Հայերեն   English   Русский  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը


  
դիտումներ: 833

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, Վերաքննիչ դատարանն այսօր կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախևառաջ քաղաքական որոշան արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։

Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է։ Գործը քննող դատավորն ընտրվել է օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։

Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։

Բացի այդ պարզ է, որ 2008 թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։ Վստահ են, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծած այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանություններն ու նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական փորձություն եմ համարում։ Իմ կյանքի մի հերթական դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարին հանուն ազատության և արժանապատվության

ԼՂՀ առաջին նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ

Ռոբերտ Քոչարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: