Հայերեն   English   Русский  

Գագիկ Սարգսյան. «Դահուկավազորդների հաջողությունները քրտնաջան աշխատանքի արդյունք են»


  
դիտումներ: 653

Վերջին շրջանում Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները բավական հաջող մեկնարկներ են ունենում Ֆինլանդիայում անցկացվող միջազգային մրցաշարերում` միավորներ վաստակելով և դասակարգման աղյուսակում իրենց դիրքը բարելավելով:

Անկախի հետ զրույցում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան, Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը խոսում է մարզիկների ելույթների, դահուկասպորտում գործող վարկանիշային համակարգի, ինչպես նաև Հայաստանում և մեր մարզիկների մասնակցությամբ միջազգային ասպարեզում կայանալիք մրցաշարերի մասին:


-Պարո՛ն Սարգսյան, դահուկավազորդները Ֆինլանդիայում ունեցած մեկնարկներում ուրախացնում են իրենց առաջընթացով: Մասնավորապես Միքայել Միքայելյանը մինչև 20 տարեկանների պայքարում 2 անգամ առաջինն է հատել եզրագիծը:
- Ուրախալի է, որ մեր մարզիկներն իրենց լավ են դրսևորում` մեկնարկից մեկնարկ բարելավելով դիրքերը: Սա տարիների աշխատանքի արդյունք է: Դահուկասպորտում վարկանիշային բարդ համակարգ է գործում: Օլիմպիադայի մասնակցության իրավունքը` քվոտան, մարզիկները ձեռք են բերում միավորներ հավաքելով, իրենց արդյունքները բարելավելով: Հաշվի են առնվում աշխարհի երիտասարդների առաջնության, աշխարհի գավաթի, աշխարհի առաջնության մասնակցության արդյունքները: Լիդերն իր արդյունքով օգնում է նաև հավաքականի 2-րդ, 3-րդ համարներին:
Դահուկասպորտում 8 միավորների ժամանակաշրջան կա. վերջինը հրապարակվել է նոյեմբերին, հաջորդը շուտով կհրապարակվի: Նշեմ, որ մեր մարզաձևում գործում է միավորների նվազող համակարգ: Միքայելը, մինչև այս մրցումներն ունեցել է 90,91 միավոր, այժմ` 85,55: Նշանակում է` նա միավորները նվազեցրել է այս մեկնարկներում:
Աշխարհին առաջնության մասնակցության կանոնակարգով, եթե նախորդող 365 օրվա ընթացքում մարզիկը նվազագույնը գոնե մեկ մեկնարկ է ունենում 90 միավորից ցածր, դա հնարավորություն է տալիս նրան առանց դասակարգման փուլի անցնել եզրափակիչ: Մենք արդեն ունենք 1 մասնակից: Սա հաջողություն է երիտասարդ մարզիկի համար:

Գագիկ Սարգսյան

Հավաքականի մյուս անդամը` Թադևոս Պողոսյանը, ունեցել է 107 միավոր: Մեկնարկներին մասնակցելով` նվազեցրել է միավորները` 99,69: Քիչ է մնում, որ նա 90-ից ցածր միավոր ունենա. հավանաբար ևս մեկ մեկնարկից հետո արդյունքը կբարելավվի: Մենք կունենանք 2-րդ մասնակիցն առանց դասակարգման: Սա առաջընթաց է հայրենական դահուկասպորտի, Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի, թիմի և մարզիկների համար: Այս ամենը նախորդող ժամանակահատվածի քրտնաջան աշխատանքի արդյունք է: Թվերից բացի մենք աճ ունենք նաև գրանցած արդյունքների առումով: Եթե Թադևոսը նույն մրցումներին, գրեթե նույն քանակության մասնակիցներով անցյալ տարի զբաղեցրել է 35-36-րդ տեղերը, այս տարի արդեն 17-րդն է: Միքայելը մեկ մրցաշարում 5-րդն է եղել, մյուսում`7-րդը: Մինչև 20 տարեկանների պայքարում 2 մեկնարկում ոսկե մեդալ է նվաճել:
Սա մեծ ձեռքբերում է, քանի որ ձմեռային մարզաձևերում երկար տարիներ, բացի Սերգեյ Միքայելյանի մեդալներից, այլ նվաճումներ չենք ունեցել: Սկսել ենք մեդալների բերքահավաք: Հուսանք, որ կշարունակենք այս գործընթացը:


-Պարո՛ն Սարգսյան, Ֆինլանդիայում անցկացվող մրցաշարերում մեկնարկներ է ունենում նաև Կատյա Գալստյանը: Ի՞նչ գնահատական կտաք նրա ելույթներին:
-Ի ուրախություն մեզ` Կատյա Գալստյանը` աղջիկների առաջին համարը, ևս բավական աճ է գրանցել: Հայաստանում բոլոր մարզաձևերն էլ աղջիկների խնդիր ունեն` քանակի ու որակի հետ կապված: Կատյան մինչ մրցումներն ուներ 149,22, այժմ` 147: Կարող ենք մտածել, որ աճը չնչին է, բայց սա ընդամենը մի քանի մեկնարկի արդյունք է: Վերջին մեկնարկում 125 միավոր է ունեցել: Նա երբևէ այդքան միավոր չի վաստակել: Առաջիկայում հրապարակվելիք դասակարգման աղյուսակում լրիվ այլ պատկեր կունենանք:


-Ձմռան գալստով սկսվում է մարզաձևի բուռն շրջանը` մրցաշարերի և ուսումնամարզական հավաքներ անցկացման առումով: Ֆեդերացիայի պլանների մասին կխոսե՞ք:
- Բավական հագեցած օրացույց ունենք` միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված: Գրեթե ամեն շաբաթ մրցաշար ենք անցկացնելու: Դեռևս ձյուն չկա, բայց հուսանք, որ շուտով կլինի: Դեկտեմբերի 21-23-ը Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունն է կայանալու, որը հետաձգվել է մարտից, քանի որ ձյունը շուտ հալվեց: Միևնույն ժամանակ, այդ մեկնարկներում ունենալու ենք նաև վարկանիշային մրցաշար: Վարկանիշ ձեռք բերել ցանկացողներին հնարավորություն ենք ընձեռելու մեկնարկ ունենալ:
Հաջորդ մրցաշարը կկայանա 2019 թվականի հունվարին: Հայաստանի դահուկավազքի առաջնությունը կանցկացվի Աշոցքում հունվարի 6-9-ն ընկած ժամանակահատվածում և կրկին կլինի վարկանիշային: Աշոցքում ունենք միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված 4 դահուկուղի` տարբեր մրցատարածությունների համար: Փետրվարի 9-10-ն անցկացվելու է մեկ այլ վարկանիշային մրցաշար: Մարտի 9-10-ն անցկացնելու ենք 2019 թվականի պատանիների և երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որը կրկին վարկանիշային է լինելու:
Դահուկավազորդները դեռևս Ֆինլանդիայում են: Այս օրերին մեկնարկներ են ունենալու, որից հետո կվերադառնան Հայաստան: Գյումրիի 2 ներկայացուցիչներ` Աննա Ռաշոյանը և Աղասի Սաքանյանը, մեկնելու են Իտալիա` մասնակցելու միջազգային ֆեդերացիայի մարզումային ճամբարին, որից հետո` փետրվարին Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի երիտասարդների օլիմպիական փառատոնին: Միջազգային ֆեդերացիան մեզ աջակցում է մարզիկների` ուսումնամարզական հավաքի մասնակցելու գործում, քանի որ այստեղ դեռևս ձյուն չկա:
Հունվարի 25-ից Միքայել Միքայելյանը կմասնակցի երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Ֆինլանդիայում, որից հետո թիմը կմեկնի աշխարհի առաջնության: Աշխարհի առաջնությունից մեծ ակնկալիքներ չունենք. արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որ ունենալու ենք 2 մասնակից, որոնք միանգամից հանդես կգան եզրափակչում` դասակարգման փուլը հաղթահարած: Նշեմ սակայն, որ բավական մեծ սպասելիքներ ունենք աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունից: Հույս ունեմ, որ Միքայելն իր լավ արդյունքով մեզ կուրախացնի:


-Համաշխարհային ձյան օրը մեծ շուքով ու խանդավառությամբ 3 տարի շարունակ նշվում է նաև Հայաստանում: Այս տարի ե՞րբ եք նախատեսում անցկացնել այն:
-Հունվարի 19-20-ն Աշոցքում անցկացվելու է Եվրամիության դահուկավազքի փառատոնը: 2-րդ անգամ ենք անցկացնում այս միջոցառումը: Միևնույն ժամանակ նշեմ, որ հունվարի 20-ը հաստատվել է որպես Ձյան համաշխարհային օր, որը ևս նշելու ենք Աշոցքում: Միջոցառմանը աջակցում է նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Մենք փորձում ենք բերել երեխաներին դեպի ձյուն:Առաջին պտուղները, կարելի է ասել, արդեն քաղում ենք, քանի որ Աշոցքը ճանաչվեց և հայտնի է դառնալու Եվրամիության օժանդակությամբ: Աշոցքում ունենալու ենք դահուկային կենտրոն, որի բացումը կլինի նույն օրը: Այդ հրաշալի տոնին սիրով հրավիրում եմ մասնակցելու բոլոր ցանկացողներին:


-Պարո՛ն Սարգսյան, դահուկավազորդների գրաֆիկը բավական հագեցած է. լեռնադահուկորդների մասին ի՞նչ կասեք:
-Աշոտ Կարապետյանը նոյեմեբերի 18-ից Ավստրիայում և Իտալիայում մասնակցում է միջազգային ֆեդերացիայի մարզումային ճամբարին, որտեղ դեկտեմբերի 10-14-ը կմասնակցի զարգացող պետությունների 2018 թվականի գավաթի առաջնությանը: Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 15-ին: Հարություն Հարությունյանը ևս Իտալիայում է, կմասնակցի նույն առաջնությանը, որից հետո կշարունակի մարզումները:
Հունվարին 2 շաբաթով լեռանդահուկորդները կմեկնեն Շվեդիա` մասնակցելու ուսումնամարզական հավաքի` մարզչի գլխավորությամբ: Միջազգային ֆեդերացիան և զարգացող պետությունների կոմիտեն մեզ հնարավորություն և իրավունք է տվել 2019-ի հունվարին Հայաստանում անցկացնել զարգացող պետությունների գավաթը: Բավական մեծ միջազգային մրցաշար ենք ունենալու: 7-8 պետությունների ուժեղագույն մարզիկներ կմասնակցեն ստուգատեսին: Միջազգային ֆեդերացիայի հովանավորությամբ պետություններից 2-ական տղա և աղջիկ մարզչի գլխավորությամբ կմասնակցեն մրցաշարին: Նրանք այս կերպ աջակցում են Հայաստանում լեռնադահուկային սպորտի ու միջազգային մրցումների զարգացմանն ու տարածմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: