Հայերեն   English   Русский  

Կայացել է «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ նիստը


  
դիտումներ: 182

Հայաստանում ապրող և աշխատող անոթային վիրաբույժները հիմա կարող են մասնագիտական հարցերը ոչ թե նեղ խմբերով քննարկել և որոշակի լուծումներ փնտրել, այլ դառնալով «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ակտիվ և նախաձեռնող անդամները, քննարկվող հարցերին ավելի մասշտաբային հնչերանգ տալ:

«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվեց և գաղափարն իրականություն դարձավ հենց մի խումբ ակտիվ, էնտուզիաստ անոթային վիրաբույժների ջանքերով: Նրանց քննարկումները չսահմանափակվեցին չորս պատերի տիրույթում. գաղափարը դարձավ գործ, իսկ արդյունքը եղավ այն, որ նոյեմբերի 30-ին գումարվեց ասոցիացիայի անդրանիկ նիստը:

«Դեռևս 2007 թվականից Հայաստանում գործում է «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-ն, բայց այն վերջին տարիներին մի փոքր պասիվ էր: Նախկին ասոցիացիան ուներ շատ նեղ ուղղվածություն, միայն երակաբությանը /ֆլեբոլոգիային/ վերաբերող հարցերն էին նշանառության տակ առնված, հիմա մենք մեր դիտակետում ունենալու ենք առհասարակ անոթային վիրաբուժությանը վերաբերող հարցերը: Մեր գերնպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության շարունակական զարգացմանը և ոլորտի խնդիրները ջրի երես հանելով՝ լավագույն լուծումներն առաջարկել»,- նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր և «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Տիգրան Սուլթանյանը:

Հայկ Մալխասյան,Քրստինե Մուրադյան,Տիգրան Քամալյան

Ասոցիացիայի ստեղծման գաղափարն իրականություն դարձրին Հայկ Մալխասյանը, Քրստինե Մուրադյանը և Տիգրան Քամալյանը:

Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանի կարծիքով «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կյանքի կոչելը և վերստեղծելը պարզապես անհրաժեշտություն էր: Նրա կարծիքով յուրաքանչյուր նեղ-մասնագիտական ուղղվածություն պետք է ունենա համապատասխան ասոցիացիան, որի շրջանակներում վեր կհանվեն ոլորտի խնդիրները, կկազմվեն համապատասխան ուղեցույցներ և պարբերաբար կքննարկվեն ոլորտին վերաբերող արդիական մոտեցումները. «Մեր ասոցիացիան առողջ օրգանիզմի պես հանդես է գալու առողջ դատողություններով և մտքերով: Ասոցիացայի յուրաքանչյուր անդամ իր ակտիվ ներգրավվածությունն է ունենալու ասոցիացիայի գործերում: Մշակվելու են հայեցակարգեր, անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտին վերաբերվող թերթերի, ամսագրերի, գրքերի, գիտական թեզերի և հոդվածների քննարկում, մշակում, խմբագրում և հրատարակում ենք իրականցնելու: Ակտիվ համագործակցություն ենք նախատեսում արտերկրի նմանատիպ կառույցների հետ»,- նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:

«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ նիստին քննարկվեցին ասոցիացիայի անդամներին վերաբերող իրավական մի շարք դրույթներ, Հայաստանի անոթային վիրաբույժներին ակտիվ և նախաձեռնող լինելու կոչեր արվեցին, մատնանաշվեց այն ուղին, որով առաջ է գնալու նորաստեղծ ասոցիացիան:

Ասոցիացիայի առաջին քայլը կոնֆերասի ձևաչափով է լինելու. «2019 թվ.-ին՝ գարնանը, Հայատանում տեղի կունենա միջազգային մակարդակի շատ լուրջ կոնֆերանս, որը կոչվում է «Սևծովյան երկրներ»-ի կոնֆերանս: Նախատեսում ենք, որ այն նախադեպը չունեցող կոնֆերանս է լինելու: Դրան մասնակցելու են Սևծովյան ավազանի երկրները, բայց խոսնակները լինելու են աշխարհի տարբեր ծայրերից: «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի համար սա լուրջ փորձություն է, շնորհիվ համատեղ աշխատանքի մենք պատվով դուրս կգանք: Հայաստանում տեղի ունեցող կոնֆերանսի կազմակերպչական հարցերով զբաղվելու է մեր նորաստեղծ ասոցիացիան»,-նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: