Հայերեն   English   Русский  

​Բանակը՝ նախընտրական ծրագրերում


  
դիտումներ: 593

Բանակի և անվտանգության խնդիրներն առաջնային են պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Ուստի «Անկախն» ուսումնասիրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը՝ պարզելու, թե ինչպիսին է նրանցից յուրաքանչյուրի տեսլականը այս ոլորտում։

Նշենք, ոչ չնայած ոլորտն առաջնային է, սակայն կան կուսակցություններ, որոնք որևէ կերպ չեն անդրադարձել բանակին և անվտանգությանը։

Բանակի և անվտանգության խնդիրներին իր ծրագրում ծավալուն տեղ է հատկացնում ՀՀԿ-ն։

Նախկինում իշխող և ներկայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունը բանակը տեսնում է «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում։ «Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման»,- հայտարարում է ՀՀԿ-ն։

Իսկ նշվածն իրագործելու համար ՀՀԿ-ն նախատեսում է սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարում, ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում, գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացում, արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում, սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում, ժամկետային զինծառայության որակի բարձրացում և քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում, պահեստազորի հետևողական ամրապնդում, զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում, զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնում:

«Իմ քայլը» դաշինքը ևս ընդարձակ տեղ է հատկացնում բանակի և անվտանգության ոլորտում իր տեսլականը ներկայացնելուն։ «Զինված ուժերի մարտունակության եւ արդյունավետության համապատասխանեցումը անվտանգության միջավայրի փոփոխվող պահանջներին պաշտպանության ոլորտում մեր քաղաքական առաջնահերթությունն է: Պաշտպանության երկարաժամկետ պլանավորման նպատակներն ու խնդիրները պետք է սահմանվեն առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա»,- հռչակում է դաշինքը։

Նշվածն իրագործելու նպատակով «Իմ քայլը» դաշինքը նախատեսում է ԶՈՒ համալրում արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, հայրենական ռազմական արդյունաբերության զարգացում, ԶՈՒ կառավարման համակարգի ավտոմատացում։ «Զինված ուժերի մարտական հերթապահության համակարգը աշխարհագրորեն թույլատրելի հատվածներում աստիճանաբար փոխարինելու ենք դինամիկ պաշտպանությամբ, դարձնելու ենք տեխնոլոգիապես և ինժեներական առումով հագեցված՝ անձնակազմի առավելագույն անվտանգությունն ապահովելու նպատակով»,- խոստանում է «Իմ քայլը»:

Զարմանալիորեն ծրագրային դրույթ է դարձել զինծառայողներին սանիտարահիգիենիկ միջոցներով ապահովելը․ «Բարելավելու ենք ծառայության պայմանները, զարգացնելու ենք զինվորական ծառայողների սոցիալական պաշտպանության համակարգը: Այսուհետ բոլոր ծառայողներն ունենալու են օրենքով սահմանված անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաները»:

Դաշինքը ամրագրում է, որ նշվածն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմշակի նոր պաշտպանական ռազմավարություն և ռազմավարական պլանավորման փաստաթղթեր։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը զինված ուժերին ամենամանրակրկիտն է անդրադարձել։

«Պաշտպանության ոլորտում մեր քաղաքականությունը միտված է լինելու զինված ուժերի համալրման՝ արդիական սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ինչպես նաև կապի և ավտոմատ կառավարման նորագույն համակարգերով»,- հայտարարում է ՔՈ ՍԴԿ-ն։

ՔՈ ՍԴԿ-ն կարևորում է մի շարք զինատեսակների ձեռքբերումը ավիացիայի, կապի և այլ ոլորտներում։ Իսկ նշված զինատեսակները ձեռք բերելու համար կուսակցությունն առաջարկում է ուսումնասիրել միջազգային ռազմաարդյունաբերական առաջարկները, ինչպես նաև զարկ տալ ռազմարդյունաբերության զարգացմանը Հայաստանում։

Մարտական դիրքերի և հենակատերի պաշտպանությունն ապահովելու համար կուսակցությունն առաջնահերթ է համարում ձեռք բերել ազդանշանային և տեսանկարահանման համակարգեր՝ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի արագ հայնաբերման և ոչնչացման նպատակով, ստեղծել արագ արձագանքման, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ՝ սպառազինելով ժամանակակից զինատեսակներով և ռազմական տեխնիկայով, համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ, կատերելագործել ճանապարհային ցանցը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ԶՈւ տեղաշարժերի համար, սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել և սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա։

ՔՈ ՍԴԿ-ն քննարկում է նաև զինծառայողների բարոյահոգեբանական և սոցիալական վիճակը բարելավելու հնարավորությունները՝ նախատեսելով ուշադրություն դարձնել սպաներին բնակարանով ապահովմանը, փուլային տարբերակով բարձրացնել զինծառայողների վարձատրությունը, հեշտացնել «Ես եմ» ծրագրի պայմանները և այլն։

Ուշագրավ է նաև «Մենք» դաշինքի բանակի տեսլականը, որում հստակ ընդգծված է դաշինքի արևմտամետությունը։ Դաշինքի առանցքային հիմնադրույթներն են այս ոլորտում․ «աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի», «հայկական զինված ուժերի համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին», «պաշտպանության ոլորտի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձերի 25 % ավելացում», «պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետություն և գործընթացների թափանցիկություն», «բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերականգնում», «զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունների լիարժեք բացահայտում», «բանակ-հասարակություն կապի զարգացում», «սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգի վերանայում», «ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրերի վերանայում, ինչպես նաև Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ու ինքնիշխանությունը արգելափակող խոչընդոտների վերանայում», «ռազմաարդունաբերական համալիրի ստեղծում»։

«Սասնա ծռեր» կուսակցության ծրագրում ևս բանակին և պաշտպանությանը համեմատաբար ընդարձակ տեղ է հատկացված։

«Սասնա ծռերը» նախատեսում են կյանքի կոչել «ազգ-բանակ» մոդելը, կադրային փոփոխություններ իրականացնել՝ ապահովելու ԶՈՒ կառավարման արդյունավետություն, պետության ձեռքում միջոցներ կենտրոնացնել՝ սպառազինություն ձեռք բերելու համար, վերանայել առաջնագծի պաշտպանության համակարգը՝ այն վստահելով արհեստավարժ մասնագետներին և ժամանակակից տեխնոլոգիաներին, ոչ թե ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև վերանայել անվտանգության մարմինների համակարգը, որոշել սահմանային պաշտպանական գոտի և այլն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անվտանգություն և պաշտպանություն բաժնում շեշտադրում է ռազմական կարողությունների շարունակական զարգացումը։

«Երկրի անվտանգության ապահովման համար պետք է շարունակաբար զարգացնենք ռազմական կարողությունները՝ ապահովելու ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը»,- ամրագրում է ԼՀԿ-ն։

Իսկ ասվածն իրագործելու ուղիներ ԼՀԿ-ն համարում է ԶՈՒ նկատմամբ ժողովրդական վերահսկողության սահմանումը, ռազմական գնումների արդյունավետության և թափանցիկության ապահովումը, ռազմական արդյունաբերության զարգացումը, ԶՈՒ-երում իրավունքի գերակայության ապահովումը, ռազմաքաղաքական ուղղվածության գիտահետոզոտական կենտրոնների ֆինանսավորումը և դրանց խորհրդակցական դերի բարձրացումը, ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը և այլն։

ԲՀԿ-ի տեսլականը բանակաշինության ոլորտում այսպիսին է․ «Պաշտպանության ոլորտում առաջիկա երկու տարիներին անհրաժեշտ է կտրուկ ավելացնել պայմանագրային ծինծառայողների թիվը ՀՀ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով։ Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերությունը պետք է վերապահել պայմանագրային զինծառայողներին»։

ՀՅԴ-ն հռչակում է․ «Բանակը պետք է գտնվի բոլորիս հոգածության կենտրոնում»։ ՀՅԴ-ն ևս կարևորում է ազգ-բանակ հայեցակարգի իրագործումը և այդ համատեքստում ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը։ Կուսակցությունը նաև նախատեսում է բարձրացնել սպայական կազմի վարձատրությունը և խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնմանը։

ՕԵԿ-ը իր ծրագրում այս ոլորտում ևս նոր բան չի ասում՝ հիմնականում կրկնելով իր՝ նախկինում բարձրացրած թեզերը, այն է․ «Զինված ուժերի արդիականացում և վերահսկում, աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով: Պետական սահմանի պահպանության արդիականացում` ներառյալ հայրենական արտադրության զենքով և զինտեխնիկայով: Գիտական մշակումների ներդնում բանակաշինության գործընթացում»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որքան էլ զարմանալի է, թշնամական երկրներով շրջապատված և անավարտ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար բանակի որևէ տեսլական չունի։ Կուսակցության ծրագրում ընդամենը նշվում է, որ հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով հնարավոր կլինի Արցախը դե յուրե միավորել Հայաստանին։

Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ծրագրում բանակի և զինված ուժերի մասին ևս խոսք չկա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: