Հայերեն   English   Русский  

Ուրիշ թատրոն...


  
դիտումներ: 1844

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանին:

-Պարոն Դադասյան, Մնջախաղի թատրոնը հաջորդ տարի կդառնա 45 տարեկան: Ի՞նչ ճանապարհ է անցել այն և ինչպիսի՞ դիմագիծ է ձևավորել:

-Մեր թատրոնի կազմավորման փուլը համընկավ 1960-ականների սերնդի ծաղկուն շրջանին: Մեզանում այդ ժամանակ ի հայտ եկավ շատ վառ արտիստ՝ Լեոնիդ Ենգիբարյանը, որն իր ազդեցությունը թողեց այն երիտասարդների վրա, որոնք ցանկանում էին նման մի բանով զբաղվել: Հենց այդ ժամանակ էլ դրվեցին թատրոնի հիմքերը: 1969-ին Հենրիկ Պողոսյանի կողմից ստեղծվեց «Տուշպա» թատերախումբը, որն իբրև Մնջախաղի թատրոն ձևավորվեց 1974-ին Արսեն Փոլադովի օրոք:

Այդ ժամանակ թատրոնում կիրառվող արտահայտչաձևերն ավելի էստրադային էին, քան թե զուտ թատերական: Ընդհանրապես թատրոնը կենդանի արվեստ է: Այդ իմաստով շահում են այն թատրոնները, որտեղ տվյալ սերնդի ընդհանուր ընկալումներին ու պահանջներին համապատասխան գեղագիտական փոփոխություններ են տեղի ունենում: Եվ մեր թատրոնը կարողացավ սկզբունքորեն փոխել իր գեղագիտությունը գործունեության առաջին քսան տարիներից հետո՝ բարձրանալով նոր գեղագիտական հարթության վրա:

Արդեն 1990-ականների սկզբներին, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Յուրի Կոստանյանը, նա սկսեց աշխատանքներ տանել թատրոն նոր էսթետիկա բերելու ուղղությամբ: Հենց այդ շրջանում էլ ես հրավիրվել եմ թատրոն՝ բեմադրություններ անելու: Երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ ժամանակն է շատ լրջորեն ուսումնասիրություններ անելու այդ ոլորտում, որովհետև մնջախաղի մեր արվեստը ազգային թատերական տեսակ է՝ վկայված թե´ մատենագրության մեջ, թե´ մանրանկարչության: Երբ 1998-ին Կոստանյանն առաջարկեց, որ ղեկավարեմ Մնջախաղի թատրոնը, արդեն սկսեցի գործնականում իրագործել ուսումնասիրություններս:

Մեր որդեգրած ստրատեգիայի արդյունքում էստրադային տեսակից վերադարձ կատարեցինք թատրոնի խորը արմատներին, որովհետև առհասարակ թատրոնը ծագել է մնջախաղի արվեստից: Այդ ամենը տվեցին այն արդյունքը, որն այսօր տեսնում ենք: Օրինակ՝ շատ հայտնի մի նախագիծ ենք արել՝ «Հայկական այբուբեն» խորագրով, որը, արժանանալով ամենատարբեր մրցանակների, դարձել է մեր այցեքարտը: Այն վիդեո պանտոմիմա է, որի ընթացքում տղամարդու, կնոջ և երեխայի մարմիններով տառեր են ստեղծվում: Այն մեր ուսումնասիրությունների արդյունքում ծնված և այսօրվա գեղագիտությամբ արված մի աշխատանք է, որն ունի լուրջ կոնցեպտ: Դա ընտանիքի գաղափարն է՝ կին, ամուսին և երեխա: Եթե հանդիսատեսը ուշադիր լինի, կտեսնի, որ կինը միշտ սյունն է, տղամարդը՝ կամարը և երեխան՝ լրացնող մասնիկը, այսինքն՝ ինքնընստինքյան ձևավորվում է երրորդության և ընտանիքի գաղափարը, ընտանիք, որտեղ պահպանվել է այբուբենը: Այդտեղ էլ պարզ է դառնում՝ ինչու են մարմինները տառ դառնում:

Մնջախաղը լռության արվեստ է, այն մարմնի լեզուն է, և պետք չէ շփոթել խուլերի լեզվի հետ, քանի որ նրանք ունեն իրենց ժեստերի լեզուն: Մնջախաղում ինչ-որ բան հասկացնելու համար պետք է օգտագործվի մարդու ողջ զգայական դաշտը: Եթե Մնջախաղի թատրոնում հանկարծ խոսք հնչի, ապա ողջ համակարգը կփլվի, որովհետև այստեղ ուրիշ տրամաբանություն է աշխատում: Հետո մի գաղտնիք էլ ասեմ՝ մնջախաղի լեզուն Աստծուց տրված լեզու է, որ միշտ մեզ հետ է, իսկ մեր լեզուն մենք սովորում ենք ու սովորեցնում:

-Ժանրային այս եզակի տեսակը որքանո՞վ է մատչելի երևանյան հանդիսատեսին:

-Երևանյան հանդիսատեսը շատ բազմաշերտ է: Բայց ես միշտ ասում եմ՝ մեր թատրոն գալիս է սերուցքային հանդիսատես, որը պիտի մի քիչ նախատրամադրվի, մի քիչ ցանկություն ունենա տեսնելու այն, ինչն այլ տեղերում չի հանդիպի: Մեզ շատ են այցելում նաև օտարերկրացիներ:

-Որքանո՞վ է այսօր հասարակությանն անհրաժեշտ Մնջախաղի թատրոնի լռությունը:

-Այսօրվա գերակտիվ, գերլարված հասարակությանն առավել քան երբևէ անհրաժեշտ է լռություն: Աղմուկն այնքան շատ է և´ սոցկայքերում, և´ ընդհանրապես շուրջ բոլորը, որ հասարակության միակ փրկությունը լռությունն է: Ի դեպ, լռությունն ավելի անկեղծ է և ավելի խոսուն: Պարզապես մարդիկ տեղյակ չեն դրան: Դա է պատճառը, որ երբ որևէ մեկը պատահաբար հայտնվում է մեր թատրոնում, իր պարտքն է համարում դիտել մնացած բոլոր ներկայացումները, որովհետև իր մոտ ինչ-որ նոր մի բան է բացվում:

-Ձեր ներկայացումների ազդագրերում հաճախ է տարիք նշվում ՝ 12+, 16+: Ինչու՞ է տարիքային շեմն այդքան բարձր: Եվ ընդհանրապես ի՞նչ որակներ եք դաստիարակում ձեր հանդիսատեսի մեջ:

-Այդ փաստը պայմանավորված է և´ արտահայտչամիջոցներով, և´ այն թեմաներով, որոնք դժվար ընկալելի կլինեն պատանիներին: Մեզ մոտ չկան բաց տեսարաններ, այլ գեղեցիկ մարմիններ: Ուրիշ հարց է, թե ով ինչպես է դա ընկալում: Բայց մենք նաև ունենք ներկայացումներ՝ ուղղված հենց դպրոցականներին, որովհետև այն, ինչ նրանք կտեսնեն այստեղ, ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպի:

Մեր ներկայացումները մարդու մասին են, մեր պատկերացումներն ու մոտեցումները ուղղված են մարդուն, նրա բացահայտմանը: Մեր խնդիրն է, որ մարդը տաշվի, կրթվի: Սրանք լուրջ քաղաքակրթական խնդիրներ են, որովհետև մենք խորը գահավիժել ենք մեր իրական ազգային նշաձողից, և մեզ շատ երկար ճանապարհ է սպասվում, որ գոնե հասնենք այն նախկին նշաձողին:

-Քանի՞ ներկայացում կա այժմ թատրոնի խաղացանկում, և ի՞նչ նորություններ են սպասվում:

-Առհասարակ ունենք 13 ներկայացում, բայց այս պահին ինն են խաղացվում: Վերջերս նոր նախագիծ ենք սկսել, որ պայմաններից ելնելով՝ ստիպված փորձասենյակում ենք անում: Դա իմպրովիզացիոն նախագիծ է. հանդիսատեսը շատ մոտ է նստում և մոտիկից է առնչվում դերասանների խաղի նրբերանգներին:

-Քանի՞ դերասան ունի Մնջախաղի թատրոնը, և ի՞նչ առանձնահատկություններ ունեն նրանք:

-Թատրոնն ունի 15 հաստիքային դերասան, բայց կան շատերը, որոնք մեկանգամյա մուտքերով են: Ես ԵԹԿՊԻ-ում ունեմ մնջախաղի դերասանի կուրս, որտեղ պատրաստում ենք դերասաններ այս թատրոնի համար: Առհասարակ մնջախաղի դերասան ձևավորելը շատ բարդ ընթացք է, տանջալից, երկարատև:

Փորձը ցույց է տվել, որ մնջախաղի դերասանի որակները լիարժեք դրսևորվում են միայն տասը տարի անց, երբ արդեն ներծծվում ես այդ արվեստով: Ի դեպ, միայն բացառիկ մարդիկ են զբաղվում մնջախաղի արվեստով, որովհետև սա բարդագույն արվեստ է, և ամեն մարդ չի դիմանում: Անցյալ տարի մենք հրավիրվել էինք Տյումեն՝ մասնակցելու մի թատերական փառատոնի՝ «Կենդանի դեմքեր» խորագրով, որտեղ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն արժանացավ հատուկ մրցանակի: Ի դեպ, մենք հիմա հասել ենք այն աստիճանի, որ շատ կազմակերպիչներ պատիվ են համարում, որ մեր թատրոնը լինի տվյալ փառատոնում, և անգամ հոգում են մեր ծախսերը: Ասեմ, որ դեկտեմբերի 7-ին հրավիրված ենք Մոսկվա:

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում «Золотой Витязь» թատերական ֆորումի շրջանակներում մրցութային ելույթ ենք ունենալու միանգամից եզրափակչում: Եվ այդ բոլոր տեղերում մենք միակ մասնակից մնջախաղի թատրոնն ենք, որ մրցում է դրամատիկ թատրոնների հետ: Քանի որ մնջախաղի թատրոնները քիչ են, մենք արդեն հասցրել ենք մասնակցել դրանց մասով կազմակերպված բոլոր միջազգային փառատոններին՝ հավաքելով մեր մեդալները, և դրա համար հիմա այլևս իմաստ էլ չունի կրկին մասնակցել: Մեզ ավելի հետաքրքիր են թատերական փառատոնները:

Միջազգային ժյուրիի անդամները հաճախ են խոստովանում, որ մենք զարմանալիորեն այլ կարգի գործեր ենք անում, որ մեր թատրոնը մի յուրահատուկ տեսակ է, ուրիշ: Իհարկե, ժանրն իր առավելությունն ունի այն իմաստով, որ խոսքի, լեզվի թարգմանության խնդիր չկա, բայց որակը շատ կարևոր է:

-Բացի միջազգային մրցույթներին ունեցած մասնակցությունից՝ Հայաստանի մարզերում ունենու՞մ եք ներկայացումներ:

-Նախորդ տարիներին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եղել ենք մարզերում և տեսել ենք այնտեղ խաղացած մեր ներկայացումների արդյունավետությունը: Դրա համար այս տարի ինքս եմ նախաձեռնել նման այցեր տարբեր մարզեր ուսանողներիս հետ միասին: Այցելության ժամանակ ունենում ենք փոքրիկ վիդեո դասախոսություն, կենդանի զրույց և մի քանի էտյուդներ, որոնք երեխաներին ստիպում են մտածել: Նման նախաձեռնությունները շատ կարևոր են թե´ մարզերի պատանիների, թե´ դերասանների համար:

-Մնջախաղի թատրոնն արդեն տևական ժամանակ չունի իր սեփական շենքը, և Ձեր բեմադրությունները ներկայացվում են Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: 2017-ին կարծես վերջապես լուծում ստացավ այդ հարցը, երբ թատրոնին հատկացվեց Ազգային գրապալատի շենքը, և սկսեցին վերակառուցման աշխատանքները: Սակայն հենց վերջին օրերին Մշակույթի նախարարությունը հրաժարվեց այդ հատկացումից՝ բացատրելով, որ շենքը հուշարձանային է, և այնտեղ հնարավոր չէ փոփոխություններ իրականացնել: Ինչու՞ այդպես էլ լուծում չի ստանում Մնջախաղի պետական թատրոնի շենք ունենալու հարցը:

-Նախկին իշխանությունների ժամանակ ինձնից 20 տարի պահանջվեց հասցնելու համար այն կետին, որ մեզ անհրաժեշտ է սեփական շենք ունենալ, բայց հիմա կրկին ամեն ինչ հօդս ցնդեց: Մարդիկ պիտի հասկանան, որ մենք ուղղակի Մնջախաղի թատրոն չենք: Որպես Հայաստանում մնջախաղի ժանրի միակ ներկայացուցիչներ՝ տարածքն ուզում ենք ոչ թե զուտ Մնջախաղի թատրոնի ներկայացումներ խաղալու, այլ ժանրի զարգացմանը ծառայեցնելու համար:

Մեր թատրոնից պիտի ծնվեն տարբեր թատերախմբեր: Այժմ մենք ունենք խուլ երեխաների ստուդիա, ինչը ներառական իմաստով շատ կարևոր է: Մի խուլ ուսանող էլ ունեմ իմ կուրսում: Եթե մեր շենքի հարցը լուծվեր, կկարողանայինք մնջախաղի մշակույթին առնչվող շատ տարրեր մտցնել քաղաքում, քանի որ բազում նախագծեր ունենք: Երբ շենք չունես, դա մեծացնում է խնդիրների թիվը: Ես վստահ եմ, որ եթե շենքը լինի, իմ լավագույն դերասանները չեն մտածի երկրից մեկնելու մասին, այս արվեստով զբաղվող երիտասարդ ուսանողները ավարտելուց հետո չեն մտածի մեկ այլ գործ ունենալու մասին, որովհետև հեռանկար չեն տեսնում:

Մենք այս ամենը փորձում ենք պահպանել մեր նվիրվածության, խանդավառության և գոնե այն որակների հաշվին, որն ունի թատրոնը, բայց դա շատ դժվար է: Եվ հիմա ես չեմ հասկանում թատրոնի շենքի շուրջ ստեղծված այս ողջ աղմուկը: Մեզ խոչընդոտները չեն վախեցնում է, մենք, միևնույն է, պայքարելու ենք, որովհետև գործ ունենք աշխարհի ամենագեղեցիկ արվեստի հետ, որն, ի վերջո, ինքն է իր ճանապարհը բացելու:

ՀԳ Մեր հարցազրույցը տեղի է ունեցել մինչ նոյեմբերի 19-ը, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի մնջախաղի պետական թատրոնի ղեկավարությանը ներկայացրել է թատրոնի տեղակայման հերթական տարբերակը (շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում), որին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: