Հայերեն   English   Русский  

​«Շաքե» հիմնադրամը կաջակցի շաքարախտով հիվանդ երեխաներին


  
դիտումներ: 109

Շաքարային դիաբետի զարգացման տեմպերն ամբողջ աշխարհում տարեցտարի աճում են: Ըստ ստատիստիկ վերջին տվյալների՝ աշխարհում շուրջ 425.000.000 շաքարախտով հիվանդ մարդ կա:

Շաքարային դիաբետի 1-ին տիպով հիվանդների քանակը տարեկան ավելանում է 3%-ով: «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն ահազանգող տվյալներ է հաղորդում. «Ուղիղ մեկ ամիս առաջ 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում կազմում էր 570, մեկ ամիս անց մենք ունենք ևս 6 երեխա, ովքեր հիվանդացել են շաքարախտով: Սրանք մտահոգիչ թվեր են: Հայաստանում տարեկան ծնվում է 40.000-45.000 երեխա, նրանցից 4-5-ի մոտ առկա է այս հիվանդությունը» ,-նշում է Սահակ Դաշյանը:

Սահակ Դաշյանը Հայաստանում ևս այս հիվանդության պրոգրեսիվ աճը տեսնելով՝ վերջերս հիմնել է «Շաքե» բարեգործական հիմնադրամը՝ shake.am: «Շաքե» բարեգործական հիմնադրամի ստեղծման համար հիմք է դարձել Սահակ Դաշյանի ընտանիքի անձնական պատմությունը. իր երեք երեխաներից երկուսն ունեն այս հիվանդությունը: Մեծ դստեր՝ Շաքեի անունով էլ անվանակոչվել է հիմնադրամը: Իր երեխաները կարողացել են հաղթահարել այս խնդիրը հետևողական բուժման արդյունքում. ինսուլինային պոմպերի միջոցով նրանք ապրում են առողջ կենսակերպով: Քաջատեղյակ լինելով այն խնդիրներին, որոնց բախվում են շաքարախտով հիվանդ երեխա ունեցող ընտանիքները՝ Սահակ Դաշյանը պատրաստ է օգնելու և աջակցելու նման ընտանիքներին. ««Շաքե» հիմնադրամի գերնպատակն է հնարավորություն տալ հիվանդ երեխաներին օգտվելու ինսուլինային պոմպերից: Մենք ցանկանում ենք 5-6 տարում հասնել նրան, որ Հայաստանում դիաբետ ունեցող երեխաներն անվճար ստանան թե՛ պոմպը, թե՛ ամենամսյա պարագաները, որոնք ծախսատար են» ,- նշում է «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:

Ինսուլինային պոմպերն արդեն լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում: Դրանց միջոցով բարելավվում է դիաբետ ունեցող հիվանդների կյանքի որակը: Պոմպային ինսուլինոթերապիան չունի հակացուցում. այն խորհորդ է տրվում թե՛ երեխաներին, թե՛ հղիներին.

«Իսուլինային պոմպը սարք է, որի վրա ծրագրով ներդրվում է տվյալ հիվանդի համար անհրաժեշտ ինսուլինի չափաքանակը /դոզան/, օրվա տարբեր ժամերի կարելի է ինսուլինի արտադրման տարբեր արագություն դնել, այսինքն՝ օրվա տարբեր ժամերին տարբեր քանակի ինսուլին արտադրվի» ,- նշում է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան համալսարանական կլինիկայի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

Հայաստանում ինսուլինային պոմպեր տեղադրվել է 6 հիվանդի: Սա շատ փոքր ցուցանիշ է՝ ըստ Սահակ Դաշյանի: Նա մատնանշում է այն, որ Սլովենիայի բնակչությունը մեզնից քիչ է, բայց այնտեղ շաքարային դիաբետով հիվանդ բոլոր երեխաները ստանում են թե՛ պոմպը, թե՛ ծախսատար պարագաները: Ֆինանսական աջակցություն ունենալու դեպքում «Շաքե» հիմնադրամը պատրաստ է ինսուլինային պոմպերի տեղադրման և դրա կիրառման մասսայականությունն ապահովելու: Եվ այս հարցում հիմնադրամը սրտացավ անհատների և պետական կառույցներին հնարավոր ֆինանսական աջակցություն կարիքն ունի, որպեսզի կարողանա լավագույն օգնությունը ցույց տալ շաքարախտով հիվանդ հայ փոքրիկներին.

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան նշում է, որ շաքարային դիաբետից ապահովագրված չէ և ոչ ոք: Հիվանդության առաջացման պատճառներից առաջնայինը նա նշում է ժառանգական նախատրմադրվածությունը, հետո կարող են դեր խաղալ նաև փոփոխվող կյանքի պայմանները, տարբեր ինֆեկցիաները ու վիրուսները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, սթրեսային գործոնները: Հիվանդությունն ախտահարում է օրգանիզմի բնականոն գործունեությունը. «1-ին տիպի շաքարախտի ժամանակ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: Օրգանիզմում քայքայվում են ինսուլին արտադրող բջիջները՝ մոտ 90%-ով: Ինսուլինի բացակայության դեպքում գլյուկոզան չի կարող մտնել բջիջ, այսինքն՝ օրգանիզմը մնում է առանց էներգիայի» ,-նշում է Ելենա Աղաջանովան:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան փաստում է, որ հիվանդության առկայության տիպիկ գանգատներից են՝ թուլությունը, հաճախամիզությունը, ծարավի զգացողությունը, նիհարելը, սրտխառնոցը, քնքոտությունը և այլն:

«Շաքե» բարեգործական հիմնադրամը շաքարախտով հիվանդ հայ փոքրիկների համար՝ աջակցություն ստանալու դեպքում ևս մեկ ծրագիր է ցանկանում կյանքի կոչել. «Ցանկանում ենք, որ 2019 թվականին Հայաստանում հաշվառված բոլոր շաքարային դիաբետ ունեցող երեխաներն անցնեն մի հետազոտություն, որը կոչվում է շաքարի շարունակական մոնիթորինգ, այսինքն՝ երեխայի մաշկի վրա սարք է ամրացվում մեկ շաբաթով և այդ հետազոտության միջոցով մենք կարողանում ենք ավելի ստույգ պատկերացում ունենալ երեխայի շաքարախտի ընթացքի մասին»,- նշում է Սահակ Դաշյանը:

Ըստ «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանի՝ դիաբետը սարսափելի չէ, սարսափելի են բարդությունները, որոնք կարելի է կանգնեցնել: Իրենց հիմնադրամը սատարելու է այս հիվանդությունն ունեցող երեխաներին, որպեսզի հիվանդությունը առավելագույնս չխոչընդոտի նրանց բնականոն կյանքին. «Ո՞վ գիտի, որ Շերլ Սթոունը, Սիլվեստեր Ստալոնեն ունեն այս հիվանդությունը: Մեր երեխաները կարող են դառնալ և՛ Շերլ Սթոուն, և՛ Սիլվեստեր Ստալոնե»,- եզրափակում է խոսքը «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: