Հայերեն   English   Русский  

«Տարոն Ավիան» ռուսական օդանավակայաններից բողոքը կուղղորդի հենց ԵՏՀ


  
դիտումներ: 867

«Տարոն Ավիա» հայկական ընկերությունը պնդում է, որ ռուսական օդանավակայաններում ստեղծված են անհավասար պայմաններ։

«Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը ռուսական օդանավակայանների մասին իր բողոքը կներկայացնի հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Sputnik Արմենիային հաղորդեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ)։

Ավելի վաղ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել էր Հայաստանի ՏՄՊՊՀ` բողոքելով ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ տրամադրելուց։

Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Արման Մանասերյանը, նրանց գերատեսչությունն իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է ԵՏՀ գործընկերներին։

«Քանի որ խոսքը գնում է անդրսահմանային շուկայի մասին, մենք բարձրացրել ենք այդ հարցը ԵՏՀ–ի գործընկերների մոտ։ Քննարկել ենք այն Երևանում Եվրասիական շաբաթի ընթացքում։ Բացի այդ, մենք հրավիրել ենք «Տարոն Ավիայի» ներկայացուցիչներին` ՏՄՊՊՀ–ում հարցը քննարկելու համար», – ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել, որ ընկերությունը կդիմի ԵՏՀ։ Պաշտոնապես դեռ դիմում չի ներկայացվել, բայց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնվում են «Տարոն Ավիայի» մոտ։ ՏՄՊՊՀ–ն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի ընկերությանը իր լիազորությունների շրջանակում։

Sputnik Արմենիան դիմել է ավիաընկերությանը, որտեղ հաստատել են` այս շաբաթվա ընթացքում պատրաստվում են բողոքը ուղղորդել ԵՏՀ։

«Պետական հանձնաժողովը մեզ դիմումի ձև է ուղարկել, այն լրացված է։ Բանն այն է, որ մեր ղեկավարը Հայաստանում չէ։ Նրա վերադառնալուց հետո փաստաթուղթը կհամաձայնեցվի և կուղարկվի Եվրասիական հանձնաժողով», – հաղորդել են ընկերությունում։

ԵՏՀ–ից հաստատեցին, որ սպասում են պաշտոնական դիմումի։ Երևանում Եվրասիական շաբաթի շրջանակում նրանք ծանոթացել են հարցին։

Նշենք, որ «Տարոն Ավիայի» տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին, ինչը ԵԱՏՄ կանոնների խախտում է, իսկ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում։

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով: Անվտանգ թռիչքներ ենք մաղթում ավիաընկերությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: