Հայերեն   English   Русский  

Արցախը՝ նախընտրական ծրագրերում


  
դիտումներ: 501

Ինչպիսին են տեսնում Արցախի հարցի լուծումը օրենսդիր գործունեություն ծավալելու համար պայքարող քաղաքական ուժերը։ Հարցի պատասխանը ստանալու համար «Անկախն» ուսումնասիրել է նրանց ծրագրերը։

Այսպես՝ «Իմ քայլը» դաշինքն Արցախի վերաբերյալ իր տեսլականը շարադրել է «Ազատ և զարգացած Արցախ» խորագրի ներքո։ Խորհրդարանում մեծամասնության հավակնող ուժի քայլերն Արցախի հարցում ուղղված են լինելու․

1․Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,

2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը և բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,

3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրմանը,

4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,

5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակմանը։

Բացառությամբ բանակցություններում Արցախի ձայնի ճանաչման դրույթի, մնացյալը կարծես նախկին իշխանությունների վարած քաղաքականության շարունակությունն է։ Ծրագրում կան նաև բացեր։ Այսպես՝ հստակեցված չէ, թե ինչ նկատի ունեն Արցախ ասելով՝ նախկին ԼՂԻՄ տարածքը, թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը՝ ներառյալ ազատագրված տարածքները։ Մյուս բաց հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող առկա գործընթացի շրջանակները պահպանելու խոստումն է․ արդյո՞ք սա նշանակում է, որ շարունակելու են քննարկել Մադրիդյան և դրան հաջորդող վերափոխված սկզբունքները՝ բանակցելով տարածքներ հանձնելու շուրջ։

Ուշագրավ է ծրագրում ամրագրված մեկ այլ դրույթ․ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար, ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։ Սա, իհարկե, ողջունելի է, եթե հաշվի չառնենք, որ հասարակական կարծիքը ձևավորվում է քարոզչության, այդ թվում և ներկայում հեղինակություն վայելող կառավարության կողմից։ Այս համատեքստում հնարավոր չէ չնկատել, որ ներկայում հասարակական կարծիք ձևավորելուն միտված քարոզչությունը հօգուտ Արցախի և արցախահայության չէ։

ՀՀԿ-ն որպես ընդդիմություն առավել պահպանողական դիրք է զբաղեցրել, քան երբ իշխանություն էր։ Այն հռչակում է, որ Արցախի հարցում անզիջում է լինելու։ «Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»,- իր դիրքորոշումն այսպես է մեկնաբանում կուսակցությունը։

Արցախի հարցում ՀՀԿ-ն հայտարարում է․ «Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում:

Հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց մենք կտրականապես դեմ ենք «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետև այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը: Մեր ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:

Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն»։

«Սասնա ծռեր» կուսակցությունը, որ հայտնի է իր արմատական, ծայրահեղական մոտեցումներով, թվում էր, թե ավելի մեծ տեղ պետք է հատկացնի Արցախի հարցի լուծմանը։ Կուսակցությունը, սակայն, առանց մանրամասնությունների Արցախի հարցի լուծումը սահմանում է մեկ նախադասությամբ․ «Ժամանակն է որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»։ Թե ինչպես է դա արվելու ու ինչպես ենք վարվելու այդ քայլերին հակազդող հարևաններ Ադրբեջանի, նաև Թուրքիայի հետ, հստակեցված չէ։

ԲՀԿ-ի ծրագրի 36 կետերից մեկը նվիրված է Արցախին, որտեղ շեշտադրվում է բանակցային խաղաղ ճանապարհով և Արցախի մասնակցությամբ խնդիր լուծման անհրաժեշտությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա։ Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել։ Պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ՀՀ և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը»,- ասված է ծրագրում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Արցախյան հիմնահարցի լուծման տնտեսական կողմն է շեշտադրում։ Կուսակցությունը նշում է, որ բանակցություններում ուժեղ դիրքերից հանդես գալու, ինչպես նաև ռազմական հակամարտության վերսկման պայմաններում հակազդելու համար գլխավոր պայմանը «առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն» ունենալն է։

«Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն։

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ամրագրված է «Լուսավոր Հայաստան»-ի ծրագրում։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Արցախի հարցում և նորարար մոտեցում է ցուցաբերում, և միաժամանակ որոշակի անհստակությունների տեղ թողնում։ Այսպես, կուսակցությունը սահմանում է․ «Մենք Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991 թ․ ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991 թ․-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը»։

Միևնույն ժամանակ կուսակցության ծրագրում նշված է․ «Որպես մարտահրավերներ ենք դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի և Արցախի քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշտպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ Ելնում ենք նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրի 20 կետերից մեկը նվիրված է Արցախին։ Այն սահմանում է․ «Արցախը հայկական տարածք է, թե պատմական թե փաստացի առումով, և հետևաբար Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ` Արցախում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի դե յուրե միավորում Հայաստանի հետ: Որպես հնարավոր իրավական լուծում առաջարկվում է Արցախում և Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե՝ քաղաքացիների նախաձեռնությամբ, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամահայտնության և ժողովրդավարական գործընթացների արդյունքում։ Նման լուծումը չի կարող չընդունվել ժողովրդավար որևէ երկրի կողմից»։

«Մենք» դաշինքը բավականին ընդարձակ տեղ է հատկացրել Արցախի հիմնախնդրին իր ծրագրում։ Բաժինը վերնագրված է «Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ»։

Հիմնադրույթներն են՝ «Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովում», «Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում», «Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց», «Հայաստանի հետ Արցախի սերտ ինտեգրում, ռազմական փոխօգնության պայմանագրի կնքում», «Արցախյան հակամարտության հետևանքների վերացում», «Արցախի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»։

ՀՅԴ-ն ևս կարևորում է Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Կուսակցությունը խոստանում է նաև շարունակել աշխատանքները ԱՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ և ԱՀ միջև կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր։

ՕԵԿ-ի ծրագրի 50 կետերից 1-ը նվիրված է Արցախին հետևյալ շարադրանքով՝ « Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում՝ միաժամանակ դիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտական, ռազմական և քարոզչական ագրեսիվ գործողություններին»:

Իսկ թե ինչպիսին է Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության տեսլականը Արցախի հարցում, պարզել չգաջողվեց։ Համացանցում կուսակցության նախընտրական ծրագիրը հասանելի չէ։ Չնայած կուսակցության գրասենյակից խոստացան ծրագիրն ուղարկել էլեկտրոնային որևէ տարբերակով, այդպես էլ չուղարկեցին։

Ամփոփելով՝ խաղաղ կարգավորման մասին ստանդարտ նախադասությունից բացի այս տարի ծրագրերում կարմիր թելի պես անցնում է Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալը, որոշ դեպքերում՝ Արցախի և Հայաստանի միավորումը։ «Ոչ մի թիզ հող» սկզբունքը շեշտված է միայն ՀՀԿ-ի ծրագրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: