Հայերեն   English   Русский  

​Հոգատար հասարակությունում պիտակներ չեն փակցնում և ներքին թշնամիներ չեն փնտրում


  
դիտումներ: 628

Այս տարվա գարունից ի վեր մեր երկրում թևածում է մերժման ուրվականը, որ վերից վար, աջից ձախ հասարակությունը թաթախել է բացասական էներգիայով:

Սկզբում երկիրը շնչում էր «Մերժիր Սերժին» կարգախոսով: Երբ նախկին նախագահը անսաց այդ կոչին և հեռացավ ու տեղնուտեղը կարգախոսը փոխարինվեց «Նիկոլ վարչապետով», թվում էր՝ այդ մերժող ու հպարտացած հասարակությունը, հրապարակներում երգուպարով տոնելով իր հաղթանակը, ձերբազատվեց բացասական էներգիայից և լծվելու է իր հռչակած «Նոր Հայաստանի» կառուցմանը: Մանավանդ որ մերժելու կարգախոսը շարունակ ընդմիջվում էր «սիրո և հանդուժողականության» կոչերով:

Ավաղ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Բացասական էներգիան ավելի խտացավ՝ ուղեկցվելով հաղթած ու իշխանության եկած քաղաքական ուժի ջղաձգումներով, որ ժամանակ առ ժամանակ վերաճում է հիսթերիայի: Եթե երկրի ամենօրյա անցուդարձից ու կարևոր իրադարձություններից տեղյակ չլինես, դատելով իշխանությունից հեռացածների և իշխանության եկածների հոգեվիճակով, այնպիսի տպավորություն կստանաս, թե հաղթողը հենց պարտվածներն են: Առայսօր հեղափոխական հասարակայնությունը քնում-վեր էր կենում «Նիկոլ վարչապետ» կարգախոսով, թեպետ նա վաղուց արդեն վարչապետ էր:

Ոչ միայն հանրության մաղձը նվազեցնելու ջանքեր չէին գործադրվում, այլև ամեն ինչ արվում էր, որ այդ ջղագրգիռ տրամադրությունը դույզն-ինչ չմարի: Եվ հրապարակ նետվեցին մոգական բառերը՝ «ընտրակաշառքն» ու «հակակոռուպցիան»: Թվում էր՝ մի շարք անձանց բանտերը նետելուց, պաշտոնանկ անելուց ու վարկաբեկելուց և Երևանի ավագանու ընտրություններից հետո գոնե կհանդարտվենք, բայց սկսվեցին խորհրդարանի լուծարման գործընթացները, և հասարակությունը հիմա էլ ընկավ կարծեցյալ «ռևանշիստների» դեմ պայքարի ցնցումների մեջ:

Այդպես ցնցումներով եկանք-հասանք արտահերթ ընտրությունների շեմին և մեծ հույս ունեինք, որ այդ ամենին այնուամենայնիվ վերջ կտրվի: Էլ ի՞նչ է պետք, բոլորը համոզված են, որ հաղթելու է իշխող հեղափոխական ուժը և իշխանության ղեկին մնալու առնվազն հինգ տարվա հեռանկարը ապահովել է: Ո՞ւր էր թե: Հիմա էլ նախընտրական ողջ պայքարն ընթանում է կարծեցյալ ընդդիմադիր ուժերի շուրջը: Թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ մյուս քաղաքական ուժերը (մեկ-երկու բացառություններով), որոնք հավակնում են զբաղեցնելու ընդդիմադիրների տեղերը, պայքարում են մի բանի համար, որ հանկարծ նախկին իշխող կուսակցությունը խորհրդարան չմտնի: Ամբողջ քարոզարշավը վերածվել է ՀՀԿ-ի դեմ քարոզչության: Հենց միայն սրանից հստակ երևում է, որ իրենց ընդդիմադիր հռչակող կուսակցություններն ընդամենը շղարշ են և իրականում լծված են երկիրը դեպի միահեծան իշխանության տանող քաղաքական ուժի սայլին:

Շատ ավելի տխուր է այն հանգամանքը, որ իշխող կուսակցության քարոզարշավը, միանգամայն զուրկ գաղափարական հենքից, դարձյալ նվիրված է հեռացած քաղաքական ուժին մերժելու բացասական կիրքը բորբոքելուն: Եվ դա արդեն աղաղակող ծայրահեղության է հասել: Չբավարարվելով հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելով՝ հիմա էլ փորձում են, ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ին «մերժվածներ» պիտակը փակցնելով, ծնունդ տալ մի նոր «կաստայի», որի զուգահեռները տանում-հասցնում են սպարտացիների ժամանակները կամ Հին Հնդկաստանի պատմության խորքերը:

Սա արդեն բնավ նման չէ քաղաքական մրցապայքարի և անհարիր է XXI դարին, անհարիր է իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավարական համարող որևէ երկրի, վերջապես անհարիր է հենց մեզ:

Այո, անցած 27 տարիների ընթացքում քաղաքական առումով հպարտանալու շատ բան չունենք, բայց այսքան ամաչելու էլ առիթ չենք ունեցել: Այո, եղել են ընտրությունների կեղծումներ, բայց մինչ այդ կեղծումներն ընթացել է իրոք բնականոն քաղաքական պայքար՝ հիմնված սեփական գաղափարներով ընտրազանգվածին համոզելու կամ գրավելու սկզբունքների վրա: Այո, իշխանությունն ու ընդդիմությունը պայքարել են իրար դեմ՝ երբեմն տեղերը փոխելով, բայց մեղադրողի, քննադատողի, ձաղկողի դերում ընդդիմությունն է եղել, ինչպես, ի դեպ, որևէ սովորական ժողովրդավարական երկրում է: ՀՀՇ-ն պայքարել է կոմունիստների դեմ, հետո կոմունիստներն էին պայքարում ՀՀՇ-ի դեմ, ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն էին պայքարում ՀՀՇ-ի դեմ և այլն: Բայց այսպիսի պիտակներ չեն փակցվել, ո՛չ ՀՀՇ-ն է կոմունիստներին, ՀՅԴ-ին կամ ԱԺՄ-ին մերժված համարել, ո՛չ էլ հակառակը: Ի՞նչ է, ՀՀՇ-ն պակա՞ս մեղքեր էր գործել 90-ականներին, որոնց հետևանքով էլ 98-ին իշխանությունից հեռացվեց, բայց այդ դեպքում էլ ոչ ոք և ոչ մի քաղաքական ուժ իրեն թույլ չտվեց «մերժված» պիտակը փակցնել, նաև այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի վերակազմավորված ՀՀՇ-ն նորից քաղաքական պայքարի մեջ մտավ ու ընտրությունների մասնակցեց: Թույլ չտվեցին, քանի որ իրականում քաղաքական ճանապարհ անցած, քաղաքական պայքարում թրծված գործիչներ էին, որոնց համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և արդի քաղաքակրթության մյուս արժեքները սոսկ դատարկ կամ իրենց հռետորաբանությունը պճնող բառեր չէին:

Ընտրությունները քաղաքական գործընթաց են, քաղաքական ասպարեզ, որտեղ «մերժվածներ» ու «սիրելիներ» գոյություն չունեն, այլ կան հաղթողներ ու պարտվողներ: Եվ այդ հաղթողներն ու պարտվողները հայտնի են դառնում միայն ընտրություններից հետո, ձայները հաշվելով, ոչ թե ընտրություններից առաջ պիտակներ փակցնելով: Եվ երբ ընտրախցիկում քվեարկողը թռչնակի նշանը դնում է ոչ թե x-ի, այլ y-ի դիմաց, դա նշանակում, որ նա հույսեր է կապում y-ի հետ, ոչ թե անպայման մերժում է x-ին: Այս իրավիճակում ինչպե՞ս չհիշեցնես այս պարզ ճշմարտությունները:

Եվ մի՞թե վերջին սակավաթիվ քայլարշավները ցույց չտվեցին իշխող կուսակցությանը, որ միշտ միևնույն հնարքներով հնարավոր չէ հաջողության հասնել և մանավանդ հնարավոր չէ շարունակ սեփական ձախողումներն ու անգործությունը թշնամու կերպարով արդարացնել: Դարեր ի վեր ստուգված իմաստություն կա. վերջնահաշվում շահում է նա, ով կարողանում է սխալներն իր մեջ փնտրել և դրանք չկրկնել:

«Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, հզոր հայրենիք»: Սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որ նույնն է թե Նիկոլ Փաշինյանի կարգախոսը: Այս ուժի իշխանության գալով երջանիկ, իհարկե, չդարձանք: Անշուշտ, ակնհայտորեն կան մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերը լսելով և հակակոռուպցիոն քրեական քրոնիկոնը կարդալով կամ դիտելով՝ իրենց երջանիկ են զգում: Բայց կան նույնքան և գուցե ավելի քաղաքացիներ, որոնք օրի օրի սաստկացող թանկացումներից, գործազուրկների բանակի ստվարացումից, նույնը մնացած խղճուկ աշխատավարձից ու թոշակից, տնտեսական անկումից, ազատ խոսքի սահմանափակումներից և ուրիշ երևույթներից բնավ երջանիկ չեն դարձել և պատկերացում արդեն չունեն՝ երբևէ կհասնե՞ն այդ օրվան, թե՞ոչ: Հզոր հայրենիքի մասին, ինչպես տեսնում ենք, շատ վաղ է երևակայել, քանի որ ուժեղանալու նշաններ չկան, մինչդեռ արտաքին քաղաքականության առումով ավելի ենք թուլացել: Կարելի էր, չէ՞, որ գոնե պարզունակ ու քաղաքական որևէ պարտավորություն չենթադրող «հոգատար հասարակություն» կարգախոսը փուչիկ չլիներ: Ախր, հոգատար հասարակությունում պիտակներ չեն փակցնում և ներքին թշնամիներ չեն փնտրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: