Հայերեն   English   Русский  

«Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին». Դավիթ Շահնազարյան


  
դիտումներ: 477

ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սասուն Միքայելյանին և նրա աղմկահարույց հայտարարությանը:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: ժամեր անց Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշեց, որ դա եղել է սխալ ձևակերպում. « Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում»:

Դավիթ Շահնազարյանը, սակայն մի քանի հարց ունի , Սասուն Միքայելյանին.

«Ներկայիս իշխանությունների համար Արցախի խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնում եղած մետաղի քաշն էր: Մի ատրիբուտ էլ ունեին իրենց խորհրդանիշ, որի մասին առայժմ չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Ես չեմ պատասխանելու: Թող այդ հանգամանքները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Ասեմ, որ այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետև բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչև Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր ԼՂ ինքնապաշտպանության բանակի Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը: Երբ վարչապետը սկսել էր իր հարձակումը ԼՂ իշխանությունների վրա նաև այս հերոսների նկատմամբ էր»,- ասաց Դ. Շահնազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: