Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գաբրիելյան. «Տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ունի ավանդույթներով հարուստ պատմություն»


  
դիտումներ: 633

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով

անցկացված ֆուտզալի մրցումներում 16 թիմերի պայքարում հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը` եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով ԵՊՀ-ի նկատմամբ և նվաճելով 2018 թվականի չեմպիոնի կոչումը:

Անկախի հետ զրույցում ՀՊՏՀ-ի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը խոսում է թիմի հաղթանակի, տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների ու նվաճումների, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման շրջանակներում տնտեսագիտական համալսարանի կողմից իրականցվող բազմապիսի միջոցառումների մասին:

-Պարոն Գաբրիելյան, շնորհավորում ենք Ձեր թիմի հաղթանակի կապակցությամբ: Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը:
-Շնորհակալ եմ: Թիմի հաջողությունները պատմություն ունեն և պատահական չեն: 2018 թվականին աա մեր թիմի արդեն 3-րդ հաղթանակն է: Տարվա սկզբին` հունվար-փետրվար ամիսներին, թիմը մասնակցեց կարևորությամբ 2-րդ` ֆուտզալի բիզնես լիգայի Ա ենթախմբի առաջնությանը, որտեղ 10 թիմերի շարքում դարձավ հաղթող:

Հովհաննես Գաբրիելյան

Ուսանողական մարզական խաղերն այս տարի բավական շատ էին: Անցկացվեցին միջոցառումներ թե՛ ՀՀ կրթության և գիտության, թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Մայիսին թիմը մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող 19-րդ ավանդական մարզական ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնությանը, որտեղ 14 թիմերի պայքարում կրկին դարձավ հաղթող:
Տարին եզրափակեցինք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման ծրագրերի շրջանականերում 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվող ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելով:

-ՀՊՏՀ ֆուտզալի թիմի հաջողությունը պատահական չէ. հաղթանակներով հարուստ պատմություն ունեք:
- ՀՊՏՀ-ի ֆուտզալի թիմը բազմաթիվ հաջողություններ է գրանցել: Թիմը 2010 թվականից ուսանողական մարզական խաղերի բազմակի չեմպիոն է, 2014-2015թթ., 2015-2016 թթ. մրցաշրջանների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթողն է:
Թիմը մասնակցել է եվրոպական համալսարանական խաղերի առաջնություններին` հաղթանակներ տոնելով, քառորդ եզրափակիչ հասնելով: 2 անգամ մասնակցել ենք ՈԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությանը: 2016-2017 թթ. Ա ենթախմբի առաջնությունը հյուրընկալել ենք Երևանում` տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:
Թիմի կազմը տարիների ընթացքում փոփոխվել է: Մեր լավագույն մարզիկները, ովքեր խաղացել են բարձրագույն խմբում և միջազգային հարթակներում, այժմ համալրել են այնպիսի թիմերի կազմերը, որոնք տոն են տալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում, ինչու չէ նաև Եվրոպայի տարբեր առաջնություններում: Նշեմ սակայն, որ թիմը պահպանել է մարտունակությունը: Մենք կարողանում ենք սերնդափոխություն իրականացնել թիմում: Լավագույն մարզիկները, ովքեր դեռ ուսանող են, շարունակում են խաղալ: Մարզումների ժամանակ նրանք իրենց փորձը փոխանցում են երիտասարդ մարզիկներին: Թեև բուհն ավարտել է, սակայն մեր թիմում այս տարի վերջին անգամ ուսանողական խաղերին, ըստ կանոնակարգի, մասնակցեց Հակոբ Դոքմանյանը: Հակոբը Հայաստանի հավաքականի անդամ է, Հայասատնի բազմակի չեմպիոն, եվրոպական առաջնությունների մասնակից: Հանդես է եկել առաջատար թիմերում, բարձրագույն խմբում հանդես եկող «Լեո»-ում, այժմ` «Արմենիա թրավել»-ում: Մեր լավագույն մարզիկներից են Արա Բաղդադյանը, ով անցած մրցաշրջանում պայքարում էր լավագույն ռմբարկուի կոչման համար, Սամվել Այվազյանը, էդգար Կարապետյան, Մարտին Ալեքսանյանը, ովքեր ունեն խաղային բարձր որակներ, կարող են մրցել ուժեղագույն թիմերի հետ և հաղթել: Թիմը համալրված է նաև 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներով: Թիմի կայացման գործում մեծ ներդրում ունի բուհի ղեկավարությունը, որը մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկական դաստիարակությանն ու սպորտին: Թիմի հաջողություններում մեծ ավանդ ունի մարզիչ Կարեն Միքայելյանը, ով բուհի դասախոսներից է եղել, սակայն դասաժամերի կրճատման պատճառով այս տարի չի մասնակցում մարզչական աշխատանքին: Ես հանդես եմ գալիս նաև որպես թիմի պատասախանտու մարզիչ:

Հովհաննես Գաբրիելյան

-ՀՊՏՀ-ն հատուկ ուշադրություն է դարձվում ֆիզիկական կուլտուրային ու սպորտին: Ամբիոնը տարբեր մարզաձևերից կազմակերպում է միջֆակուլտետային առաջնություններ` նպաստելով սպորտի մասսայականացմանը, հայտնաբերելով լավագույն ուսանող-մարզիկներին:

-Տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ունի ավանդույթներով հարուստ պատմություն: Ամբիոնն ունեցել է բազմավաստակ և շնորհալի վարիչներ ՝ հանձինս Լյովա Սամվելյանի, Սիմոն Հակոբյանի: Մենք փորձում ենք շարունակել լավագույն ավանդույթները: Դրանցից մեկը ներբուհական միջֆակուլտետային խաղերն են, որոնք անցկացնում ենք բուհի ուսանողական խարհրդր հետ համատեղ: Տարվա ընթացքում անցկացնում ենք 3 նմանատիպ միջոցառում: Համալսարանը Դիլիջանում ունի «Տնտեսագետ» ճամբարը: Ամռան ընթացքում ճամբարային միջոցառումներում մարզական խաղեր էլ ենք ընդգրկում:

Բոլորովին վերջերս ավարտվեցին աշնանային միջֆակուլտետային մարզական խաղերը: 6 մարզաձևերից 8 առաջնություններ ենք անցկացնում, որոնց մասնակցում են բուհի ուսանող-մարզիկները, որոնք ընդգրկված են բուհի մարզական խմբակներում, ֆակուլտետների հավաքականներում: Պետք է նշեմ, որ խաղերն անցնում են շատ ակտիվ, ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում` պաշտպանելով իրենց ֆակուլտետների պատիվը: Ամբիոնի դասախոսներն աշխատում են 2 ճակատով: Օգնում են թիմերին նախապատրաստվել, ինչպես նաև, ուսխորհրդի հետ միասին, իրականացնում են ամբողջ մրցաշարի մրցավարությունը: Մենք սիրով ենք կատարում մեր աշխատանքը, և դրա շնորհիվ կարողանում ենք համալրել բուհի մարզական թիմերը` հաջող հանդես գալով միջբուհական ուսանողական տարբեր առաջնություններում, հանրապետական և միջազգային մրցաշարերում:

-Տեղյակ եմ, որ Ձեր բուհը կազմակերպում և անցկացնում է նաև միջբուհական դասախոսական խաղեր: Ե՞րբ կկայանան հաջորդ խաղերը:

-2019 թվականի փետրվարին արդեն 6-րդ անգամ ենք անցկացնելու դասախոսական մարզական խաղերը` ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համագործակցելով: Այս խաղերին մասնակցում են դասախոսներ Հայաստանի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների ֆիզիիկական դաստիարակության ամբիոններից և պրոֆեսորադասախոսական կազմերից: Անցկացնում ենք վոլեյբոլի, շախմատի, սեղանի թենիսի, հրաձգության առաջնություններ` միաժամանակ փորձելով ամեն տարի ավելացնել մարզաձևերի քանակը: Ընտրել ենք այնպիսի մարզաձևեր, որոնք մատչելի են յուրաքանչյուր սեռի ու տարիքի համար: Ողջունելի է, որ մեզ աջակցում են նաև մյուս բուհերը. շախմատի առաջնությունն անցկացնում ենք Հայաստանի ագրարային համալսարանի շախմատի թանգարանում, հրաձգությունը` Երևանի պետական համալսարանի նորակառույց հրաձգարանում, մյուս մարզաձևերը հյուրընկալում է կազմակերպիչ բուհը` Հայաստանի տնտեսագիտական համալսարանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: