Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 4447

Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:

Դեկտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի «Արար» երգչախմբի համերգը «Անդրադարձվող լռություն» խորագրով: Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան: Դաշնակահար՝ Մարիամ Ղազանչյան: Ծրագրում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Դեկտեմբերի 15-ին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) ներկայացնում է․ «Հայքրիս» տրիոյի համերգը: Սեդրակ Երկանյան, դաշնամուր, Քրիստինե Չթչյան, ջութակ, Հայկուշ Հակոբյան, ֆլեյտա: Ծրագրում`Վիվալդի, Դոպլեր, Սարասատե, Սեն-Սանս, Դեբյուսի, Չայկովսկի, Բաղդասարյան, Զարիֆյան, Սայաթ-Նովա

Դեկտեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Չիպոլինո բալետը: Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վալերի Լևանտալ : Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան: Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա կիթառահարներ Բարդի Մինասյանի և Սարո Բաբիկյանի երաժշտական երեկոն: Միջոցառմանը կհնչեն հայ, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների և հեղինակային ստեղծագործություններ:

Սարո Բաբիկյանը 10 տարեկանից հաճախել է Դամասկոսի «Սուլհի Ալ Ուատիի» երաժշտական դպրոցը: 2012թ. մեկնել է Լոս Անջելես և ուսումը շարունակել հայտնի հայ կիթառահար Սարգիս Դուրկությանի մոտ: 2015 թ. ընդունվել է Հարավային Քալիֆորնիայի «Թորնթոն» երաժշտական դպրոցը (USC Thornthon School of Music)՝ ուսումը շարունակելով աշխարհահռչակ կիթառահարներ Սկոթ Թենանթի և Վիլիամ Կանենգիսերի մոտ. այժմ Սարո Բաբիկյանը սովորում է «Թորնթոն» երաժշտական դպրոցի դասական կիթառի բաժնի մագիստրատուրայում: Բարդի Մինասյանը սովորել է Հալեպի Բարսեղ Կանաչյանի անվ. երաժշտական դպրոցում, որից հետո տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին (դասատու՝ պրոֆ. Վարդան Աճեմյան). այժմ սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կիթառի բաժնի մագիստրատուրայում (դասատու՝ պրոֆ. Վարդան Աճեմյան)՝ միևնույն ժամանակ դասավանդելով Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Մուտքն ազատ է:

Դեկտեմբերի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Չուխաջյանի Կարինե օպերետը: Նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Բաբազյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Երաժշտական ղեկավար՝ Լևոն Ջավադյան: Զգեստների նկարիչ և տեսալուսային ձևավորող՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան: Պարերի բեմադրիչ՝ Արմեն Գրիգորյան: Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան: Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, մենակատարների, երգչախմբի, բալետային խմբի և «Օպերային երիտասարդական ծրագրի» արտիստների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 20-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կներկայացվի Ջ. Պատրիկի Սիրելի Պամելա տրագիկոմեդիան: Ամանորի հեքիաթ մեծահասակների համար: Բեմադրությունը` Նարինե Մալյանի: Նկարչական ձևավորումը` Անդրանիկ Հարությունյանի: Դերերում` Սամվել Թոփալյան, Քրիստինա Հովակիմյան, Հայկ Սարգսյան, Աստղիկ Աբաջյան, Կարեն Խաչատրյան, Արա Սարգսյան, Լևոն Ղազարյան: «Սիրելի Պամելա» պիեսի գործողությունները ծավալվում են Ծննդյան տոների օրերին և իրապես լի են այդ օրերին հատուկ ջերմ ու բարի, հեքիաթային երանգներով: Պիեսի գլխավոր հերոսուհին` Պամելան, թողնում է, մեղմ ասած, տարօրինակ տպավորություն: Աղբանոցներից հավաքած շորերով, թեյի փաթեթներով, շշերով, տուփերով լցված իր աղքատիկ նկուղում չքավորի կյանքով ապրող, խաղալիք կատվի հետ զրույցներ վարող այս կերպարը երջանիկ է: Երջանիկ է, քանի որ չի կորցրել մարդկանց սիրելու, օգնելու, կարեկցելու կարևորագույն հատկանիշները: Այս միջավայրում պատահաբար հայտնվում են երեք խաբեբաներ, միանգամից կողմնորոշվում են, թե ինչպես կարելի է ստանալ ծեր և միամիտ կնոջ ապահովագրավճարը, ծրագրեր են մշակում, թե ինչպես նրա վերջը տան, բայց… արդյունքում Պամելան դառնում է իրենց ամենահարազատ ու սիրելի մարդը:

Ներկայացումը այն մասին է, թե ինչն է օգնում մարդկանց չկորցնել մարդկային էությունը, սիրել միմյանց անկախ շահից` այդ կերպ արթնացնելով բոլորիս մեջ հետզհետե մարող հոգևոր հզոր ներուժը:

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիա Պետրոսյանի և Մարինա Վարդանյանի պոեզիայի և երաժշտության երեկոն: Միջոցառումը կրում է «Թղթե սավառնակներ» խորագիրը: Երեկոյի ընթացքում Լիա Պետրոսյանը հանդես կգա հեղինակային ստեղծագործություններով, իսկ դաշնակահարուհի Մարինա Վարդանյանի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Է. Մորիկոնեի, Յ. Սիբելիուսի, Ա. Պիացոլայի ստեղծագործություններից: Մուտքն ազատ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: