Հայերեն   English   Русский  

​Ստրասբուրգում այսօր սուգ է


Քաղաքի ծննդյան տոնավաճառում կատարված հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, 12 մարդ վիրավորվել է


  
դիտումներ: 346

Ստրասբուրգ

Ի՞նչ է տեղի ունեցել

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 11-ին, Ստրասբուրգի կենտրոնում՝ ծննդյան տոնավաճառում, մի տղամարդ հրազենից կրակ է բացել մարդկանց վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ գրոհի զոհ է դարձել 3 մարդ, 12-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդել է Bangkok Post-ը, զոհվածներից մեկը Թաիլանդի քաղաքացի է: Ըստ ANSA գործակալության տվյալների՝ վիրավորվածներից մեկը իտալացի լրագրող է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել կրակողին:

Le Progres պարբերականը հաղորդել է, որ կրակոցներ են հնչել քաղաքի երեք կետերում: Ըստ BFM հեռուստատեսության ունեցած տեղեկության՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են համարում:

Ո՞վ է հարձակվողը

Կասկածյալը 29-ամյա ստրասբուրգցի Շերիֆ Շ-ն է: Նրա մասին տեղեկություններն առկա են Ներքին անվտանգության գլխավոր վարչության քարտարանում, նա ահաբեկչության մեջ կասկածվողների ցուցակում է: Ոստիկանության հայտնած տեղեկության համաձայն՝ այդ տղամարդը ենթակա էր ձերբակալության սպանության հանցակցության կասկածանքով:

Ըստ Le Progres-ի ունեցած տեղեկության՝ իրավապահ մարմինների աշխատակիցները նրան պետք է բռնեին դեռ առավոտյան, սակայն տանը չէին գտել: Խուզարկության ժամանակ, ըստ ԶԼՄ-ների, նրա բնակարանում նռնակներ են հայտնաբերվել:

France Info ռադիոկյանը հաղորդել է, որ կասկածյալը տաքսի է առևանգել, որով փախուստի է դիմել դեպքի վայրից: Տաքսու վարորդը չի տուժել և հայտնել է, որ հանցագործը վիրավորված էր: AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ:

Իրավիճակը քաղաքում

Պայմանավորված ոստիկանության գործողություններով՝ քաղաքում երթևեկությունը դադարեցված է: Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել քաղաքի բնակիչներին տնից դուրս չգալ և հետևել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին գերմանական ոստիկանությունն ուժեղացրել է սահմանապահ հսկողության միջոցները:

Անվտանգության նպատակով ոստիկանությունը փակել է քաղաքի բոլոր հարավային երթուղիները:

Դեպքից անմիջապես հետո ֆեյսբուքն ակտիվացրել է «Անվտանգության ստուգում» գործառույթը, որը հնարավորություն է տալիս սոցցանցի օգտատերերին հաստատելու, որ իրենք չեն տուժել արտակարգ պատահարի, տարերային աղետի կամ ահաբեկչության հետևանքով:

Իշխանությունների հակազդեցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ստրասբուրգ, ուր շտապ խորհրդակցություն է հրավիրել: Նրա հետ ժամանել է նաև ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Նա հայտարարել է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում է 350 ոստիկան, դատական ոստիկանության 100 աշխատակից, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ կարգավորման ստորաբաժանումներ:

Բացի այդ, կառավարությունը որոշում է ընդունել ուժեղացնել հակաահաբեկչական միջոցները երկրում: Խոսքը սահմանապահ և երկրի բոլոր ամանորյա տոնավաճառներում հսկողության մասին է:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հավաքել և գլխավորել է միջգերատեսչական ճգնաժամային խումբը Ստրասբուրգում ստեղծված իրավիճակի կապակցությամբ գործադրվող ջանքերը համակարգելու համար:

Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը դեկտեմբերի 12-ը հայտարարել է սգո օր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: