Հայերեն   English   Русский  

Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կարողացել ենք լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում


ֆբ գրառում


  
դիտումներ: 461

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար:

Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: ՈՒժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական առաջխաղացմանը:

Հանդիսանալով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ իմ նախաձեռնությամբ ներկայացվել և Արևելյան գործընկերության այս կարևորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձևեր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ:

Իմ և գործընկերներիս ջանքերով, չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ և ձևակերպումներ: Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի և Արցախի շահերին:

Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կարողացել ենք լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի եզրափակիչ հայտարարություններում հայանպաստ ձևակերպումների խթանումից սկսած մինչև անցում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով նախատեսված ավելի բարձր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ձևաչափի: Սա մեծ ձեռքբերում է խորհրդարանական դիվանագիտության համար ու արդյունավետ հարթակ հետագա գործունեության համար:

Հանձնաժողովի աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն են ունեցել համատեղ աշխատանքները ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և ՌԴ ԴԺ Պետական Դումայի գործընկեր կոմիտեի հետ, որոնք մեծապես նպաստել են հայ-ռուսական քաղաքական և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել շուրջ 50 գործընկեր երկրների խորհրդարանականների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Այս ընթացքում պաշտոնավարման առանձնակի ձեռքբերումների շարքում պետք է առանձնացնեմ նաև Վերլուծական խորհրդի հիմնադրումը, որը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համախմբման, օրենսդիր մարմնի հետ փորձագիտական հանրույթի համագործակցության համար:

Ամփոփելով, սակայն չթվելով հանձնաժողովում հաջողության պատմությունների ամբողջական շարքը՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության, ինչպես նաև պետական շահում միասնականության դրսևորման համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ Նախագահին, ԱԺ պատգամավորներին, հանձնաժողովի և պատվիրակությունների անդամներին, ՀՀ դիվանագետներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին, միջխորհրդարանական կազմակերպությունների գործընկերներին, փորձագիտական համայնքին, լրագրողներին ու ԱԺ և, անշուշտ, մեր հանձնաժողովի աշխատակազմին:

Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության, պատրաստակամության ու նվիրումի համար:

Հաջողություն եմ մաղթում բոլոր այն մարդկանց, ովքեր նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում մեր պետական շահերի առաջխաղացման համար:

Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ, և այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք:

Շնորհակալություն վստահության համար և մինչ նոր հանդիպումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: