Հայերեն   English   Русский  

​Զանգվածային ընդվզումները Ֆրանսիայում՝ սկսած 1968 թվականից. պատմությունը, պահանջները, վնասները


  
դիտումներ: 1654

2018 թ. դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում համազգային բողոքի օր էր ավտոմեքենաների վառելիքի գների, հարկերիբարձրացման և կյանքի թանկության դեմ:

Ցույցերին մասնակցողների թիվը հասավ 125 հազարի, բռնվեց 1700 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվեցին: ТАСС-ДОСЬЕ խմբագրությունը նյութ է պատրաստել Ֆրանսիայում կատարված զանգվածային ընդվզումների մասին՝ սկսած 1968 թվականից:

1968 թ.

Սոցիալական ճգնաժամը 1968 թ. մայիսին, որ պատմության մեջ մտել որպես «Կարմիր մայիս», սկսվեց Փարիզում և ուրիշ քաղաքներում ուսանողական ցույցերից, որոնք տեղի էին ունենում 1967 թ. նոյեմբերից բարձրագույն ուսումնական հաստատությունների բարեփոխման պահանջով: Ուսանողների կոնֆլիկտը համալսարանների իշխանությունների հետ աստիճանաբարհանգեցին հուզումների՝ ձախական և անարխիստական կարգախոսներով ՝ «Արգելվում է արգելել», «Եղեք ռեալիստ՝ պահանջեք անհնարինը» և այլն: Մայիսի 1-ին Փարիզի փողոցներ դուրս եկավ ավելի քան 100 հազար մարդ: Մայիսի 3-ին սկսվեցին բարիկադների կառուցումը, ջարդերն ու հրդեհումները, բախումները ոստիկանության հետ: Առավել կատաղի բախումները տեղի ունեցան Փարիզում մայիսի 6-ին և մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը:

Ցուցարարներին ցրելու համար կիրառվում էր արցունքաբեր գազ, մի քանի հարյուր մարդ վիրավորվեց, ավելի քան հազարը ձերբակալվեցին: Իշխանությունների գործողությունների դեմ ձերբակալվածներին ազատելու և իրենց հարցերը բավարարելու պահանջներով հանդես եկան արհմիությունները, սոցիալիստները, կոմունիստները և ձախ արմատական կազմակերպությունները:

Մայիսի 13-ին համընդհանուր գործադուլ սկսվեց, որը կաթվածահար արեց երկիրը: Դրան մասնակցեց մոտ 10 մլն մարդ (մոտ 50,5 մլն բնակչության պարագայում):Ի տարբերություն ուսանողների, բանվորները որոշակի պահանջներ էին ներկայացնում «40-60-1000» բանաձևով (աշխատանքային շաբաթը նվազեցնել 40 ժամի, թոշակի տարիքը՝ 60, նվազագույն աշխատավարձը՝ 1000 ֆրանկ), ինչպես նաև հանդես էին գալիս նախագահ Շառլ դը Գոլի հրաժարականի պահանջով: Ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում, Թուլուզում, Բորդոյում, Լիոնում և ուրիշ քաղաքներում: Մայիսի 24-ին ֆրանսիացիներին ռադիոյով դիմեց նախագահ դը Գոլը: Նա խոստացավ քննարկել գործադուլավորների պահանջները և բարեփոխումներ անցկացնել: Մայիսի 25-ին սկսվեցին արհմիությունների և ձեռնարկատերերի կազմակերպությունների բանակցությունները կառավարության հետ:

Իշխանությունները և ձեռնարկությունների ղեկավարները զիջումների գնացին (մասնավորապես աշխատավարձը բարձրացավ միջինը 14 տոկոսով, աշխատանքային շաբաթի տևողությունը 45 ժամից կրճատվեց 40 ժամի): Արհմիությունների հետ համաձայնությունկնքելուց հետո գործադուլի շարժումը սկսեց մարել: Մայիսի 30-ին դը Գոլը հայտարարեց խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Փարիզում 500-հազարանոց ցույց տեղի ունեցավ ի պաշտպանություն կառավարության: Հունիսի 12-ին արգելվեցին բոլոր ձախական կազմակերպությունները: Հունիսի 14-ից ոստիկանությունը սկսեց դուրս մղել ուսանողներին իրենց գրաված բուհերից և բանվորներին ձեռնարկություններից, որոնք չէին դադարեցնում գործադուլը:

Հուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հաղթանակ բերեցին դը Գոլի «Հանրապետության պաշտպանության միությանը»՝ որպես մի կուսակցության, որը դիմակայում է քաոսին ու անարխիային: Սակայն 1969 թ. ապրիլին՝ տարածաշրջանային բարեփոխման ձախողված հանրաքվեից հետո, նախագահ դը Գոլը վաղաժամկետհեռացավ իշխանությունից:

1968 թ. դեպքերը համեմատում են հեղափոխության հետ, որը թեպետ չհանգեցրեց պետության փլուզման, վճռական ազդեցություն ունեցավ իշխանության ու հասարակության փոխակերպման առումով:

1995 թ.

1995 թ. աշնանը Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ սկսվեց, որը պատասխանն էր հանրապետական Ալեն Ժյուպպեի կառավարության ծրագրերին (թոշակային հիմնադրամին պետծառայողների վճարների ժամկետի երկարացում և նրանց սոցիալական արտոնությունների մի մասի վերացում):

Արհմիությունների կոչով մի քանի միլիոն մարդ դուրս եկավ փողոց: Չնայած իրադրության սրմանը՝ Ժյուպպեն հայտարարեց կառուցվածքային վերակառուցման և Երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) մասնակի մասնավորեցման մասին: Երկաթուղայինների պատասխան գործադուլը և նրանցմիացած ուրիշ ճյուղերի բանվորների ցույցերը 1995 թ. նոյեմբերին Ֆրանսիային հասցրին քաղաքական ճգնաժամի: Երկամսյա ցույցերից հետո կառավարությունը ստիպված եղավ զիջումների գնալ: Ժյուպպեն չեղարկեց թոշակային բարեփոխումը, այնուամենայնիվ որոշ փոփոխություններ սոցիալական ապահովագրությունում ընդունվեցին: Ընդվզումների հետևանքով Ֆրանսիան կորցրեց ՀՆԱ-ի 0,2-0,3%-ը: 1997 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց սոցկուսակցությունը, Ժյուպպեն հեռացավ իշխանությունից:

2005 թ.

2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ֆրանսիան կրկին դեմ առավ զանգվածային անկարգություններին: Երիտասարդության, հիմնականում՝ Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթածների ցույցերն ընդգրկեցին երկրի մի քանի քաղաքներ և սոցիալական, քրեական ու կրոնա-էթնիկական բնույթ ունեին: Ավերածությունների գագաթնակետը նոյեմբերի 7-ին էր, երբ նրանք գրավեցին 17 դեպարտապենտ (վարչա-տարածքային միավոր): Նոյեմբերի կեսին ընդվզումները նվազեցին:Այդ ընթացքում այրվել է 10 հազար ավտոմեքենա, հրդեհվել է մոտ 200 պետական հաստատություն, ավերվել են խանութներ, ռեստորաններ, դպրոցներ, գրադարաններ, եկեղեցիներ: Մի մարդ զոհվել է, ավելի քան հարյուրը վնասվածքներ են ստացել: Ընդհանուր վնասը գնահատվում է 200 մլն եվրո: Ոստիկանությունն օգտագործել է պլաստիկ գնդակներ և արցունքաբեր գազ: 2005 թ. նոյեմբերի 9-ից մինչև 2006 թ. հունվարի 3-ը երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հետագայում այդ իրադարձությունները որակվել են որպես էթնիկական երիտասարդության և քաղաքային ստորին խավի ապստամբություն:

2013 թ.

2013 թ. հունվարին Փարիզում ցույց տեղի ունեցավ միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ: Ընդվզումը միավորում էր աջցենտրիստական ընդդիմությանը, ազգայնականներին, պահպանողական-ավանդապահներին և կաթոլիկ եկեղեցուն: Գլխավոր պահանջը բաց հանրային լսումների ձեռնարկումն էր միասեռ ամուսնությունների հնարավոր օրինականացման հարցով, ընդհուպ համազգային հանրաքվեի անցկացումը, իսկ հիմնականում փորձաքար դարձավ միասեռ զույգերին երեխաներ որդեգրելու թույլտվության հարցը: Ավանդական արժեքների կողմնակիցները դժգոհ էին այն բանից, որ երկրի ղեկավարությունը փորձում է բարեփոխում իրականացնել, որը դիպչում է հասարակական հարաբերությունների հիմքերին: Զանգվածային երթերը և ցույցերը տեղի ունեցան Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, ինչպես նաև անդրծովյան դեպարտամենտներում: Դրանց մասնակցեց 340-800 հազար մարդ: Միասեռ ամուսնությունների օրինականացման կողմանկիցներն էլ իրենց հերթին 125-400 հազար մարդ հավաքեցին Փարիզում: 2013 թ. մայիսին նախագահ Ֆրանսուա Օլանդը օրենք ստորագրեց, որը թույլ է տալիս միասեռ ամուսնություններ՝ երեխաների որդեգրելու իրավունքով:

2016 թ.

2016 թ. կեսին Ֆրանսիայում ընդվզումներ և գործադուլներ սկսվեցին աշխատանքային օրենսդրության նեոլիբերալ բարեփոխման դեմ, որ հայտնի է որպես «Էլ Հոմրիի օրենք» (աշխատանքային շաբաթի ավելացումը 35-ից մինչև 60 ժամ, ազատման ընթացակարգի պարզեցում. նախագծի հեղինակը աշխատանքի նախարար Մարիամ Էլ Հոմրին էր): Այդ ընդվզումներին մասնակցեց 60-150 հազար քաղաքացի:

Մարտի 31-ին արդեն դրանք վերածվեցին «Գիշերը ոտքի վրա» (Nuit debout) ցույցերի: Մարդիկ հավաքվում էին Փարիզի Հանրապետության հրապարակում, որտեղ վրանային քաղաք ստեղծվեց: Այդ հավաքները պարբերաբար անցկացվում էին նաև Փարիզից դուրս՝ Լիոնում, Մարսելում, Նանտում, Ռենում: Ավելի ուշ նրանց միացան երկրի նավթամշակող գործարանների աշխատողները: Այդ գործարանների մի մասը դադարեցրեց աշխատանքը, մյուսներում բանվորները փակեցին մուտքը, լցակայաններում բենզինի անբավարարություն առաջացավ: Մայիսի վերջին շարժմանը միացան Ֆրանսիայի բոլոր ատոմակայանների աշխատողները, հունիսին՝ երկաթուղայինները:

Այսուհանդերձ կառավարությանը հաջողվեց օրենքն անցկացնել խորհրդարանում (օգտագործվեց սահմանադրության այն դրույթը, որը հնարավորություն է տալիս փաստաթուղթն ընդունել առանց քննարկման, բայց այդ դեպքում խորհրդարանն իրավունք ունի քննարկման դնել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցը): Այն ուժի մեջ մտավ 2016 թվականին: Ընդվզումները շարունակվեցին մինչև սեպտեմբեր, դրանց մասնակցեց 1,2 մլն մարդ:

2017 թ.

2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ֆրանսիայում զանգվածային ցույցեր եղան նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքային օրենսդրության դեմ (2016 թ. սկսված վերափոխումների շարունակությունը): Ըստ այդմ՝ մինչև 2022 թ. գրեթե 5,6 մլն պետծառայողներից 120 հազարը կրճատվելու են (պատճառը երկրի պետական պարտքն է, որը 2017 թ. վերջին կազմել է ՀՆԱ-ի 97%-ը կամ 2,214 տրիլիոն եվրո): Բացի կրճատումներից, այդ օրենսդրությունը ենթադրում է աշխատանքային օրվա տևողության մեծացում, աշխատողներին ազատելու ընթացակարգի պարզեցում, աշխատավորների համար սոցիալական երաշխիքների քանակի նվազեցում, արհմիությունների դերի նվազեցում աշխատանքի պայմանների բանակցություններում: 2017 թ. հունիսին և օգոստոսին այն ընդունվել է խորհրդարանում, նախագահը ստորագրել է սեպտեմբերին:

Ցույցերի կազմակերպիչը Ֆրանսիայի խոշորագույն ազգային արհմիություններից մեկն էր՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը: Ցույցերին մասնակցում էր ավելի քան 60 հազար ֆրանսիացի:

2018 թ.

2018 թ. ապրիլ-հունիս ամիսներին Ֆրանսիայում ընթացան պետծառայողների գործադուլներն Էմանուել Մակրոնի աշխատանքային բարեփոխումների դեմ՝ ընդունված 2017 թ.: Գործադուլը սկսեցին SNCF պետական երկաթուղային ընկերության աշխատողները ի նշանբողոքի երկաթուղիների բարեփոխման (առաջարկվում է չեղարկել այդ ճյուղի աշխատողների հատուկ կարգավիճակը, ինչը կհանգեցնի արտոնությունների կորստյան, որոնց թվում է աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացումը և վաղաժամկետ թոշակի անցնելը):

Բացի այդ, նախատեսվում է 2023 թ. մասնավորեցնել SNCF-ը (նրա պարտքը կազմում է 46,6 մլրդ եվրո): Օրենքը խորհրդարանն ընդունել է 2018 թ. հունիսին, ուժի մեջ է մտնելու 2020 թ.: Երկաթուղայինները գործադուլ էին անում 2 օրը մեկ (այդ օրերին չկարողացավ գնացքով տեղաշարժվել 4,5 մլն ուղևոր): Հետագայում գործադուլավորներին պաշտպանեցին աղբահավաքները, էներգետիկայի ազգային ընկերության և Air France ավիաընկերության աշխատակիցները: Նրանք դժգոհ են այն պատճառով, որ 2017 թ. սեպտեմբերին աշխատանքային օրենսգիրք մտցվեցին փոփոխություններ, որոնք կտրուկ պարզեցրել են աշխատողների ազատման ընթացակարգը և սահմանափակում են արհմիությունների դերը աշխատանքային պայմանագրեր կնքելիս:

Air France-ի աշխատակիցները նաև պահանջում էին աշխատավարձի բարձրացում 6%-ով: Բացի այդ, նրանց միացան ուսանողները, որոնք բողոքում էին կառավարության ծրագրերի դեմ, ըստ որոնց՝ մրցույթ է մտցվելու բակալավրիատ ընդունվելիս և բուհերում սահմանափակվելու է տեղերի քանակը:

2018 թ. նոյեմբերին Ֆրանսիայում զանգվածային ցույցերի նոր ալիք բարձրացավ: Այս անգամ դրանք կազմակերպել էր «Դեղին ժիլետների» շարժումը (այդպիսի հագուստ են հագնում ֆրանսիացի վարորդները): Այդ հախուռն շարժումը՝ առանց ընդգծված առաջնորդի, սկսվեց սոցցանցերում: Սկզբում ընդվզումների պատճառը վառելիքի գնի բարձրացումն էր (2018 թ. բենզինը թանկացավ 15%-ով, դիզելը՝ 23%-ով և արժի մոտ 1,5 եվրո): Այնուհետև պահանջներին ավելացան հարկերի բարձրացման արգելքը (2019-ից նախատեսվում է բենզինի հարկը բարձրացնել ևս 2,9%-ով, դիզելինը՝ 6,5%-ով), նվազագույն աշխատավարձի բարձրացումը, թոշակի անցնելու տարիքը 62-ից 60-ի իջեցնելը, պաշտոնյաների վրա պետական ծախսերի կրճատումը, անօրինական միգրացիայի հսկողության խստացումը և այլն: Դեկտեմբերի 1-ին զանգվածային հանրահավաքները վերածվեցին իսկական ջարդերի. մարդիկ այրում էին ավտոմեքենաները, ջարդում էին ցուցափեղկերը և իրեր էին շպրտում ոստիկանների վրա (ըստ Փարիզի քաղաքապետարանի տվյալների՝ վնասները կազմել են 3-4 մլն եվրո):

Դեպտեմբերի 8-ին բողոքի համազգային օրվան մասնակցել է 125 հազար մարդ (Փարիզում՝ 2 հազար), գործի է դրվել անվտանգության ուժերի 89 հազար աշխատակից, այդ թվում՝ 8 հազար Փարիզում: Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցերին մասնակցել է ընդհանուր 1 մլն մարդ: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, 4 մարդ զոհվել է: Նախագահ Էմանուել Մակրոնը սկզբում չէր ցանկանում զիջումների գնալ, սակայն դեկտեմերի 4-ին կառավարությունը հայտարարեց վառելիքի գնի բարձրացման վեցամսյա մորատորիում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: