Հայերեն   English   Русский  

Բոլոր ընտրացուցակների «թիվ մեկ»-երի մասնակցությամբ պատմական բանավեճն ուղիղ եթերում նախատեսված է այսօր՝ Հ1-ի Լուրերի գլխավոր թողարկումից հետո


Վարելու են Արմեն Դուլյանն (Armen Dulyan) ու Քրիստինե Մելքոնյանը։


  
դիտումներ: 301

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում, այսօր՝ լուրերի գլխավոր թողարկումից անմիջապես հետո,

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա իր բնույթով բացառիկ նախընտրական բանավեճ: Հանրային հեռուստաընկերությունը իր լսարանին կընձեռի եզակի հնարավորություն՝ լսելու ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերն ու տեսլականը այդ ուժերի առաջին դեմքերից:


Առաջին անգամ իրականացվող նման բանավեճի ձևաչափը մշակվել է բանավեճերի միջազգային խորհրդատուի՝ Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի աջակցությամբ։ Այն համապատասխանում է միջազգային բանավեճի բոլոր չափանիշներին:
Նախընտրական այս բանավեճը հնարավորություն է տալիս չեզոքության և հավասարության պայմաններում հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը:

Նախընտրական բանավեճը կկոորդինացնեն մոդերատորներ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

Նախընտրական բանավեճի ընթացքում քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, որին կհետևեն մոդերատորների՝ թեկնածուներին ուղղված հարցերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և անվտանգության խնդիրների, ինչպես նաև տնտեսական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ: Բոլոր պատասխանները լսելուց հետո հարցի իրավունք կունենան նաև թեկնածուները: Բանավեճի ավարտին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանդես կգա փակման խոսքով:
Նախընտրական քարոզարշավի շրջանակում, Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր 11 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում են ամենատարբեր խնդիրներ: 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ այս բանավեճը քարոզարշավի բնականոն շարունակությունն է:

Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում քաղաքական ուժերին նախընտրական քարոզարշավի բոլոր հարթակներում իրենց մասնակցությունն ապահովելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: