Հայերեն   English   Русский  

​Իշխանություններին՝ առողջություն, մեզ՝ բարի ծառայություն


  
դիտումներ: 456

Անցած ամառային զորակոչի ժամանակ բոլորս ականտես եղանք, թե ինչպես շահարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու զորակոչվելը, որ շատ ցավալի էր, հատկապես՝ այդ տղայի համար:

Չգրված օրենքներ կան. չի կարելի երբեք և որևէ նպատակով զավակին շահարկման առարկա դարձնել, այն էլ՝ բանակ գնացողին, այն էլ՝ քաղաքական շահաբաժնի համար: Բայց դա արվեց: Առավոտից երեկո եթերը և սոցցանցերը զբաղված էին համապատասխան տեսագրությունները ցուցադրելով, թե տեսեք ի՜նչ սխրանք է կատարվում, տղային բանակ են ուղարկում:

Փաստորեն մեր ենթագիտակցությունն էին խցկում այն համոզմունքը, որ եթե մեր երկրի հազարավոր պատանիները գնում են բանակ, էդպես էլ պիտի լինի, բա ի՞նչ, պարտք է, որ պիտի տաս հայրենիքին, իսկ եթե վարչապետի տղան է գնում, այ դա արդեն հիացմունքի արժանի սխրանք է: Ակամա մերկանում էր մեր նոր իշխանավորի և նրա երկրպագուների նոր հոգեվիճակը կամ մտածելակերպը, որ նա արդեն ուրիշ է, մեզանից մեկը չէ և տղային բանակ ուղարկելն էլ խորնարհումի արժանի զոհողություն է:

Բայց ըստ երևույթին հանրությունը համարժեք հիացմունք չդրսևորեց կամ ցուցադրված հիացմունքը վարչապետին չբավարարեց: Այդ է պատճառը հավանաբար, որ նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերին նորից այդ թեման ջրի երես սպրդեց: Այժմ արդեն վարչապետի պաշտոնակատարն ինքը ստիպված եղավ հիշեցնել. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ծառայում է Ղարաբաղում»:

Բայց ծափահարություններին ու բացականչություններին հետևեցին նաև տարակույսներ, թե նախկին ղեկավարներից բանակում չեն ծառայել միայն Սերժ Սարգսյանի աղջիկները: Եվ հաջորդեց վարչապետի պատասխանն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի տղաների ծառայությունը սուտ ծառայություն է, նույնիսկ պարզվեց՝ օր առ օր անգիր է արել, թե նրանք ինչով են այդ ընթացքում զբաղվել, նույնիսկ այդ տեղեկությունները պահում է իր հեռախոսի մեջ: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի տղային, տեղեկությունները շատ աղոտ էին՝ «եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանի տղան ծառայել է Շամշադինում»: Ինչո՞ւ պարոն վարչապետը չի պարզել, թե հստակ որտեղ և քանի գիշեր է զորանոցում քնել նաև այդ տղան: Արդեն քանիերորդ անգամ ենք համոզվում, որ նոր կառավարության օրոք ամեն ինչ ընտրովի է, քննադատության և մանավանդ պատժի բոլոր սլաքները, որոնք ներկայացվում են իբրև ծրագրային և գաղափարական գերակայություն, իրականում խիստ որոշակի թիրախների են ուղղված:

Եվ ահա նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթն անցավ նաև վարչապետի պաշտոնակատարի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու նամակագրության նշանի տակ: Երիտասարդը փաստերով, նկարներով, վկայակոչումներով փորձում էր ապացուցել, որ իրոք ծառայել է: Ինչի՞ համար էր այս շեղումը բուն նախընտրական փուլի տրամաբանությունից: Դա հավանաբար գիտի միայն հրահրողը, բայց խմորը, ինչպես ասում են, սկսելու էր էլի ջուր առնել, այն էլ՝ ոչ նրա օգտին:

Այս բավական անախորժ իրավիճակում, ուզեիր թե չուզեիր, ստիպված էիր տալ մի հարց, որ ծագել էր նոր կառավարության կազմավորման օրերին և հետագայում ըստ էության հռետորական էր դարձել:

Նոր կառավարության առանցքային դեմքերի 90 տոկոսը չի ծառայել. մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ… Սա մի վիճակագրություն է, որ որակի մասին է խոսում, որոշակի կողմնորոշման մասին, աշխարհայացքի մասին:

Գուցե հարկ էր, որ պարոն վարչապետի պաշտոնակատարն իր ուսումնասիրությունը սկսեր հենց այստեղի՞ց: Այդ ինչպե՞ս եղավ, որ հեղափոխություն արած ու իշխանության բուրգի գագաթը գրաված պայծառ, հպարտ երիտասարդները չեն ծառայել, կա՛մ տարկետում են ստացել երկու երեխայի հայր դառնալու, կա՛մ գիտության ժայռը կրծելու շնորհիվ, կա՛մ անառողջ են եղել՝ ոչ պիտանի զինծառայության համար:

Երեխաների հարցը պարզ է, բայց եթե մյուսներն այնքան նվիրված էին գիտության զարգացմանը, որ չէին կարող իրենց ուսումնասիրություններն ընդհատել զինծառայությամբ, ապա ինչո՞ւ են հետագայում այդքան հեշտ նետել գիտնականի թիկնոցն ու զինվորագրվել քաղաքականությանը, կամ եթե տկար էին, ապա ինչպե՞ս է, որ հիմա քաջառողջ են (փառք աստծո) և պիտանի պետական ծառայության համար, այն էլ՝ շատ պատասխանատու տեղերում: Այս հարցերը մինչև հիմա պատասխան են որոնում, և կրկնում ենք՝ ինքը՝ վարչապետի պաշտոնակատարն է ստիպում, որ վերստին մեջտեղ բերենք: Չես կարող չխորհել՝ գուցե սա որոշակի դերերի բաշխո՞ւմ է, երիտասարդության մի մասը խնայում է ուժերը հեղափոխություն անելու համար, իսկ մյուս մասը գնում է սահմանները պաշտպանելո՞ւ: Հետևաբար հեղափոխություն կարողանում են անել նրանք, ովքեր իրենց ուժերը չեն վատնում հայրենիքի անվտանգության համա՞ր:

Սրանք, ի դեպ, հռետորական հարցեր չեն և ստիպում են շատ դրամատիկ եզրահանգումներ անել, ընդհուպ այն, որ Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր մեր ազգի ճակատագրի համար, քան Արցախյան պատերազմի հաղթանակը, բնավ լեզվի սայթաքում չէր և ակներև շատ խորքային արմատներ ունի: (Նրա ժպտադեմ որդին, ի դեպ, նույնպես վատառողջության պատճառով ազատվել է ծառայությունից և վերջերս էլ Հրազդանի համայնքապետ է դարձել:)

Ի դեպ, հետաքննական բավական տքնաջան աշխատանք է կատարել «Հետք» պարբերականը. բանակից ազատված ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը և ազատվելու հիմքերը կարող եք տեսնել այստեղ: Այդ ցանկի մի մասը (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Էդուարդ Աղաջանյան, Մխիթար Հայրապետյան և այլք) անցել է նաև «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակ:

Այդ ցուցակում ընդգրկված 184 անձանց մի մասը մի քանի օր հետո կմտնի խորհրդարան, և «Հետքի» հետաքննող լրագրողները նոր ուսումնասիրություններ կսկսեն: Բայց կհասնե՞ն արդյոք իրենց նպատակին, ի վերջո, կպարզե՞ն, թե ինչ հիվանդության համար են զինծառայությունից ազատվել զգալի թվով պաշտոնյաներ և ինչպես են 27 տարեկանը բոլորելուց հետո առողջացել: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: «Տեղեկացնենք, որ այս հրամանի [ՊՆ 058] համաձայն՝ զորակոչիկի անձնական գործում առկա փաստաթղթերը ոչնչացվում են զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելուց հինգ տարի անց, իսկ նախարարությունում մնում է միայն զորակոչիկի՝ զինծառայությունից ազատման հիմքի մասին տեղեկություն, ինչն էլ նախարարությունը մեզ մշտապես մերժում է տրամադրել՝ որպես անձնական տվյալ: Ստացվում է, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ պարզել զորակոչիկի զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունը, եթե վերջինս ազատվել է առողջական հիմքով»,- գրում է հետաքննող լրագրողը :

Ստացվում է՝ զինծառայությունից ազատված անձանց հիվանդության՝ այդ կարևոր փաստի մասին տվյալները մեզանում պահպանվելու ընդամենը 5 տարվա ժամկետ ունեն, իսկ ծառայածների ռեժիմի տվյալները՝ օրերով ու ժամերով, քնել-զարթնելով, 13 տարի անց էլ սրբորեն պահպանվում են: Մի՞թե սա աբսուրդ չէ, և ոչ մի նշանակություն չունի, թե զինծառայողը ո՛ւմ որդին է, պաշտոնյայի, թե հասարակ քաղաքացու, Ռոբերտ Քոչարյանի, թե Պողոս Պետրոսյանի:

Ուրեմն վերոհիշյալ փաստաթղթերի հետ ոչնչացվում է մի շատ ավելի մեծ ու կարևոր բան՝ վստահությունը նոր իշխանությունների յուրաքանչյուր խոսքին:

Էհ, այսուհանդերձ առողջություն ենք մաղթում նրանց, իսկ մեզ՝ մնացած ոչ կառավարական հատվածին, որ ժողովուրդ են անվանում, բարի ծառայություն:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: