Հայերեն   English   Русский  

​Արձագանք հանրակրթական դպրոցի իններորդ դասարանների հայոց լեզվի ավարտական քննությունների առիթով


  
դիտումներ: 6741

Այսօր կարդացի այն մասին, որ ԿԳ նախարարությունն իններորդ դասարաններում դարձյալ ուզում է հայոց լեզվի քննությունն անցկացնել թեստային համակարգով: Զարմացած և մտահոգված եմ:

Բացատրեմ: Նախ մեջբերում անեմ հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության ծրագրի բացատրագրից:

«Հայոց լեզվի և գրականության դասավանդման նպատակը աշակերտի բանավոր և գրավոր խոսք կազմելու կարողությունների զարգացումն է: Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցման հիմնական խնդիրն է զարգացնել սովորողների լեզվագործածական ունակությունները՝ հասարակական կյանքում լիարժեք հաղորդակցվելու նպատակով», - Հայոց լեզու, գրականություն, հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական ծրագրեր (1-9-րդ դասարաններ):

Ստացվում է, որ հանրակրթության համար մշակված, կառավարության հաստատած և դեռևս չփոփոխված գործող չափորոշչով և ծրագրերով դպրոցից և ուսուցչից պահանջվում է ձևավորել և զարգացնել աշակերտների բանավոր և գրավոր խոսքը: Հենց այդ միտումով էլ նախորդ ղեկավարությունը բավական ճիշտ քայլ արեց՝ 9-րդ դասարանում թեստային համակարգը փոխարինելով գրավոր շարադրանքի մի տեսակով՝ փոխադրությամբ: Գրավոր շարադրանքի տեսակի հարցը կարող է նաև տարբեր կարծիքների, անհամաձայնության տեղիք տալ, բայց գոնե աշակերտից պահանջվում է վերաշարադրել լսածը: Փոխադրության գնահատման հարցը ևս վիճելի է, քանի որ այդպես էլ ուսուցչությանը չներկայացվեց գնահատման բազմաչափ սանդղակ:

Սակայն նշված բոլոր թերություններով հանդերձ՝ փոխադրության գաղափարն առավել է համապատասխանում հանրակրթության հայոց լեզվի և գրականության դեռևս գործող առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ներկայացվող պահանջներին, այն է՝ աշակերտի բանավոր և գրավոր խոսքի զարգացումը:

Սակայն պարզվում է, որ դարձյալ վերադառնում ենք քերականական գիտելիքի սերտման ստուգմանը: Ոչ թե խոսք կազմելու կարողություն, այլ ակադեմիական քերականական գիտելիք: Վերջում էլ ինչ-որ շարադրանք:

Ողջ աշխարհն արդեն հասկացել և հրաժարվել է թեստ կոչվածից, մենք դեռ կառչել ենք դրան: Ու չնայած մեկ առաջընթաց քայլ եղել էր, երկու տարի իններորդ դասարանցիները հայոց լեզվի ավարտական քննությանը խոսք կազմեցին, գրեցին փոխադրություն, հանկարծ նորից վերադառնում ենք հնին՝ թեստին: Ինչո՞ւ:

Գաղտնիք չէ, որ թեստը ստուգում է միայն գիտելիքը, բայց փաստաթղթերում խոսվում է կարողության մասին: Իսկ կարողություն ստուգող թեստային առաջադրանքներ կազմելը բարդ խնդիր է. գոնե մեզանում չկան այն մասնագետները, որոնք կկարողանան կազմել այնպիսի առաջադրանքներ, որոնք կստուգեն սովորողի՝ գիտելիքը կիրառելու, վերլուծելու, համադրելու, արժևորելու, գիտելիքին ստեղծագործաբար մոտենալու կարողությունները:

Գաղտնիք չէ նաև, որ ամենալավ հսկվող լսարանում էլ շատ հեշտ է իրար հուշել, ցույց տալ, ակնարկել անհրաժեշտ պատասխանի համարը: Եվ ստացվում է, որ աշակերտների ուշիմության և բոլոր դեպքերում իրենց հարմար ելքերը գտնելու դեմ մենք՝ մեծահասակներս, անզոր ենք:

Էլ ի՞նչն է մեզ ստիպում վերադառնալ թեստին: Եվ որքա՞ն կարելի է լսել միայն առանձին մարդկանց, անընդհատ հոլովել մեկ-երկու անուն, որոնք հանրակրթության հետ ընդհանրապես կապ չունեն: Ե՞րբ վերջապես ԿԳՆ-ն դեմքով կշրջվի դեպի այն մարդիկ, որոնք տարիներով աշխատում են դպրոցում, շատ լավ պատկերացնում են հայոց լեզվի դասավանդման նպատակները, դրանց հասնելու, ինչպես նաև արդյունքը գնահատելու ձևերը և մեթոդները:

Նախկինում նախարարությանը, ավելի ստույգ՝ Կրթության ազգային ինստիտուտին կից գործում էին առարկայական հանձնախմբեր, որոնցում ընդգրկված էին հանրակրթական դպրոցների և բուհերի ներկայացուցիչներ: Ժամանակը չէ՞ նորից դառնալու մոռացված, բայց իրեն արդարացրած համակարգին:

Կրթության մեջ առանձին անհատների կարծիքը կամ մոտեցումը չեն կարող վճռորոշ լինել: Պահանջվում է թիմ, միևնույն ուղղությամբ նայող, այս դեպքում՝ դեմքով դեպի դեռահասը, նրա պահանջները և հոգսերը շրջված մարդկանց խումբ է պետք, որը 21-րդ դարում դեռահասից չի պահանջի օդի մեջ՝ խոսքից դուրս սերտել քերականական իրողությունները, որոնք նա քննությունից անմիջապես հետո հիմնովին ջնջելու է իր ուղեղից՝ այդուհանդերձ պահպանելով տհաճության զգացումը հայոց լեզվի քննություն կոչվածից:

Եվ մտածենք նաև, թե ինչո՛ւ այսօրվա հայ աշակերտը չի սիրում իր մայրենի լեզուն: Որքան էլ մեղքը բարդենք միայն հեռուստատեսության կամ մամուլի ուսերին, միևնույն է, հիմնական պատասխանատուն մնում է դպրոցը: Իսկ դպրոցը իր վերադաս նախարարության ցուցումով այդպես էլ չի ընդունում, որ մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերը հաղորդելու, մարդկանց հետ հաղորդակցվելու հիմնական միջոցն է: Եվ շարունակում է տեքստից դուրս սերտողական քերականությամբ մաշեցնել դեռահասին և նրան վերջնականապես խռովեցնել իր լեզվից:

Թամար Ալեքսանյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ

20.11.18





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: