Հայերեն   English   Русский  

«Ազգային առաջընթաց» կուսակցություն․ ԱԺ-ում մենք լինելու ենք քաղաքացու հենարանը և զսպող ուժ Նիկոլ Փաշինյանին


  
դիտումներ: 1791

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից է «Ազգային առաջընթաց» նորաստեղծ կուսակցությունը։

Ի՞նչ նպատակով է այն մասնակցում ընտրություններին, ինչպիսի՞ն է տեսնում իր առաջիկա գործունեությունը և ի՞նչ է առաջարկում ընտրողներին․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել «Ազգային առաջընթաց» կուսակցության մամլո խոսնակ Հայկ Գրիգորյանի հետ։

-Հայկ, ի՞նչ նպատակով է Ազգային առաջընթաց կուսակցությունը մասնակցում խորհրդարանական ընտրություններին։

-Մենք ականատես եղանք, թե ինչպես նախկին համակարգի պարագլուխը հեռացվեց։ Եվ բոլորը հասկանում են, որ դա միայն բարեփոխումների պրոցեսի սկիզբն է, այսինքն մեր երկրին սպասվում են երկարատև իրավական, քաղաքական, տնտեսական բարեփոխումներ, որպեսզի այն համակարգը, այն բուրգը, որը ստեղծվել է տարիների ընթացքում, ապամոնտաժվի և բարեփոխումների արդյունքում փոխարինվի իրական ժողովրդավարական պետությանը հարիր համակարգերով։

Մենք համարում ենք, որ մեր մասնագետները կարող են իրենց ներդրումն ունենալ այդ գործընթացում։ Իսկ այդ պրոցեսին մասնակցելու համար պետք է մասնակցենք ընտրություններին, որպեսզի կարողանանք երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն օգտագործել այդ ծրագրերը քննարկելու և առաջ տանելու համար։ Եվ քանի որ նոր իրավիճակում արդեն բնականաբար ընտրակեղծիքների մասին խոսք լինել չի կարող, մենք հավատ ունենք ընտրական գործընթացների նկատմամբ, որը չունեինք նախկինում։

-Իսկ կուսակցության գաղափարական հենքն ինչպիսի՞ն է։

-Մենք ձախակողմնյան ուժ ենք, սոցիալ լիբերալիզմն է մեր ուղղվածությունը։ Այսինքն մենք ժամանակակից լիբերալ տնտեսության կողմնակից ենք։ Մենք սոցիալիստ չենք, բայց սոցիալական ուղղվածության ենք, այսինքն համարում ենք, որպետությունը բացի այլ գործառույթներից ունի նաև իր քաղաքացու համար արժանապատիվ կյանք ապահովելու պարտականություն։ Մենք գտնվում ենք կոնտրոնից դեպի ձախ, որը հայկական քաղաքական դաշտում բաց էր։

-Ընտրություններին 11 քաղաքական ուժ է մասնակցում։ Ինչո՞վ է տարբերվում ձեր կուսակցությունը մյուս 10-ից։

-Առաջինը՝ տարբերվում է առնվազն մի մասից նրանով, որ երբևէ ներքաշված չենք եղել նախկին հանցագործ իշխանությունների հետ գործարքների մեջ։ Իսկ մնացած ուժերից ընդհանարպես տարբերվում ենք նրանով, որ ունենք հստակ ծրագիր․ 20 կետից բաղկացած կոնկրետ նախընտրական ծրագիր ունենք, որը մեր նախընտրական խոստումն է։ Այսինքն՝ ընտրողը գիտի կոնկրետ, թե մեզ ընտրելով ԱԺ-ում ինչ օրակարգ է լսելու։

Դրա կարևոր կետերից են պատգամավորների անձեռնխելիության վերացումը, պատգամավորի հետկանչի ինստիտուտի սահմանումը, մարզային զարգացման ծրագիրը, որը ենթադրում է նոր վարչատարածքային բաժանում և այլն։

-Իսկ գաղափարական առումով ինչո՞վ եք տարբերվում։ Այն, ինչ դուք եք առաջարկում, մյուս կուսակցությունները չե՞ն առաջարկում։

-Միգուցե առաջարկեն, բայց ոչ այնքան հստակ և ոչ մեր լուծումներով։

-Ձեր հաղթաթուղթը ո՞րն է, որը ձեզ պետք է քվեներ բերի։

-Մեր հաղթաթուղթն այն է, որ մենք նոր ուժ ենք, երիտասարդների կուսակցություն ենք, նոր արժեհամակարգի կրող մարդիկ ենք, այսինքն ՝ հեղափոխության մասնակից ենք և հեղափոխության արժեքները կրող ենք, հետևաբար մեր եռանդը դնելու ենք հեղափոխության արժեքները ամրապնդելու և զարգացնելու գործում, ոչ թե հակահեղափոխականությունծավալելու։ Այսինքն՝ ազգային ժողովում մենք լինելու ենք քաղաքացու հենարանը և զսպող ուժ Նիկոլ Փաշինյանին․ ամեն ինչում չենք փորձում նրան դուր գալ, հաճոյանալ, ինչպես մյուս ուժերն են փորձում։

-Իսկ Ձեր կուսակցությունը պայքարում է ընդդիմությա՞ն տեղի համար, թե՞ գուցե ձեզ տեսնում եք կոալիցիայում, կամ գուցե իշխանության համա՞ր եք պայքարում։

-Մենք հարցումներ ենք իրականացրել, որոնք ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը աջակցելու և ձայնը տալու էՆիկոլ Փաշինյանի կուսակցությանն իր անձի պատճառով։ Ու կարծում ենք, որ այս շրջանում իրատեաականչէ, որ հայտարարենք՝ հավակնում ենք մեծամասնություն ստանալու։ Բայց այո, մենք հավակնում ենք անցողիկ շեմը հաղթահարելու և ազգային ժողովում այլընտրանքային մոտեցումներ, կարծիքներ արտահայտող, խելացի բանիմաց ուժ լինելու, որը ողջամիտ քննարկումներ կկազմակերպի։

-Կա՞ն առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով հանդես եք գալու։

-Առաջինը կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն է, որ քաղաքականգործունեությունն ազատենք կապիտալի ազդեցությունից։ Դա վերաբերումէ թե ընտրագրավին, թե նախընտրական քարոզչության մինիմում ու մաքսիմում սահմանելուն։ Ընդհանրապես, կապիտալը չպետք է պայմանավորի քաղաքական գործունեությունը։ Ընտրագարավը պետք է կամ հանվի կամ նվազեցվի, օրինակ ներկայիս 10 միլիոնի փոխարեն 1-2 միլիոն պետք է լինի։

Նաև պետք է ընտրական օրենսգիրքը բարեփոխվի, ռեյտինգային համակարգը վերացվի և լինի հարյուր տոկոս համամասնական համակարգ։ Նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է կուսակցական հիմքով չլինեն, այսինքն ցանկացած մարդ կարողանա առաջադրվել։ Մենք տեղականինքակառավարումը պատկերացնում ենք շրջանային բաժանմամբ և մարզերի անհրաժեշտությունը չենք տեսնում։ Ավելի փոքր տարածքայինբաժանումներ պետք է լինեն, որտեղ կլինի լիակատար տեղական ինքակառավարում։

Նաև մենք տեսնում ենք կրթական ոլորտի բարեփոխումներ, որոնք միտված կլինեն նրան, որ բուհերն իրոք դառնան մրցակցային կառույցներ, որոնք կներգրավեն նաև եվրոպական ուսանողների՝ առաջարկելով մատչելի, բայց որակյալ կրթություն։ Նախատեսում ենք նաև բուհերի ապակուսակցականացում և կառավարման ինքնավարության ապահովում։

-Ձեր կուսակցության՝ խորհրդարան անցնելու հնարավորություններն ինչպիսի՞ն եք գնահատում։

-Թիվ չեմ ասի, որովհետև շատ դժվար է կանխատեսել։ Ներկայիս վիճակն արտառոց է, ստանդարտընտրությունների փուլ չէ, և շատ կարճ ժամանակահատված է տրված թե քարոզարշավի, թե մյուս գործընթացների համար։ Բայց ասեմ,եթե ընդհանրապես հույս չունենայինք, չէինք մասնակցի ընտրություններին։

-Կուսակցությունը նորաստեղծ է և հարց էառաջանում՝ այն ձևավորել եք հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակո՞վ։

-Կարելի է այդպես ասել։ Մենք կուսակցություն չէինք հիմնադրի, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության, քանի որ չէինք վստահում նախկին ընտրական համակարգին ու նախկին ոչ լեգիտիմիշխանությանը։ Հիմա մենք ընտրական համակարգի նկատմամբ ունենք վստահություն, դրա համար էլ մասնակցում ենք։ Բայց ասեմ, որանկախ ընտրությունների արդյունքներից՝ կուսակցության գործունեությունը շարունակվելու է դեկտեմբերից հետո։ Դրանով մեր առաջին քայլն ենք անում քաղաքական դաշտում։ Իսկ քաղաքական դաշտում մենք նախկինում մասնակցություն ենք ունեցել քաղաքացիական ֆորմատով, այսինքն եղել ենք անարդարության դեմ պայքարի մասնակից կամ նախաձեռնող։ Խոսքը վերաբերում է «Դեմ եմ», «Մենք ենք տերը մեր երկրի» և մի շարք բնապահպանական նախաձեռնությունների։ Մենք ունեցել ենք քաղաքացիական պայքարի ձև, դա վերածել ենք կուսակցության, քանի որ համարել ենք փոխվել է գործելու միջավայրը։

-Քաղաքացիական պայքարի փորձն ինչ-որ կերպ այս քարոզարշավին ու ընտրություններին օգտագործելո՞ւ եք։

- Օգտակար է լինելու այնքանով, որ գիտենք, թե ինչպես կազմակերպել հանրային ակցիաներ և այլն։

-Իսկ նորաստեղծ կուսակցությունն ինչպե՞ս է կարողացել վճարել ընտրագրավը։

-Քանի որ մեր ակտիվ անդամները մոտ 800 հոգի են, որոնցմեծ մասն աշխատում է և ունի բավականին լավ վարձատրություն, մենք ի վիճակի ենք եղել այդ գումարը հավաքել։ Եթե ընտրագրավը չլիներ, այդ գումարը կծախսեինք ընտրարշավի վրա։ Մինչդեռ հիմա զրկվել ենք այն ֆինանսական հնարավորությունից, որով մենք կկարողանայինք մասնակցել քարոզարշավին։ Մենք չենք օգտվելու որևէ վճարովի եթերաժամից, արտաքին գովազդի միջոցներից։

-Ձեր կուսակցությունը միակն է, որի վարչապետի թեկնածուն կին է։ Առաջին համարի ընտրությունն ինչպե՞ս եք իրականացրել։

-Դա չի նշանակում, որ վարչապետի թեկնածուն կին է։ Պարզապես մեր առաջին համարը կին է։ Մեր կուսակցությունը չունի ղեկավար ու առաջին համար լինելը ոչ մի կերպ չի պայմանավորում իր թեկնածու լինելը որևէ պաշտոնի համար, կամ այլ առավելություն չի տալիս երկրորդ կամ երրորդ համարի հանդեպ։ Ուղղակի մեր համամասնական ցուցակի առաջին համարն է կին։ Բայց հատուկ չենք ընտրել։ Մեր կուսակցության կազմի մոտ 40 տոկոսը կանայք են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: