Հայերեն   English   Русский  

Արտակ Ստեփանյան. «Մրցումներում կարևորվում է ոչ թե հաղթանակը, այլ ուսանողների ոգևորությունը, հույզերն ու ապրումները»


  
դիտումներ: 690

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2-րդ տարին անընդմեջ «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով կազմակերպում և անցկացնում է տարբեր մարզաձևերի` հնգամարտի, ուժային եռամարտի, հրաձգության, ֆուտզալի, սեղանի թենիսի, վոլեյբոլի և բասկետբոլի մրցաշարեր:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների թիմը, առաջին անգամ մասնակցելով խաղերին, բավական հաջող հանդես եկավ ֆուտզալի մրցումներում `16 թիմերի պայքարում գրավելով երրորդ հորիզոնականը:
Անկախի հետ զրույցում ՀՖԿՍՊԻ-ի մագիտրատուարյի բաժնի պետ Արտակ Ստեփանյանը խոսում է թիմի կազմավորման, ուսանող-մարզիկների մասնակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման շրջանակներում նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորության մասին:

-Պարոն Ստեփանյան, տեղյակ եմ, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի թիմը, թեև արագ և կարճ ժամանակում ձևավորվեց, բայց և, բավական հաջող հանդես եկավ ուսանողական մարզական խաղերում:
- Ինձ համար անչափ ուրախալի է, որ խաղերին մասնակցելու ցանկությունն ու գաղափարը ուսանողներին էր: Մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողները համախմբվեցին, կազմեցին թիմ, որպեսզի հանդես գան այս մրցումներում: 1-ին անգամ ֆիզկուլտուրայի ինստիտուտի թիմը մասնակցեց նման մրցաշարի:

Արտակ Ստեփանյան

Թիմը հիանալի հանդես եկավ փուլային խաղերում` հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Այստեղ, կարելի է ասել, մեր մարզական բախտը չբերեց: Վիճակահանության արդյունքում հանդիպեցինք Հայաստանի տնտեսագիտական համալսարանի թիմի հետ: Վերջինս մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ունի այս ասպարեզում, հանդես է եկել նաև Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, մի շարք միջազգային մրցաշարերում: Մենք անզիջում պայքարում պարտվեցինք ապագա չեմպիոնին: 3-րդ տեղի համար մրցեցինք ճարտարագիտական համալսարանի թիմի հետ: Դիտարժան պայքարում կարողացանք հաղթել:
Այս փորձությունը մեզ համար կարևոր էր: Թիմը հաջող հանդես եկավ: Նշեմ, որ արդեն իսկ ստացել ենք հրավերներ` այլ մրցաշարերի մասնակցելու:


-Թվում է`ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի թիմերն ու մարզիկները պետք է նման մրցաշարերի առաջատարները լինեն: Այնինչ ոչ բոլոր մարզաձևերից մասնակիցներ ունեիք: Ո՞րն է պատճառը:
-Ֆիզկուլտուրայի ինստիտուտը մարզական մասնագիտական բուհ է: Բնական է, որ բուհում սովորում են ուսանողներ, որոնք ընդգրկված են մարզաձևերի ազգային հավաքականներում որպես լավագույն մարզիկներ: Այս առումով ինչ-որ չափով արդար չէ, որ պրոֆեսիոնալ մարզիկները ներգրավվեն պայքարի մեջ: Մեր թիմի հիմնական կազմը ձևավորվեց մագիստրատուրայի ուսանողների շրջանակում, որոնք տարբեր մասնագիտացումներ ունեն: Այդ պատճառով էլ մեզ թույլ տվեցին մասնակցել: Այդ առումով հարկավոր է, որ հստակ սահմանազատում լինի. այն ուսանողները, որոնք խաղում են բարձրագույն խմբի առաջնություններում, չպետք է մասնակցեն այս խաղերին:
Անկախ մասնագիտացումից ու զբաղվածության աստիճանից` ցանկանում եմ, որ մեր բուհը դառնա օրինակելի մրցումների մասնակցության առումով:


-Որքանո՞վ է կարևոր նման մրցաշարերի անցկացումը ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման համար:
- Այս միջոցառումներն անչափ կարևոր են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի քարոզման, առողջ ապրելակերպի ներդրման համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունները լուրջ ուշադրություն են դարձնում ուսանողական սպորտին: Դրա վառ ապացույցն այս մրցաշարերի կազմակերպումն է: Հայաստանում միևնույն անվանումով անցկացվում է 2 մրցաշար: Նպատակահարմար է, որ համատեղ մեկ մրցաշար լինի, թիմերը պայքարի մեջ մտնեն խմբային փուլից` տանը և մրցակցի հարկի տակ խաղալով: Այս կերպ թիմերն ավելի շատ խաղեր անցկացնելու հնարավորություն կստանան:
Նշեմ նաև, որ այս մրցումներում կարևորվում է ոչ թե հաղթանակը, այլ ուսանողների ոգևորությունը, հույզերն ու ապրումները: Ուրախալի է, որ այս տարի մասնակիցների աճ նկատվեց. պայքարի մեջ մտան նաև ոչ պետական բուհերը: Ցանկալի կլինի, որ մրցումներն անցկացվեն դասերից հետո, որպեսզի ուսանողները կարողանան հետևել ելույթներին, քանի որ նրանց կողմից կա փոքր-ինչ պասիվություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: