Հայերեն   English   Русский  

Նախընտրական կարգախոսներ. ով ինչ ուղերձ է հղում ընտրողին


  
դիտումներ: 904

«Կարգախոսը ցանկացած նախընտրական քարոզարշավի կարևորագույն տարրերից է։ Որովհետև շատ բան կարող է մոռացվել, բայց ոչ կարգախոսը:

Դրա միջոցով առնվազն երկու խնդիր է լուծվում։ Առաջինը նույնականացվում է քաղաքական ուժը․ երբ կարգախոսն ասվում է, միանգամից հասկացվում է, թե ում մասին է խոսքը։ Եվ երկրորդը, կարգախոսն իր մեջ հնարավորինս պարունակում է ուղերձներ, որոնք բնորոշում են տվյալ քաղաքական ուժին նախընտրական փուլում»,- ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ լավ կարգախոսը առաջին հանգրվանն է, որը ուշադրություն է հրավիրում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի նկատմամբ։

Ինչո՞վ և ինչպե՞ս կհիշվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակող քաղաքական ուժերը․ հարցի պատասխանը ստանալու համար «Անկախն» ուսումնասիրել է բոլորի կարգախոսները։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսի ընտրության հարցին և կան քաղաքական ուժեր, որոնք առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ կարգախոսին, ոչ լոգոյին։

Ստորև ներկայացնում ենք Վիգեն Հակոբյանի մեկնաբանությունները քաղաքական ուժերից յուրաքանչյուրի կարգախոսի վերաբերյալ։

1․ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Եթե մտահոգ ես․․․ ընտրիր Հանրապետականին» կարգախոսով։

Իմ կարծիքով՝ այս կարգախոսը բավականին դիպուկ է ՀՀԿ-ի ներկա իրավիճակի համար։ Այն, ըստ էության, ասում է․ «Եթե էյֆորիայի ազդեցության տակ չես, ապա կտեսնես, որ լիքը մտահոգվելու բաներ կան, իսկ եթե մտահոգ ես, ապա մենք էլ ենք մտահոգ, մեզ պիտի ընտրես»։ Կարգախոսի ենթատեքստը սա է։

Իրենք իրենց դիրքավորում են որպես միակ ամրատական ընդդիմություն։ Իրենք իրենց որպես սև են բնորոշում կամ որպես հակահեղափոխություն։ Ըստ էության իրենց կարգախոսն էլ դա է։ Այն կարճ է ու հիշվող։

Կարգախոսները կոչված են նաև սադրելու, որպեսզի դրա մասին շատ խոսվի, ծաղրվի, մեմեր ստեղծվեն, տրոլինգ արվի։ Որքան շատ է խոսվում, թերևս այնքան լավն է կարգախոսը, և իր ֆունկցիան կատարում է։

Հիմա եթե նկատեք, սոցցանցերում, տարբեր հարթակներում քննարկում, ձեռ են առնում։ Եթե այսօր որևէ շատ թե քիչ քաղաքականացված մարդու հարցնես՝ մտահոգվա՞ծ ես, միանգամից կասոցացվի ՀՀԿ-ի հետ։ Այդ առումով ՀՀԿ-ի կարգախոսն աշխատել է և շարունակելու է աշխատել։

2․ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով։

Իրենք նոր են և խնդիր ունեն դիրքավորվելու քաղաքական դաշտում։ Չգիտեմ՝ զուտ մեկ ընտրության համար են ստեղծվել, թե ավելի երկար ժամանակի, բայց սա լավ առիթ է, որ տեղավորվեն դաշտում որպես նոր ուժ։ Դրա համար իրենց կարգախոսում շատ են ուղերձները նորության մասին։

Հիմնական ուղերձն այն է, որ կուսակցությունը կապ չունի նախկինների հետ, նոր իրավիճակում ստեղծված է և ունի նոր լուծումներ։

Եթե իրենց կարգախոսի առաջխաղացմամբ ուզենային զբաղվել, երևի թե քիչ թե շատ կհիշվեր և կաշխատեր։ Ուղղակի դեռևս նոր են, ուրիշ թարմություն չկա իրենց գործողություններում, դրա համար իրենք վերջին պլանում են գտնվում։

3․«Սասնա ծռեր» կուսակցության կարգախոսն է «Ժամանակն է»։

Իրենք էլ, կարծում են, բավականին կրեատիվ են մոտեցել։ Ինչ են իրենք ասում՝ դժգոհություն են հայտնում, որ իշխանափոխություն իրականացրած ուժը շատ փափուկ է ռեֆորմների իրականացման, նախկին իշխանություններին կամ ամբողջ համակարգին պատժելու գործում։ Եվ ասում են՝ ժամանակը եկել է, որ այդ գործողություններն իրականացվեն և կտրուկ փոփոխություններ արվեն բոլոր ասպարեզներում։ Դա բնորոշ է իրենց, քանի որ բավականին ռադիկալ տրամադրվածություն ունեն և ռադիկալ գործիքակազմի կողմնակիցներ են։

Բայց կարգախոսը գրելուց բացի պետք է առաջխաղացնես, շրջանառես։ Կարծում եմ, որ դրանով առայժմ չեն զբաղվում, ուղղակի կարգախոս է, գրել են։

4․ «Մենք» դաշինքի կարգախոսն է՝ «Առաջինը՝ Հայաստան»։

Այստեղ ամեն ինչ ավելի քան հասկանալի է։ Իրենց լոգոյի վրա դաշինքի անունն է գրված և շրջապատված է ԵՄ աստղերով, ինչն ուղղակիորեն հուշում է, որ դաշինք կազմած կուսակցությունների քաղաքական կրեդոն աշխարհաքաղաքական դավանանքն է արևմտյան արժեքներին և լիբերալիզմին։

Կարգախոսի տեսակետից կարծում եմ՝ երկու մոտեցում կա։ Մի կողմից, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ իրենք, լինելով պրոարևմտյան լիբերալ ուժ, կարող են երկրի շահերը ստորադասել դրսի շահերին, գրում են, որ առաջինն ամեն դեպքում Հայաստանն է։ Մյուս կողմից, սա բավականին խորամանկ մեսիջ է, եթե հաշվի առնենք, որ նման է դոնալդ թրամփի կարգախոսին, որով նա նախագահ ընտրվեց՝ America first։ Այսինքն այստեղ արևմտյան քաղաքակրթական մեսիջները կրկնում են։ Կարծում եմ, որ մտածված կարգախոս է։ Եվ հատկապես սոցիալական ցանցերում լավ շրջանառում են։ Լոգոն հիշվել է, կարծում եմ, որ կարգախոսն էլ կհիշվի։

5․ Հայ հեղափոխական դաշնակցության կարգախոսն է «Հավատարիմ հողին և հային»։

Դաշնակցությունը մեր քաղաքական դաշտում միշտ եղել է նոր հոսանքների, դրսի տեխնալոգիաների կրող, որոնք Հայաստանի համար ոչ սովորական էին։ Հիշում եմ՝ 90-ականներին իրենք առաջինն էին, որ գունավոր պլակատներ էին օգտագործում: Փուչիկների, պրայմերիզների տեխնոլոգիան ևս առաջինն իրենք են կիրառել։ Հիմա իրենց մոտ այլ խնդիր է։ Լավ հասկանում են, որ բավականին փոքր ընտրազանգված է իրենց մոտ մնացել։ Այն ընտրազանգվածն է, որն ավանդաբար հավատարիմ է դաշնակցությանը ընդգծված ազգային գաղափարների համար։

Այսինքն՝ կարգախոսը պահպանողական է, որը բխում է իրենց 128 տարվա գաղափարախոսությունից։ Իրենք աշխատում են շատ հստակ ընտրազանգվածին հասկացնելու, որ այն նույն դաշնակցությունն են, 128 տարվա ընթացքում չեն շեղվել ազգային գաղափարախոսությունից։ Իրենք հիմա կարիք չունեն շատ տարածվելու և այլ ընտրազանգվածներից մարդ գրավելու։ Նրանց խնդիրը հիմա իրենց ընտրազանգվածը պահպանելն է և գուցե անցողիկին մոտ արդյունք գրանցելը:

6. «Իմ քայլը» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով:

Սա ստանդարտ կարգախոս է իշխանությունների համար, որոնք փորձում են լուրջ բյուրոկրատական, չինովնիկական կերպարով հանդես գալ՝ տոգորված երկրի ապագայով և ներկայով։ Ճիշտ բառեր են գրված, բայց դրանք միասին չեն հիշվում, որովհետև շատ պարզունակ նախադասություններ են, որոնք բազմիցս օգտագործվել են այլ տարբերակներով:

Կարգախոսը գուցե ուղերձներ պարունակում է, թե ապագա իշխանությունը ինչ նպատակ է իր առջև դնում։ Բայց քանի որ շատ ստանդարտ է, չի հիշվելու։ Ինչպես տեսնում ենք, իշխանություններն էլ առանձնապես դրա վրա շեշտ չեն դնում, կարգախոս է, գրել են, բուկլետների, պաստառների վրա կա, բայց դրա վրա շեշտ չի դրվում, քանի որ հասկանում են, որ շատ ավելի հեշտ մեսիջներ կան, որոնք իրենց ընտրազանգվածին թույլ են տալիս իրենց տարբերել մյուսներից։ Ավելի աշխատող կոդեր են Նիկոլ անունը և վարչապետ բառը։

Կարծում եմ, իրենք որոշել էին, որ «Նիկոլ վարչապետ»-ը ամենատարողունակ և պրակտիկ կարգախոսն է, բայց ինչ-որ մի փուլում, գուցե նաև հասարակական արձագանքը տեսնելով, չհամարձակվեցին լուրջ էքսպերիմենտի գնալ։ Գուցե ինչ-որ խորհրդատուներ ասացին, որ արդեն ընդդիմություն չեն և պետք է ավելի լուրջ բաներից խոսեն։

Արդյունքում եկել են ֆորմալ կարգախոսի, որն իր ֆունկցիան չի կատարում և չի կատարելու:

Եվ, որքան տեսնում եմ քարոզարշավի անցած օրերից, առանձնապես այդ կարգախոսի վրա խաղադրույք չի դրվել։

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսն է՝ «Մեր խոսքը գործ է», հավելյալ կիրառվում է ևս երկու կարգախոս՝ «Ճանապարհ դեպի երազանք» և «Հավատա, վստահիր, պահանջիր»:

Իրենք վերցրել են իրենց բոլոր հին կարգախոսները։

«Մեր խոսքը գործ է» կարգախոսը հիշվում է, որ որովհետև ոչ ընտրական սեզոնին էլ է իրենց առաջնորդն այդ միտքն արտահայտում։ Դա իր սիրելի ուղերձներից է, որ ցանկացած հանդիպման ժամանակ հնչեցնում է։ Դրա համար էլ բոլորը հասկանում են։

Կարծում եմ, երբ ժամանակը շատ կարճ է և նոր մոտեցումներով հանդես գալու խնդիր չկա, քանի որ նորություններ չկան մեսիջներում, կարելի է և նախկին հաջողված կարգախոսներն օգտագործել:

Անգամ քարոզարշավի առաջին օրը նախորդ ընտրության վիդեոներով էին հանդես գալիս։ Այսինքն իրենք նոր խոսք չեն ուզում հիմա ասել, ասում են՝ միշտ էլ ասել ենք, թե ինչ է պետք անել, պարզապես մեզ չեն լսել։

Կարգախոսը նույնն է, քանի որ նոր ուժ չեն, նոր մեսիջ չունեն, նոր մոտեցումի կարիք չեն զգում, փորձում են իրենց եղած ռեսուրսներով, իրենց քաղաքական կապիտալով այս իրավիճակից բխող իրենց ծրագրերն իրականացնել և հայտնվել խորհրդարանում։ Հիմա նաև չունեն նույն ամբիցիաները, ինչ ունեին նախկինում, դրա համար կտրուկ փոփոխություններ չեն անում, ինչ-որ չափով կոնսերվատիվ են իրենց պահում։

8. «Լուսավոր Հայաստան» կուսակցության կարգախոսն է՝ «Լուսավորիր Հայաստանը»:

Այստեղ բառախաղ են արել՝ Լուսավոր Հայաստան-լուսավորիր Հայաստանը։ Կարող է հիշվել:

Կարծում եմ՝ այս կարգախոսը գրողները հույս ունեն, որ նաև տրոլինգի արդյունք կդառնա, ձեռ կառնեն, կասեն, օրինակ՝ լույսի մարդիկ։ Կարևորը խոսեն՝ տրոլինգ, մեմեր արվեն։

Անվանման մեջ կա պրովակացիա։ Որպեսզի այդ մասին խոսեն, երբեմն իրենք պետք է նախաձեռնեն։ Ինչ-որ աշխատանք արվել է, բայց հաշվի առնելով այն, որ տրոլինգները, մեմերն այդքա էլ շատ չեն երևում, կարծում եմ՝ այդքանով սահմանափակվել են և անցել են ավանդական հայկական տեխնոլոգիաներին՝ մարզերում խոսում են, լայվեր են անում և այլն։

9. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական կարգախոսն է «Ապագան քոնն է»։

Նոր կուսակցություն է, բոլորը երիտասարդներ են, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, որոնք ունեն իրենց ամբիցիաները։

Կարծում եմ՝ բավականին պարզունակ կարգախոս է, չեմ կարծում, որ հաջող կարգախոս է երիտասարդ թիրախային խմբի վրա աշխատելու տեսանկյունից։ Իսկ դժվար թե ապագան քոնն է ասեն 70-ից բարձր մարդկանց: Ուրեմն կարող էին գտնել ավելի հաջող տարբերակ, որը ավելի սոցցանցային կլիներ։ Այնտեղ մի քիչ այլ բառապաշար է։

Լոգոն էլ կանաչ է, որը ցույց է տալիս թարմություն, երիտասարդություն։ Լոգոյի ուղերձը և կարգախոսն իրենց կրեատիվությամբ իրար չեն համապատասխանում։

10. Օրինաց երկիր կուսակցության կարգախոսն է՝ «Օրինականություն, արդարություն և ապահովություն»:

ՕԵԿ-ը երկար ժամանակ է չի զարգանում, բավականին կայուն ոչ կրեատիվ վիճակում է մնացել։ Ամբողջ շեշտն անընդհատ դրվում է իրենց ղեկավարի վրա, որը ժամերով տեքստեր է կարդում, ծրագրեր է ասում, ելնելով քաղաքական կոնյուկտուրայից կամ քնանդատում է կամ գովում այս կամ այն քաղաքական գործչին։

Իրենց կարգախոսն էլ կարծում եմ բնորոշ է իրենց այսօրվա լճացած վիճակին, երբ որևէ պրոգրես, թարմություն չկա։

Ծառուկյանի կարգախոսն էլ է հին, բայց իրենց բնորոշ է։ Բայց այն, ինչ ՕԵԿ-ն է ասում, իրենց բնորոշ էր գուցե մի տասը տարի առաջ։

11. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դեռևս չի հրապարակել իր նախընտրական ծրագիրը և հայտնի չէ, թե ինչ կարգախոսով են մասնակցում ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: