Հայերեն   English   Русский  

Վառ կերպար գունավոր ներկապնակում․ բլից-հարցազրույց պատգամավորի թեկնածու Աստղիկ Ավետիսյանի հետ


  
դիտումներ: 486

Անկախ-ը բլից-հարցազրույց է վարել Գեղարքունիքի մարզում «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ։

-Աստղիկ Ավետիսյան դասախոսի և փիար մասնագետի ասելիքը քաղաքականության մեջ։

-Հասարակության հետ շփվել պարզ, հասարակ և մատչելի լեզվով, բարձրաձայնել խնդիրներն ու հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Օրենքները գրել մատչելի և հասկանալի լեզվով, որպեսզի հասանելի դառնա յուրաքանչյուրին և ունենաք իրազեկ քաղաքացիներ:

- Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ «Մենք»-ի հետ։

-Նոր Հայաստանում կարծրատիպերի կոտրման ժամանակահատվածն է, չնայած նոր իշխանությունները նախնական իրենց կոչերում հնչեցնում էին կանանց որոշումների կայացման մասնակցության մասին, այնուամենայնիվ, դեռ քիչ են այն կանայք, ովքեր ներգրավվում են որոշումների կայացման գործընթացում: «Մենք»-ը ազատական մտածողությամբ մարդկանց դաշինք է:

-Քարոզարշավի գնահատականը իբրև փիար մասնագետ և իբրև մրցակից։

-Քարոզարշավում գաղափարական քննարկում տեղի չի ունենում, բայց յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ուներ մասնակցելու ընտրական գործընթացներին և հանդես գալու որպես պատգամավորի թեկնածու, իր գաղափարները կարող է հասանելի դարձնել թիրախային լսարանին:

-Ամուսնու հետ՝ հակառակ ճամբարներում. նոր քաղաքական մշակո՞ւյթ, թե՞ յուրօրինակ փիար տեխնոլոգիա։

Յուրօրինակ քաղաքական մշակույթի ձևավորում։ Իրականում նոր Հայաստանում կարծրատիպ կոտրելու ժամանակն է եկել, և կանայք էլ պետք է դերակատարում ունենան երկրի զարգացման գործընթացում, ինչպես նաև ընդգծել, որ մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու որակների քննարկման ժամանակ սեռային դասակարգման չենթարկեն, այլ մարդուն ընդունեն իբրև մասնագետ և հնարավորություն տան իր ներդրումը ունենալ ծավալվող գործընթացներում:

-Քարոզարշավի ամենաազդեցիկ փիար տեխնոլոգիան։

-Որևէ ուժի այս պահին չեմ առանձնացնի, բոլորի մոտ կիրառվել են նոր PR տեխնոլոգիաներ, բայց էթիկայից ելնելով այս պահին չեմ բարձրաձայնի: Այս պահին միայն կարող ենք ասել՝ ինչքանով է հետաքրքիր, սակայն արդյունավետ է, թե ոչ, հնարավոր է ասել միայն արդյունքների ուսումնասիրության պարագայում: Հայկական PR ասուցիացիան իրականացնում է ուսումնասիրություն և PR մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվելու է լավագույն PR տեխնոլոգիան, որը կիրառվել է այս ժամանակահատվածում:

-Քարոզարշավի ամենամեծ հակափիարը։

Քարոզարշավում օգտագործվում են կեղտոտ տեխնոլոգիաններ, և որոշ ուժեր որդեգրել են միմյանց սևացնելու քաղաքականությունը, որը միշտ չէ, որ կաշխատի, որովհետև կեղտոտ տեխնոլոգիան բումերանգի էֆեկտ ունի և կարող է օգտագործողին ավելի վատ վիճակի մեջ գցել:

-Քարոզարշավի առավելություններն ու թերությունները նախորդ տարիների համեմատ։

-Քարոզարշավին մասնակիցների ներկապնակն է բազմագույն դարձել, երիտասարդացել: Կարճ կենսագրություններով մարդկանց համախումբ է:

-Ընտրությունների հիմնական մրցակիցներն ու ֆավորիտները։

-Ընտրական գործընթացում դեռևս ֆավորիտներ են նախկին Ելք դաշինքից բաժանված երեք ճյուղերը:

-Հանրապետականի շանսերն առաջիկա ընտրություններում։

-Հանրապետականն ամենաճանաչվածն է և հասարակության կողմից ամենամերժվածը:

-Մենուա Հարությունյանը՝ քաղաքականության մեջ։

Նոր շունչ, նոր ոգի, մերօրյա Դավիթ Բեկ ;)

-«Ասֆալտին փռելու» կոմբինացիայի առավելություններն ու թերությունները։

-Ուժի ցուցադրություն ճղճղան ձայնով: Այս քարոզարշավում սխալ ձևակերպված ուղերձ: Ուժեղ իշխանություն՝ հին ոգով:

-Զգացմունքայի՞ն, թե՞ բանական ընտրություններ։

-Զգացմունքայնությունը հաղթելու է, բայց խելացի մարդիկ բանական ընտրություն են անելու:

-Աստղիկ Ավետիսյանը՝ ԱԺ ամբիոնում. ո՞վ է լինելու քննադատության թիրախում և ո՞րն է լինելու առաջին օրենսդրական նախաձեռնությունը։

-Անարդարության դեմ պայքար: Քննադատության թիրախ կարող է դառնալ յուրաքանչյուրը: Կանանց քվոտայի ավելացում, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն:

-Հայաստանն այսօր և դեկտեմբերի 9-ից հետո։

-Անկախ ընտրությունների արդյունքից՝ Հայաստանը մեր հայրենիքն է, յուրաքանչյուրս մեր չափով պետք է օգտակար լինենք և նպաստենք Հայաստանի զարգացմանը:

-Նոր Հայաստանի գլխավոր մարտահրավերը։

Գլոբալ մարտահրավերները Հայաստանի համար չի կարելի բաժանել հնի և նորի, իսկ նոր քաղաքական վերնախավը նոր մոտեցումներով և ռադիկալ լուծումներով որոշումներ պետք է կայացնի:

Հ.Գ.

Իմ մարտահրավերը ընտրություններում հաղթելն է, հույս ունեմ, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները գունավոր ներկապնակից կընտրեն ամենավառ կերպարին, ով պատրաստ է ծառայել հասարակությանը օրենսդրական նախաձեռնություններով: Կոչ եմ անում Գեղարքունիքում ընտրեն 8-րդ քվեաթերթիկի երկրորդ համարին:

-Տիկին Ավետիսյան, Ձեզ հաջողություններ ու հաղթանակ։

-Շնորհակալ եմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: