Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան. «Լիովին պատրաստ ենք առաջնության` բարձր մակարդակով անցկացմանը»


  
դիտումներ: 839

Դեկտեմբերի 13-18-ը Երևանում անցկացվելու է արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի առաջնությունը: Հայաստան են ժամանելու Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի Մ15 տարեկանների հավաքականները:

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսում է մրցաշարի նախապատրաստական աշխատանքների, մեր մարզիկների պատրաստվածության և ֆեդերացիայի կողմից իրականացվող այլ ծրագրերի մասին:


-Պարո՛ն Ասմարյան, Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու 9 երկրների մասնակցությամբ նման մեծամասշտաբ մրցաշար: Կազմակերպչական առումով դժվարություններ եղե՞լ են:
-Շուրջ 1 տարի է` մենք պատրաստվում ենք այս առաջնությանը: Առաջին անգամ ենք նմանատիպ մրցաշար հյուրընկալելու: Ֆեդերացիայում հատուկ կազմկոմիտե է ձևավորվել, որն աշխատում է այս միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ: Հաճախակի ժողովներ ենք գումարում, որտեղ բաշխվում են պարտականությունները, կազմակերպչական հարցերն են քննարկվում: Լողափնյա վոլեյբոլի փորձը մեզ շատ բան է տվել ու սովորեցրել, ուստի լիովին պատրաստ ենք առաջնության բարձր մակարդակով անցկացմանը:
Մենք ունեինք դահլիճի խնդիր: «Գազպրոմի» ղեկավարությունը խոստացել էր լուծել այդ հարցը, որը, սակայն, չստացվեց: Մեզ օգնության ձեռք մեկնեց Հայ-Ռուսական համալսարանը: Դահլիճը թեև զբաղված էր, բայց նրանք տրամադրեցին մեզ այն: Հյուրընկալվող թիմերը կմնան «Օլիմպավանում»: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեզ շատ է օգնել: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, նախարար Գաբրիել Ղազարյանին: Շուրջ մեկ տարի աշխատել ենք, և նա մեզ աջակցել է, որ առաջնությունը լավ անցկացնենք: Բավական մեծ թիմ է աշխատում այս ամենը բարձր մակարդակով անցկացնելու համար: Մենք մասնակցել ենք նմանատիպ առաջնությունների հարևան երկրներում: Վստահաբար կարող եմ ասել, որ մենք ավելի կազմակերպած ենք անցկացնելու: Իսկ դժվարություններ շատ կան: Մեր երկրում չկա որևէ դահլիճ, որ նախատեսված լինի վոլեյբոլի համար ու համապատասխանի միջազգային ստանդարտներին:


-Վոլեյբոլն օլիմպիական մարզաձև է. ցավալի է, որ մեկ մարզադահլիճ անգամ չունենք` միջազգային ստանդարտներին համապատասխան: Ո՞րն է պատճառը:

Կարեն Ասմարյան

-Մարզադահլիճները կարծես հատուկ պատարստված լինեն միայն ու միայն բասկետբոլի ու ֆուտզալի համար: Վոլեյբոլի համար նախատեսված ցանց կապելու համար հարմարություններ չկան և ոչ մի դահլիճում: «Միկայի» մարզադահլիճում նախկինում եղել է, հիմա ինչ-ինչ պատճառներով չկա: Կարծես հատուկ դիտավորություն լինի: Ուրախ եմ, որ գոնե սլավոնական համալսարանում ունենք լավ դահլիճ: Այս հարցը մենք բարձրացրել ու բարձրացնելու ենք: Վոլեյբոլն օլիմպիական մարզաձև է, պետք է դահլիճներում հարմարություններ, էլեկտրոնային տաբլոներ լինեն, որպեսզի առաջնությունները պատվով անցկացնենք: Մարզահատակի մասին խոսելն ավելորդ է: Լավ կլինի, որ դահլիճներ կառուցելիս գոնե հարմարություններ ստեղծեն` ցանցը կապելու համար: Մարզադահլիճ կառուցողները մտածում են միայն ու միայն եկամուտներ ստանալու մասին: Հարկավոր է այս հարցերին ուշադրություն դարձնեն ղեկավար մարմինները, խաղային ձևերի համար համապատասխան դահլիճներ կառուցեն, որպեսզի ավելի հաճախ կարողանանք միջազգային կարգի մրցաշարեր անցկացնել:
Անպայման ցանկանում են նշել, որ թեև դանդաղ, բայց շարժվում ենք առաջ: Նախարարությունը, տեսնելով մեր աշխատանքը, ավելացրել է ֆեդերացիայի բյուջեն: Մենք 3 մարզաձև ենք զարգացնում ու տարածում: Դասական ու լողափնյա վոլեյբոլները օլիմպիական մարզաձևեր են, ձմեռային վոլեյբոլն էլ շուտով մուտք կգործի օլիմպիական ընտանիք: Նշեմ, որ Մոսկվայում անցկացվում են ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի տուրեր, որին մասնակցում են Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի այլ երկրներ: Ամբողջ աշխարհում կա հետաքրքրվածություն, և, արդեն կարելի է ենթադրել, թե որքան մեծ զարգացում է ապրել մարզաձևը:


- Պարո՛ն Ասմարյան, մինչև 15 տարեկանների վոլեյբոլի Հայաստանի հավաքականը ինչպիսի՞ նախապատրաստական շրջան է անցել ստուգատեսից առաջ:
- Թիմը համալրվել է Երևանի, Վանաձորի և Եղեգնաձորի մարզիկներով:Հավաքականը 3 ամիս շարունակ համատեղ մարզումներ է անցկացրել: Հավաքներն անցկացվել են Երևանում, Վանաձորում: Մեր ունեցած բյուջեով հեշտ չէ հավաքական պահել: Բայց մենք փորձել ենք առավելագույնս ապահովել անհրաժեշտ պայմանները մարզիկների համար: Հավաքականի մարզիկները նաև ընկերական հանդիպումներ են անցկացրել վրացական թիմերի հետ Թբիլիսիում,որպեսզի լավ ներկայանան: Մեծ սպասումներ և հաղթանակի ակնկալիք չունենք, բայց հույս ունենք որ հայրենիքում լավ խաղ կցուցադրեն տղաները: Հանդիսատեսն էլ բավականություն կստանա, քանի որ առաջին անգամ է 9 երկրների մասնակցությամբ առաջնություն անցկացվում:


-Ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տանում լողափնյա վոլեյբոլը տարածելու և զարգացնելու համար: Այդ կապակցությամբ Երևանում անցկացվեցին եռափուլ տեսագործնական դասընթացներ:
-Սեմինարն անցկացվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի`
<<Օլիմպիական համերաշխություն>> ծրագրի շրջանակներում, ֆեդերացիայի աջակցությամբ անցկացրեց սիմինար: Հատուկ որոշել էինք, որ սեմինարին մասնակցեն երիտասարդ մարզիչները, որոնք ոգևորված են, սիրում են մարզաձևը, ցանկանում են խորանալ և ծանոթանալ լողափնյա վոլեյբոլի բոլոր նրբություններին: Լողափնյա վոլեյբոլի սեմինար երբևէ չէինք անցկացրել: Մարզիչները ստացան տեսական և գործնական գիտելիքներ: Նրանք շատ բան սովորեցին հոգեբանությունից, մարտավարությունից: Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել հաջորդ տարի, երբ նրանց աշխատանքը տեսնենք գործնականում: Նշեմ, որ գործնական պարապմունքների ժամանակ հատուկ գալիս էին մարզվող երեխաներ, որոնց հետ մարզիչն աշխատում էր: Երեխան և՛ սովորում էր, և՛ խաղում: Լողափնյան վոլեյբոլը երիտասարդ մարզաձև է, շուրջ 10 տարի է, որ խաղում են Հայաստանում: Ուստի կան գաղտնիքներ ու նրբություններ, որոնք մարզիչները պետք է յուրացնեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: