Հայերեն   English   Русский  

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը


  
դիտումներ: 995

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունե լէ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը,

որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը:

Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ՝ նպատակն ունենալով տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը և ներդնել ոռոգման ժամանակակից համակարգեր: Կարևոր բաղադրիչներից են հողերի կոնսոլիդացումը և 20 կոոպերատիվների ստեղծումը` յուրաքանչյուրը շուրջ 100 հեկտար տարածքով:

Բարձր գնահատելով ֆրանսիական փորձի կիրառումը ծրագրի մշակման և իրականացման գործում` Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում կնքել դրա իրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը և աստիճանաբար անցնել գործնական քայլերի:

Նկատի ունենալով Ֆրանսիայի վարկանիշն ու համբավը խաղողագործության և գինեգործության ոլորտներում` Գեղամ Գևորգյանը կարևորել է նաև ֆրանսիացի փորձագետների աջակցությունն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման հարցում:

Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորման և գյուղատնտեսական կրթության բնագավառում փոխգործակցության հնարավորությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: