Հայերեն   English   Русский  

«Hello, Adam!». Սամվել Բիշարյանի նոր ժողովածուում ամփոփված է ապրիլյան հերոսների հավաքական կերպարը


  
դիտումներ: 1221

Գրող, բանաստեղծ Սամվել Բիշարյանի՝ մանկական պատմվածքներ ամփոփող «Hello, Adam!» (Ողջույն, Ադամ) ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Կրտսեր ընթերցողի համար նախատեսված անգլերեն գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հեղինակը գրքում փորձում է ներկայացնել երիտասարդ սերնդի ապրելակերպի, զգացմունքների և մտածողության նրբին առանձնահատկությունները: Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից: Նշենք, որ 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է. դրանցից 2-ում նա հանդես է գալիս որպես գործող կերպար, իսկ 4 պատմվածքներ այլ հերոսներ ունեն: Պատմվածքներից մի քանիսը վերաբերում են Ադամ Սահակյանի կյանքի՝ մինչ ապրիլյան պատերազմը ընկած ժամանակահատվածին: Ադամը հանդես է գալիս որպես գործող կերպար և իր դրական վարքագծով վառ օրինակ է շատ շատերի համար: Նրանք, ովքեր ճանաչել են Ադամին մինչև 2016 թվականին քառօրյա պատերազմի հերոս դառնալը, նշում էին, որ վերջինս աչքի էր ընկնում իր արդարամտությամբ, անկեղծությամբ, քաջությամբ, տեսողական վառ հիշողությամբ և արագ կողմնորոշվելու ունակությամբ: Նա խորին հարգանք էր տածում տարեցների նկատմամբ և ակնածանքով էր վերաբերվում իրեն շրջապատող աղջիկներին: Ադամը նման էր հեքիաթային մի հերոսի, և բոլոր աղջիկները սիրահարվում էին նրան:

«Տղայի մայրը՝ Գայանեն, ինձ ասաց, որ իր որդին հաճախում էր Ճարտարապետի տուն, որպեսզի ուսումնասիրի գծագրություն: Խումբը բաղկացած էր 15 հոգուց: Մի օր ընդմիջման ժամանակ տղաներից մեկը նկատողություն ստացավ Ադամից իր վատ վարքի համար: Նա անհարգալից վարք էր դրսևորել աղջիկների նկատմամբ: Վերջում տղան ընդունեց իր սխալը և շուտով դարձավ Ադամի ամենալավ ընկերը: Գայանեն ասաց, որ իր որդու իմաստուն մտքերը միշտ զարմացրել են իրեն: Տղայի կարծիքով՝ ամեն ոք պիտի ապրի այնպես, որ պայծառ հետք թողնի՝ հավերժ հիշվելու և մեծարվելու համար»,-նշում է Սամվել Բիշարյանը:

Նրա խոսքով՝ Ադամի միջոցով պատմվածքներում ներկայացրել է ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հավաքական կերպարը: Երկու տասնյակից ավելի անգլերեն ու հայերեն գրքերի հեղինակ Բիշարյանը փաստում է՝ գիրքն անգլերեն է գրել, որպեսզի այն հասնի նաև օտարերկրյա ընթերցողներին և որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչեն մեր հերոսներին:

Պատմվածքները խորությամբ ըմբռնելու և երիտասարդ սերնդի մոտ անգլերենի լեզվամտածողությունն ավելի զարգացնելու համար պատմվածքների վերջում հեղինակը զետեղել է մի առանձին բաժին, որի նպատակն է ստուգել ձեռք բերված գիտելիքները: Գրքի վերջում կա բառարան, որը կօգնի ընթերցողներին թարգմանել անծանոթ բառերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: