Հայերեն   English   Русский  

​Եգիպտոսի արդարադատության նախկին նախարարին ձերբակալել են ահաբեկչության հանցակցության մեղադրանքով


Նախաքննության տվյալներով՝ Ահմեդ Սուլեյմանը կեղծ տեղեկություններ է տարածել՝ այդպիսով օգնելով «Մուսուլման եղբայրներ» խմբավորման գործունեությանը:


  
դիտումներ: 210

Եգիպտոսի պետական անվտանգության դատախազությունը կարգադրել է ձերբակալել արդարադատության նախկին նախարար Ահմեդ Սուլեյմանին ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մեղադրանքով: Այդ մասին այսօր տեղեկացրել է Al Youm As Sab թերթը՝ մեջբերելով հատվածներ դատախազության որոշումից:

Սուլեյմանը, զբաղեցնելով նախարարի պաշտոնը նախագահ Մուհամմեդ Մուրսիին առընթեր կառավարությունում, «ձերբակալվել է 15 օրով ահաբեկչական խմբավորմանը պատկանելու և կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով նախաքննության համար»: Դատախազությունը ծանուցել է, որ իր տվյալներով՝ արդարադատության նախկին նախարարը «մասնակից է ահաբեկչական կազմակերպությանը, որի նպատակն է եղել սահմանադրության վերացումը, ինչպես նաև երկրի պետական մարմինների բնականոն աշխատանքը խոչընդոտելը»:

Սուլեյմանին նաև «Եգիպտոսի տնտեսական դրության և քաղաքական իրավիճակի մասին կեղծ տեղեկատվության մեղադրանք է առաջադրվել, ինչը ծառայել է «Մուսուլման եղբայրներ» շարժման նպատակներին»:

Ըստ առկա տեղեկությունների՝ նախկին նախարարին ձերբակալել են Էլ Մինյա գավառում և տարել են Կահիրե:

2013 թ. գարնանը Եգիպտոսի մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում Մուրսիի՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկի և այն ժամանակվա գործող նախագահի հրաժարականի պահանջով: Մի քանի ամիս անց՝ 2013 թ. հունիսին, զինվորականները հեռացրին Մուրսիին իր պաշտոնից: Որոշ ժամանակ անց շարժման գրեթե ողջ ղեկավարությունը ձերբակալվեց, խմբավորման գործունեությունը երկրում արգելված է, «Մուսուլման եղբայրները» ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: