Հայերեն   English   Русский  

Գիտությունը՝ նախընտրական ծրագրերում և քաղաքական ուժերի տեսլականներում


  
դիտումներ: 1627

Գիտնականները տարիներ շարունակ իշխանությունների և քաղաքական գործիչների ուշադրությունն են հրավիրում գիտության ոլորտի խնդիրների վրա՝ շեշտելով, որ ժամանակակից աշխարհում չի կարող լինել հզոր պետություն առանց գիտության։ Այս համատեքստում «Անկախն» ուսումնասիրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը՝ հասկանալու՝ ինչ տեղ ունի գիտությունը նրանցից յուրաքանչյուրի տեսլական Հայաստանում։

Կուսակցություններից գիտության ոլորտին ամենածավալուն անդրադարձը կատարել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

«ՔՈ ՍԴԿ-ն համարում է, որ արժեքավոր նվաճումներ ունենալու համար պետությունը պետք է հնարավորինս ավելացնի գիտության ֆինանսավորումը և, ընդսմին, վերանայի իր սահմանափակող դերը, թույլ տա գիտությանը և գիտնականներին ունենալու իրենց տեսիլը, փորձի խրախուսել ինքնավարությունը»,- հայտարարում է կուսակցությունը։

ՔՈ ՍԴԿ-ն անդրադառնում է անգամ հումանիտար, հասարակագիտական և բնական ու ճշգրիտ գիտությունների ոչ համաչափ զարգացման խնդրին՝ առաջարկելով․ «Մշակել բնական ու տեխնիկական, հումանիտար ու հասարակական գիտությունների համար առանձին մոտեցումներ։ Ֆինանսավորումը բաշխելիս առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ հումանիտար և հասարակական գիտակարգերը դուրս բերել բնական և տեխնիկական գիտությունների ստվերից, չխոչընդոտել տեսական-քննադատական բազմակերպ դպրոցների ստեղծումն ու զարգացումը»:

Կուսակցությունը քննարկում է նաև գիտության ֆինանսավորման խնդիրը՝ առաջարկելով հիմնարկների բոլոր գիտաշխատողներին ներգրավել ռեսուրսների բաշխման մասին որոշումների կայացման մեջ, ինչպես նաև ավելացնել թեմատիկ ֆինանսավորումը։ Ֆինասավորման արդյունավետության բարձրացման նպատակով կուսակցությունը նախատեսում է նաև օրենսդրական դաշտում փոփոխություններ իրականացնել։

ՔՈ ՍԴԿ ծրագրում կարևորվում է նաև գիտական հիմնարկների շենքային պայմանների բարելավումը և նյութատեխնիկական բազայի համալրումը։

Գիտությանը համեմատաբար մանրակրկիտ է անդրադառնում նաև «Իմ քայլը» դաշինքը։ Այն խոստանում է աջակցել Հայաստանի համար գերակա ճանաչված գիտական ուղղություններում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանը, իրականացնել գիտության համակարգի կառուցվածքային բարեփոխում՝ անցում կատարելով գիտության կազմակերպման արդիական մոդելների, սերտացնել կրթություն-գիտություն-տնտեսություն կապը, աջակցել գիտական արդյունքի առևտրայնացմանը, զարգացնել վենչուրային ձեռնարկատիրությունը, ավելացնել բյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը, ինչպես նաև միջոցներ ներգրավել մասնավոր հատվածից, ակտիվացնել միջազգային գիտական համագործակցությունը։

Գիտության մասին իր ծրագրում չի մոռացել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ «Նպատակահարմար ենք համարում գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը, այդ արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների ներդրումը, գիտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ներդրումը, գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխանող և տնտեսության պահանջներից բխող գիտական հետազոտությունների ուղղություններում ռեսուրսների կենտրոնացումը, շեշտակի զարգացում ապահովող առանձին տեխնոլոգիաների ոլորտներում գիտական և գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, աշխարհին հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար գիտական ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծում»,- ասված է ԼՀԿ ծրագրում։

ՕԵԿ-ը գիտնականներին նոր բան չի խոստանում։ Իշխանության գալու պարագայում այս կուսակցությունը նախատեսում է ավելացնել ֆինանսավորումը, խթանել գիտության առևտրայնացումը, ստեղծել կարիերայի կենտրոններ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով, ինչպես նաև ֆինանսապես աջակցել երիտասարդ գիտնականներին՝ հատկապես կիրառական ոլորտի ներկայացուցիչներին։

«Մենք» դաշինքի ծրագիրը գիտության ոլորտում սահմանափակվում է գիտաշխատողների աշխատավարձի 25 տոկոս բարձրացման խոստմամբ։

Իսկ ՀՀԿ-ն գիտության ոլորտում սահմանափակվում է գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացման կարևորմամբ։

ՀՅԴ-ն կարևորվում է բիզնեսի, գիտության և կրթության սերտ համագործակցությունը՝ այսքանով ամփոփելով գիտության ոլորտի իր տեսլականը։

Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունն էլ կարծես Հայաստանում գիտության, ինչպես նաև տնտեսության ապագան քարաձուլարանի մեջ է տեսնում։ «Քարակերտի քարաձուլարանի հիմքի և նրան սպասարկող գիտաարտադրական համալիրի գործարկումով Հայաստանի հիմնարար և կիրառական գիտությունը, ինժեներական ներուժը կվերափոխեն Հայաստանի տնտեսական դեմքը՝ Հայաստանը վերածելով գիտաարդյունաբերական համալիրի»,- ասված է ծրագրում:

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես գիտության մասին խոսք չկա։ Նրանք բավարարվում են գիտահենք արդյունաբերության, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության ռազմավարական ծրագիր ունենալու խոստմամբ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գիտությանն իր ծրագրում ընդհանրապես չի անդրադարձել․ գուցե իրենց ապագայի տեսլականում գիտությունը Հայաստանում տեղ չունի։

ԲՀԿ ծրագրում ևս գիտության մասին խոսք չկա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: