Հայերեն   English   Русский  

Ցավոք, այս տրամաբանությունը հասու չի շարքային ընտրողին, որը ընտրում է նոր արքա, ժողովրդի նոր փրկիչ՝ "Լենին"


ֆբ գրառում


  
դիտումներ: 697

Ընկերներ ջան

Այսօր ընտրարշավի վերջին օրն է։ Երկու շաբաթ առաջ ես Ֆեյսբուքի էջիս սկսեցի իմ գրառումների շարքը, քննելու նոր հայաստանյան իշխանության և նրա միանձնյա առաջնորդի վերջին ամիսների գործունեությունը, և օգնելու յուրաքանչյուրիս ավելի ինֆորմացված ընտրություն կատարելու։ Այսօր եկել է ամփոփման պահը՝ ես կփորձեմ հակիրճ լինել, թեև նյութը շատ է։ Նաև, ինչպես միշտ․կսկսեմ դրականից։

Իր յոթ ամսվա կառավարման ընթացքում, նոր իշխանությունը տեսանելի առաջընթաց է արձանագրել օրինականության վերականգնման հարցում, նախաձեռնելով քրեական գործեր՝ վեր հանելու անցյալում կատարված հանցագործությունները և պատժելու մեղավորներին։ Անկախ նրանից, որքանով դա կհաջողվի, ես գնահատում եմ նրա հետևողականությունը, և կարծում եմ, որ խոշոր հանցագործությունների մասով արածը դրական է, և բերելու է երկրում օրինականության ամրապնդմանը։ Դրանով հանդերձ, պետք է նշեմ, որ մինչ այժմ արդարադատությունը հաճախ սելեկտիվ է, և արդեն իսկ բազմաթիվ հարցեր է ծնել։

Նոր իշխանության գործունեությունը մնացած ոլորտներում սակայն եղել է կամ իներցիոն՝ շարունակելով նախորդների պրակտիկան, կամ էլ այս ընթացքում բերել է նոր խնդիրների՝ նշեմ միայն առավել ակնհայտները։

- Արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում բազմաթիվ վատ հաշվարկված քայլերը, և ներքին օգտագործման համար նախատեսված պոպուլիստական հնարքները բերել են մեր դաշնակիցների հետ ակնհայտ լարվածության, փոխարենը նոր բարեկամներ մենք այս ընթացքում չենք ձեռք բերել, վերջին շաբաթը չեղած տեղից դրա նոր օրինակները բերեց

- արցախյան կարգավորման հարցում իշխանությունը չի որդեգրել հստակ դիրքորոշում, և շարունակաբար կրկնում է նույն վտանգավոր թեզը՝ որ այն Ադրբեջանից սպասում է առաջարկի որոշելու իր անելիքը՝ վերածելով ամբողջ կարգավորումը անսկզբունք առևտրի, որում մենք հեշտորեն կարող ենք տանուլ տալ։ Այնժամ, երբ նոր իշխանության տարբեր թևերը երկրում պացիֆիստական քարոզ էին սկսել, Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում էր իր դիրքերը՝ առաջ գալով սահմանագծում, ծանր սպառազինույուններ ձեռք բերելով, և նախաձեռնողական դիվանագիտություն իրականացնելով բազմաթիվ երկրներում

- բանակի արդիականացման հարցում նոր իշխանությունը տարրական պատկերացումներ չունի, և հենվում է ՊՆ ներսում դեռ նախորդ իշխանությունների օրոք ձևավորված մոտեցումների վրա։ Բանակի վրա իրականացված անթաքույց հոգաբանական ճնշումը, հստակ քաղաքականության բացակայությունը, և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը բերել են նրան, որ բանակի արդիականացումը, որը մեծ թափ էր հավաքել նախորդ տարի, նորից դանդաղել է։

- տնտեսական զարգացման հարցերում նոր իշխանության մոտեցումները տառացիորեն պրիմիտիվ են, իսկ գործելակերպը՝ քաոտիկ։ Տարին 10% աճով սկսած տնտեսությունը տարվա երկրորդ կեսին հայտնվել է լճացման մեջ, իսկ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մեջ անկումը հսկայական է՝ նաև իշխանության պոպուլիստական գործողությունների պատճառով։ Ապագայի պատկերացումները ևս մշուշոտ են՝ նոր իշխանության կազմում չկա գեթ մեկ լուրջ տնտեսագետ, իսկ միջազգային ճանաչված փորձագետների հրավիրման մասին բոլոր խանդավառ խոսակցությունները հաջողությամբ մոռացվել են

- մենաշնորհների և օլիգարխների վերացման մասին ամպագոռգոռ հայտարարությունների ֆոնին, թե մեկը, թե մյուս պահպանվել են, սակայն պարզապես անցել են նոր իշխանության սպասարկմանը։ Իշխանության տարբեր ռեյտինգային թեկնածուների նախընտրական արշավի շռայլ ֆինանսավորումը հուշում է, որ փոխվել են ցուցանակները և դեմքերը, բայց ոչ էությունը՝ քաղաքական իշխանությունը ու մեծ փողերը նորից մեկտեղված են

- իրավապահ համակարգը քաղաքական պատվերով ծանրաբեռնելու պայմաններում, երկրում աճել է հանցագործության ընդհանուր մակարդակը, ներառյալ ծանր հանցագործությունները, իսկ հասարակության տարբեր հատվածների միջև աճել է անտագոնիզմը և ատելապաշտ գործողությունները, մանավանդ ավանդական կառույցների նկատմամբ

- կրթության բնագավառում նոր իշխանությունը տապալել է կրթական գերազանցության ազգային ծրագրի ներդրումը, գրոհ է սկսել մասնավոր դպրոցների դեմ, ինչպես նաև մի շարք պետական կրթական հաստատությունների ղեկավարության վրա, և կրթության զարգացումը փոխարինել է իր նախընտրած "հակակոռուպցիոն" պայքարով՝ առանց ոլորտի բարեփոխման շատ թե քիչ լուրջ հայեցակարգ առաջադրելու

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց արդեն ասածն էլ բավական է, որպեսզի հասկանանք, որ բոլորիս կողմից իրականացխած հեղափոխությունը, հանրային գիտակցությունը կառավարելու տեխնոլոգիաների մանիպուլյատիվ կիրառման արդյունքում, բերել է մի իշխանության ձևավորման, որի կառավարման կարողությունները, պրոֆեսիոնալ կազմը, և նաև բազմաթիվ գաղափարական դիրքորոշումները, իրական վտանգ են ներկայացնում երկրի ապագա զարգացման համար՝ եթե նրան հաջողվի երկու օրից տեղի ունենալիք ընտրություններում սահմանադրական մեծամասնություն հավաքել, և փաստացի առանց իրական հակակշիռների կառավարել հաջորդ 5 տարիների ընթացքում։ Եթե կարծում եք, որ գույները խտացնում եմ, պարզապես հիշեք ՀՀՇ կառավարման տարիները՝ սակայն նույնը եղել է ցանկացած հեղափոխությունից հետո, երբ հեղափոխական ուժը անվերապահ իշխանություն է գրավել, աշխարհում օրինակները բազմաթիվ են՝ Կուբան, Վենեսուելան կամ Հյուսիսային Կորեան վկա, իսկ առավել ակնհայտ օրինակը բոլշևիկյան դիկտատուրան էր, և դրան հաջորդած արհավիրքների տարիները նախկին խորհրդային երկրում։

Ցավալին նաև այն է, որ թեև ընտրություններին մասնակցում են ևս 10 քաղաքական կազմակերպություն, նրանց մեծ մասը կամ այս իշխանության կցորդներն են, կամ էլ նախորդ իշխանության՝ յոթ ամսվա ընթացքում, բնականաբար, նոր ինստիտուցիոնալ ընդիմություն չէր կարող առաջանալ։ Ուստի նույնիսկ ընտրությունը ակնհայտ չէ, և այս իրավիճակում պետք է ընտրել չարյաց փոքրագույնը։ Իմ կարծիքով, դա կլիներ այն, որ շատ թե քիչ ինստիտուցիոնալ կարողություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը ներկայացված լինեին նոր Ազգային ժողովում, և քաղաքական մրցակցություն ապահովեին, զարգացումն էլ գար այդ մրցակցության միջոցով։ Ցավոք, այս տրամաբանությունը հասու չի շարքային ընտրողին, որը ընտրում է նոր արքա, ժողովրդի նոր փրկիչ՝ "Լենին", և մեծ հավանականությամբ, իր միամիտ և անմիջական ընտրությամբ, ձևավորելու է հերթական ավտորիտար իշխանությունը երկրում՝ մի բան, որի դեմ շատերս այսքան տարի պայքարել էինք, որպեսզի հիմա այն վերհառնի նոր կերպարանքով՝ փաստացի փոխարինելով ընտրակաշառքը ուղեղների ագրեսիվ լվացմամբ։

Ամեն ինչ այդքան վատ չի սակայն, և փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պես վերցված առանձին երկրում, թեև կարելի է ձևավորել ավտորիտար իշխանություն, բայց երկար պահել չի ստացվում ՝ այն սկսում է քանդվել իր ներքին հակասություններից։ Ընտրություններին դեռ երկու օր կա, և ընտրություններից հետո էլ կյանքը շարունակվելու է (ինչպես կասեր հայ քաղաքականության կլասսիկը), մենք էլ շարունակելու ենք մեր աշխատանքը՝ ձևավորելու ինստիտուցիոնալ ընդիմություն, որը արդեն տեսանելի ապագայում իրական ընտրության հնարավորության կտա, և ձեզ էլ պետք չի լինի այլևս ընտրել Ցարի ու Լենինի միջև։

Այսքանով բոլորիդ լավ օր եմ ցանկանում։ Գնահատեք ձեր ձայնը, և կատարեք ձեր ընտրությունը խղճի մտոք, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ով անցած երկու շաբաթների ընթացքում ժամանակ ծախսեցին ընթերցելու իմ երկարաշունչ գրառումները՝ առացվել շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր արձագանքեցին, վիճեցին, կամ տարածեցին գրածը՝ օգնելով կողմնորոշվել իրենց ընկերներին։

Avetik Chalabyan-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: