները մեկնում են Երեւան՝ հանդիպելու արդարադատության փոխնախարարի հետ։