Հայերեն   English   Русский  

​Ռուս կնոջ բռնաբարության փորձի պատճառով կարգապահական վարույթ դատավորի նկատմամբ


  
դիտումներ: 1404

2018թ. հոկտեմբերի 29-ին ոստիկանության ստացած հաղորդման համաձայն գյումրեցի երիտասարդը փորձել է բռնաբարել ռուս կնոջը, վերջինիս բողոքի հիման վրա էլ 28-ամյա Հ.Շահնազարյանը կալանավորվել էր:

Նրա հարազատները ի նշան բողոքի նոյեմբերի 3-ին փակել էին Շիրակի դատախազության ճանապարհը, հանդիպել մարզի դատախազին, նշել, թե իրենց որդին տվյալ օրը նշված ժամին տանը քնած է եղել, իսկ դեկտեմբերին երիտասարդի հարսանիքն է նշանակված: Դատախազը նշել էր, թե պետք է նորից դիմել կալանքը գրավով փոխելու միջնորդությամբ: Դրանից հետո միջնորդությունը բավարարվել էր, Շահնազարյանը ազատ էր արձակվել գրավի դիմաց, սակայն մեղադրող դատախազը բողոքարկել էր այն:

Էդգար Թումասյան

- Նոյեմբերի 3-ին ես կալանքի դեմ վերաքննիչ բողոք էի ներկայացրել, որի համար դատական նիստ էր նշանակվել նոյեմբերի 22-ին, այսինքն՝ 19 օր անց, բայց նիստը չկայացավ, քանի որ դատախազը չէր ներկայացել, - ասում է Շահնազարյանի պաշտպան Էդգար Թումասյանը, ապա ավելացնում,- Դատախազն էլ էր վերաքննիչ բողոք ներկայացրել՝ գրավի դեմ, բայց իր բողոքի քննությունը նշանակվել էր մեկ շաբաթվա ընթացքում:

Վերաքննիչ երկու բողոքն էլ լսվեց նույն օրը, ընդամենը 2-2.5 ժամվա ընթացքում:
Ըստ փաստաբանի, տպավորություն է եղել, թե դատավորը շտապել է որոշում կայացնել, կարծես, պատվեր է կատարել:

Շահնազարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը մերժել է դատարանը, իսկ դատախազի գրավի դեմ կատարած միջնորդության ժամանակ պաշտպանը գրավոր առարկություն է ներկայացրել՝ բաղկացած 13 էջից:

-Ցանկացած մարդ 13 թերթ կարդալու և ընկալելու համար գոնե առնվազը 1 էջի համար 1-2 րոպե պետք է ծախսի, ճի՞շտ է: Դատարանը պետք է ուսումնասիրի առարկությունը, քանի որ իր որոշման կայացման հիմքում պետք է անդրադառնա առարկություններին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու համար: Դեռ չէինք հասցրել դահլիճից դուրս գալ, երբ նիստի քարտուղարը հայտարարեց, թե եկեք, դատավորը հրապարակում է որոշումը:

Հարցնում եմ՝ ո՞նց է հրապարակում որոշումը, դատավորն այդ ժամանակահատվածում հազիվ հասցներ բարձրանալ խորհրդակցական սենյակ և իջնել, - Ankakh.com-ին պատմում է Էդգար Թումասյանը: Նշում, եթե նույնիսկ դատավորը պատվեր էր կատարում, ապա կասկածի տեղիք չտալու համար, գոնե կես ժամից կարող էր իջնել դահլիճ:

Փաստաբանը ներկայացնում է իր առարկությունները, նախ այն, որ դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումը որևէ առնչություն չունի այս գործի հետ:

-Դատախազն ուղղակի վերցրել էր քրեական դատավարության օրենսգրքի խափանման միջոցի հիմքերը, շարադրել էր դրանք և ասել, թե այս հիմքերը կան: Ասում եմ, հարգելի դատախազ, եթե համաձայն չեք, դուք պետք է բողոքեիք առաջին ատյանի դատարանի որոշումը, որը կալանքի որոշում է կայացրել ոչ թե ձեր ներկայացրած հիմքերով, այլ ընդամենը մեկ հիմքով, ոչ թե վերաքննիչում բողոքարկեիք գրավը:

Այնուամենայնիվ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և որպեսզի Հրաչ Շահնազարյանը նույն օրը կալանավորվի, դատախազին տրվել է մեկ էջից կազմված որոշման քաղվածքը, որում, ըստ փաստաբանի ներկայացրածի, չեն եղել որոշման նկարագրությունն ու պատճառաբանությունը:
Պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, իսկ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկի նաեվ վճռաբեկ դատարանում:

Էդգար Թումասյանը վերաքննիչ դատարանի դատավորի պահվածքի մասին պատրաստվում է դիմել նաև արդարադատության նախարարին:

- Ստանալով դատական նիստի ձայնագրությունները, կդիմեմ արդարադատության նախարարին, որպեսզի քննարկվի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, թե ինչպես կարող է դատավորը 2-3 րոպեում կայացնել որոշում, այն էլ երբ նրան ներկայացվել է 13 թերթից բաղկացած առարկություն: Դա ցանկացած տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել:

Փաստաբանը դատախազության նման վերաբերմունքում միտումնավորություն տեսնելու մասին հարցին պատասխանում է, թե դա կարող է պայմանավորված լինել տուժողի ազգային պատկանելիությամբ, ինչպես և դատախազությանն ուղղված իր մի հրապարակման հետևանք.

- Խորհուրդ էի տվել դատախազությանը գոնե ուսումնասիրել Շահնազարյանի կալանքի որոշումը, ապա նոր դատողություններ և հրապարակումներ անել: Կարծում եմ, դատախազությունը նաև վիրավորված է այս հրապարակումիցս: Բայց ես չէի կարող դրան չանդրադառնալ, որովհետև այնպիսի ապատեղեկատվություն էր հրապարակվել, որ կարդալով հասկանում էիր, թե կալանքի համար հիմքեր են եղել՝ կարող էր թաքնվել, խոչընդոտել, բայց ինչպե՞ս կարող է հրապարակվել մի հիմք, որը գոյություն չունի և այն էլ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, - ասում է պաշտպանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: