Հայերեն   English   Русский  

Տարածաշրջանում 1-ին կին նախագահը վրացի է


  
դիտումներ: 953

Վրաստանի 5-րդ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է՝ թե Վրաստանի, թե տարածաշրջանի առաջին կին երկրի ղեկավարը։ Նա ընտրվել է 6 տարի ժամկետով։

Զուրաբիշվիլին ընտրվել է նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում՝ քվեների 59,5 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն ստացել է ընտրողների քվեների 40,4 տոկոսը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 56 տոկոս։

Սա ընտրությունների երկրորդ փուլն էր։ Առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը չէր կարողացել հավաքել քվեների 50 տոկոսից ավելին ընտրվելու համար։ Երկրորդ փուլում, սակայն, ընտրվելու համար բավարար էր քվեների առավելությունը։

Նշենք, որ հայաշատ Ախալքալաքում, Ախալցխեում, Նինոծմինդայում, Ծալկայում, ինչպես և մասնագետները կանխատեսել էին, առաջատարը եղել է Զուրաբիշվիլին։ Նա հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել էր Սահակաշվիլիի կառավարման տարիներին իրականացված հակահայկական քաղաքականության մասին։ Բացի այս հանգամանքը, Զուրաբիշվիլիին աջակցության հարցում դեր է ունեցել նաև իշխող կուսակցության աջակցությունը․ազգային փոքրամասնություններըսովորաբարաջակցումենիշխանության թեկնածուին։

Ուղիղ ընտրված նախագահ՝ սահմանափակ իրավասություններով

Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում, շուրջ 30 տարի որպես դիվանագետ ծառայել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, եղել է նաև Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում։ 2004-ին նա նշանակվել է Վրաստանի արտգործնախարար։ Մոտ մեկ տարի անց, սակայն, պաշտոնանկ է արվել՝ այդ պահից ի վեր ընդդիմադիր կեցվածք որդեգրելով Սահակաշվիլիի նկատմամբ։

Ֆրանսիայում ծնված նախկին դիվանագետը, չնայած համարվում էր անկախ թեկնածու, սակայն վայելում էր իշխանությունների աջակցությունը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններում սատարում էր Զուրաբիշվիլիին։ Պատահական չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել հօգուտ Զուրաբիշվիլիի, ինչպես ընտրակաշառքն է ու քվեարկության գաղտնիության խախտումը։ Իսկ տեղական դիտորդ կազմակերպությունները նշում են, որ ընտրություններից օրեր առաջ իշխանությունների հայտարարությունը, թե ներում են 600 հազար քաղաքացիների պարտքերը, կարող էր ազդեցություն ունենալ ընտրողների դիրքորոշման վրա։

Ընդդիմադիր թեկնածուին սատարող Միխայիլ Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ցույցեր սկսել Վրաստանում՝ դժգոհելով կեղծված ընտրություններից և պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Սահակաշվիլին հույս ուներ, որ Գրիգոլ Վաշաձերի ընտրության դեպքում ինքը համաներմամբ կկարողանա ազատվել հետախուզումից և Վրաստան վերադառնալ։ «Վրացական երազանքում» էլ վստահ էին՝ Վաշաձեի գլխավոր նպատակը ոչ թե նախագահի աթոռը ստանալն էր, այլ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ներում շնորհելը և քրեական հետապնդումից ազատելը։

Հիշեցնենք, որ սրանք խորհրդարանական Վրաստանում նախագահի վերջին ուղիղ ընտրություններն էին։ Իսկ երդմնակալությունից հետո, երբ ուժի մեջ կմտնի փոփոխված սահմանադրությունը, նախագահը կունենա էլ ավելի սահմանափակ և սիմվոլիկ լիազորություններ։

Ինչպես նշում է Վրաստանի հարցերով մասնագետ Հասմիկ Մելիքսեթյանը, նոր նախագահը լինելու է երկրի գլուխը, անկախության և միասնության երաշխավորը, ինչպես նաև ԶՈւ գերագույն հրամանատարը։

Նախագահն իրավունք կունենա զբաղվել երկրի արտաքին գործերով, նշանակել Սահմանադրական դատարանի 3 դատավորի, նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, քաղաքացիություն տալ, առանց Խորհրդարանի համաձայնության ներում շնորհել (չշփոթել համաներման հետ) դատապարտյալների, պատերազմի ժամանակ պիտի ստեղծվի Ազգային պաշտպանական խորհուրդ, որը ղեկավարելու է նախագահը։ Խորհրդի մշտական անդամներն են լինելու նախագահը, վարչապետը, Խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։ Նախագահի որոշմամբ կառավարության կամ Խորհրդարանի այլ անդամներ էլ կարող են հրավիրվել խորհուրդ։ Կառույցը գործելու է մինչև պատերազմական դրության ավարտը։

Նախագահն իրավունք չի ունենա խառնվել երկրի ներքին գործերին, կառավարմանը, խաղաղ պայմաններում ունենալ նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ։

Նախագահի ընտրությունները՝ թեստ խորհրդարանական ընտրություններից առաջ

Մասնագետները Վրաստանում նախագահական ընտրությունները համարում են 2020-ի խորհրդարնական ընտրությունների գլխավոր փորձը, երբ ուժերից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ գնահատելու իր քաղաքական կապիտալը, ընտրազանգվածը, շոշափել առկա տրամադրությունները։

Այս առումով, ըստ Մելիքսեթյանի, իշխանություններն աշխատելու տեղ ունեն։ «Վաշաձեի օգտին քվեարկածների մեծ թիվը, կարծում եմ, իշխանության համար սթափեցնող ուղերձ էր առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ հստակ աշխատելու համար»,- ասում է նա:

Վրացագետներն ու քաղաքագետները նշում են՝ այն, որ իշխանական թեկնածուն թեկուզ և դժվարությամբ, բայց կարողացավ հաղթել նախագահական ընտրություններում, դեռ չի նշանակում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակը «Վրացական երազանքինն» է։ 2012-ից իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը չի արդարացրել Վրաստանի քաղաքացիների ակնկալիքները՝ աստիճանաբար մեծացնելով հիասթափությունը։ Ըստ մասնագետների՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար հարկավոր է, որ «Վրացական երազանքն» այս ընթացքում կարողանա տնտեսական ցուցանիշներ ապահովել, որոնք զգալի կլինեն շարքային ընտրողի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: