Հայերեն   English   Русский  

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների


  
դիտումներ: 311

Oրերս Հայաստան էին այցելել ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄՀՀԳ) ղեկավար Ռուդոլֆ Մյուլլերը և նույն գրասենյակի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության պատասխանատու Վինստոն Չանգը` 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Դեկտեմբերի 7-ին վերոնշյալ պաշտոնյաները ներկա են գտնվել Գյումրիում անցկացված «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ցուցադրական վարժանքին: Ուսումնավարժության ընթացքում իրականացվել է վրանային ավանի ծավալում, ինչպես նաև` տարբեր փրկարարական աշխատանքների էլեմենտներ:

Ցուցադրական վարժանքից հետո տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանի և Ռ. Մյուլլերի հանդիպումը, որին ներկա են եղել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Վ.Գաբրիելյանը, փ/ծ գնդապետ Ա.Դավթյանը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներ: Ռ. Մյուլլերն իր խոսքում բարձր է գնահատել ԱԻ նախարարության մասնակցությունը ՄԱԿ ՄՀՀԳ-ի հովանու տակ գործող UNDAC, INSARAG, GDACS համակարգում և այլ հարթակներում:

ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է անդամակցությունը միջազգային մարդասիրական արձագանքման համակարգին, ինչը թույլ է տալիս ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային հանրության կողմից, այլև ունենալ սեփական ներդրումը աշխարհի տարբեր երկրներում` աղետներից տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Հանդիպման վերջում կողմերը միմյանց հանձնել են հուշանվերներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: