Հայերեն   English   Русский  

​Չեխիայի նախագահը քննադատել է անվտանգության ծառայությանը


Միլոշ Զեմանի խոսքով՝ վերջին վեց տարվա ընթացքում հատուկ ծառայությունները չեն կարողացել գտնել և ոչ մի արտասահմանյան լրտես


  
դիտումներ: 184

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը քննադատել է ազգային հատախուզության՝ Անվտանգության և տեղեկատվության ծառայության գործունեությունը և նրա տարեկան զեկույցը: Հատուկ ծառայության թերությունների մասին նա հայտարարել է երեկ երեկոյան Պրագայի Barrandov հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ մասին ես ասում եմ իմ փորձի հիման վրա, մի մարդու փորձի, որը վերջին վեց տարվա ընթացքում (Միլոշ Զեմանը նախագահ է ընտրվել 2013 թ.- ծնթ. ՏԱՍՍ-ի) կարդում է հակահետախուզության հաշվետվությունները,- ընդգծել է նա:- Հուսով եմ՝ որևէ պետական գաղտնիք չեմ բացում, բացի այն, որ Անվտանգության և տեղեկատվության ծառայությունը [մասնագիտորեն] պիտանի չէ»:

Նրա խոսքով՝ վերջին վեց տարվա ընթացքում հակահետախուզությունը չկարողացավ գեթ մեկ արտասահմանյան լրտես գտնել Չեխիայում: Այդ գերատեսչությունը սխալմամբ տեղեկացրել է պետության ղեկավարին հանրապետությունում իսլամիստների և մահմեդական համայնքի բացակայության մասին: «Եվ ահա նրա ղեկավարը՝ իմամը, [վերջերս] մեղադրվեց ահաբեկչության աջակցության և ֆինանսավորման մեջ»,- նշել է Զեմանը:

Հակահետախուզության տարեկան բյուջեն կազմում է 3 մլրդ կրոն (մոտ 115 մլն եվրո): «Հակահետախուզությունը կուզենար նվազագույնը պահպանել, իսկ ավելի լավ՝ մեծացնել այն: Ինչպե՞ս դա անել: Նա պետք է ապացուցի հասարակայնությանը, որ օգուտ է տալիս»,- ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը հայտնի էր նրանով, որ սկզբունքորեն չէր կարդում երկրի հատուկ ծառայությունների զեկույցները: «Թեև ես այդպես չեմ անում, կարող եմ հասկանալ նրան»,- ընդգծել է նախագահը:

Անցած երկուշաբթի Չեխիայի հակահետախուզությունը տարեկան զեկույցը տարածեց, որում տեղեկացվում էր Չեխիայի տարածքում Ռուսաստանի և Չինաստանի հատոկ ծառայությունների ակտիվացման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: