Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը


  
դիտումներ: 321

Արմեն Գևորգյանը դատական նիստի ավարտին պատասխանել է լրագրողների հարցերին։

Դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Արմեն Գևորգյանի կալանքի հարցով որոշումը։ Դռնփակ նիստից դուրս գալուց հետո Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանում ներկայացրել է իր անցած ճանապարհը, թե ինչով է զբաղված եղել վերջին 20 տարիներին Հայաստանում։

Արմեն Գևորգյան

«Խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որոնք, ըստ իս, պետք է հիմք հանդիսանային կալանավորման միջնորդությունը մերժելու համար»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, Արմեն Գևորգյանը նշեց, որ չի ընդունում այն։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: