Հայերեն   English   Русский  

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ազգային ծրագիր. Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 2425

Անկախ-ի հետ ծավալուն հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվել հեղափոխությունից հետո:

Այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.

- Հեղափոխությունից անցել է կես տարուց ավելի։ Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել։ Մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է ընթանում և ո՞ւր է գնում։

- Պարզ չէ։ Ուղղակի նախկինին ավելացել է հայտարարություն կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, որը լավ բան է, կարելի է ողջունել։ Հիմա, երբ իշխանությունը ընտրություններից հետո նորից ձևավորվի ու կայունա, հետագա ամիսների ընթացքում կտեսնենք, թե քաղաքականության, տնտեսության և մյուս ոլորտներում ի՞նչ փոփոխություններ են լինելու։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա չնայած հռչակվեց կոռուպցիայի դեմ պայքար, այդ պայքարի ռազմավարություն, հետևողականություն և հավասարություն առայժմ չեմ տեսնում։ Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է ինստիտուտներից, ի՞նչ օրենքների միջոցով հնարավոր կլինի կանխարգելել կոռուպցիան։ Պատիժը միշտ պետք է լինի օրենքների խիստ շրջանակում, բայց միայն պատիժը դեռ հարցի լուծում չէ, մանավանդ որ պատիժը կարծես թե ընտրովի է լինում և շատ անգամ տպավորություն է թողնում, որ կրում է քաղաքական բնույթ։

Ընդհանրապես, եթե ասեի, թե ինչն է ավելի կարևոր պետության համար, ապա կոռուպցիան դրանցից մեկը կլիներ, բայց ոչ առաջինը։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ազգային ծրագիր։ Պետության համար առաջինը անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքականությունը, քաղաքական կյանքի օրինականության և քաղաքացիների ներքին անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը, հետո արդեն կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած կոռուպցիայի բարձր աստիճանը իմ նշած առաջին կետերի զարգացմանը խանգարում է։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը չեն սկսում, ասենք, երկուշաբթի օրը և ավարտում հաջորդ երկուշաբթի։

Հարյուրավոր տարիներ բոլոր պետություններում այդ պայքարն ընթանում է փոփոխական հաջողություններով, և ամեն տարի միջազգային կազմակերպությունները հրապարակում են, թե որ պետությունը ինչ հաջողություն է գրանցել այդ ոլորտում։ Եթե ես ճիշտ եմ հիշում, անցյալ տարի լավագույն արդյունքներին հասել էր Նոր Զելանդիան, 100-ից 89 էր նրա մաքրությունը, Դանիայում 88 էր, ԱՄՆ-ն այդ ցուցակում 17-րդ տեղում էր, Գերմանիան՝ 12-րդը, Հայաստանը՝ 107-րդը, մեզանից հետո շատ ու շատ պետություններ կան, այդ թվում և Ռուսաստանը, Ուկրաինան։ Մենք խնդիր պիտի դնենք, որ 107-րդ տեղից բարձրանանք մինչև առաջին 20 տեղերը կամ ավելի բարձր։ Իսկ դրա համար տարիներ առաջ ստորագրել ենք այն կոնվենցիան, որը ներկայացրել է ՄԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ այդ կոնվենցիայի՝ մենք բազմաթիվ օրենքներ և կառույցներ պետք է ստեղծենք, որին զուգահեռ պետք է լինի նաև պատիժ։

Չինաստանը կոռուպցիայի դեմ հզոր պայքար է տանում, տարեկան մի քանի հարյուր հոգու էլ գնդակահարում է, բայց դա չէ իրենց ազգային ծրագիրը։ Դա ճանապարհ է, որ մյուս ծրագրերը ճիշտ իրականանան։ Հայաստանում իհարկե պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, և կարծում եմ, որ նոր իշխանությունները լրիվ ձևավորվելուց հետո պարտադիր պետք է ստեղծեն համապատասխան մարմիններ և օրենքներ։

Ինչևէ, մենք այժմ նորից գտնվում ենք խաչմերուկում, կկարողանա՞նք արդյոք այս անգամ ընտրել ճիշտ ճանապարհը, թե ոչ։ Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի հասունությունից, խելամտությունից և կամքից։ Դատելու են հաջորդ սերունդները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: