Հայերեն   English   Русский  

​Brexit-ը կդառնա՞ իրականություն, թե՞ ոչ


  
դիտումներ: 5529

Brexit-ը պայմանագրո՞վ, թե՞ առանց պայմանագրի տեղի կունենա, կամ արդյո՞ք ընդհանրապես տեղի կունենա․ սրանք վերջին օրերին Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ամենաարդիական հարցերից են։

2016 թվականին Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունը հանրաքվեում կողմ արտահայտվեց ԵՄ-ից դուրս գալուն։ 2017-ից մեկնարկած գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ի մարտին։ 1,5 տարի տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որը Brexit-ը հնարավորինս քիչ ցավոտ կդարձնի կողմերի համար։ Պայմանագրով նախատեսվում է, որ ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նորվեգիայի հետ հարաբերություններն են։ Համաձայնագրով Մեծ Բրիտանիան Մաքսային միության կանոններին կենթարկվի, սակայն որոշումների կայացման հարցում որևէ դեր չի ունենա։

Նախատեսվում է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո 21 ամիս անցումային շրջան կսահմանվի, Հյուսիսային Իռլանդիան կունենա հատուկ կարգավիճակ, որտեղ կգործեն թե Մաքսային միության, թե Մեծ Բրիտանիայի հարկային օրենքները, մինչև կողմերը որոշակի, ավելի շահավետ լուծում գտնեն։ Հակառակ պարագայում անցումային վիճակը կարող է երկարաձգվել կողմերից մեկի նախաձեռնությամբ։

Պայմանագրի նման դրույթները, սակայն, դժգոհության տեղիք են տվել ոչ միայն Թերեզա Մեյի ընդդիմադիրների, այլ անգամ նրա թիմակիցների մոտ։ Հիմնական հակափաստարկն այն է, որ այս պայմանագրի գործունեության պարագայում Մեծ Բրիտանիան, թեև դուրս է գալիս ԵՄ-ից, սակայն չի վերականգնում իր սուվերենությունը։ Մինչդեռ Brexit-ի ողջ նպատակը իրենց երկրին վերաբերող որոշումների կայացման հարցում ինքնուրույնության վերականգնումն է։

Երբ պարզ դարձավ, որ ՄԹ համայնքների պալատում համաձայնագիրը քվեարկության դնելու պարագայում այն կձախողվի, Թերեզա Մեյը հետաձգեց քվեարկությունը։ Նա իր որոշումն այդպես էլ պատճառաբանեց․ համաձայնագիրը քվեարկության դնելու դեպքում այն բավարար քվեներ չի ստանա և կձախողվի։ Մեյը մինչև 2019-ի հունվարի 20-ը ժամանակ ունի՝ իր հակառակորդներին տարհամոզելու և իր կողմը գրավելու համար։

Մեյի առաջին քայլն այդ ուղղությամբ, սակայն, ձախողվել է։ Քվեարկության հետաձգումից անմիջապես հետո Մեյը Եվրոպա մեկնեց՝ հանդիպելով ԵՄ ղեկավարության հետ։ Նպատակն էր համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու, որոշ դրույթներ վերանայելու համաձայնություն ստանալ։ Այնտեղ, սակայն, հստակ հայտարարեցին, որ առկա համաձայնագրում որևէ փոփոխության պատրաստ չեն։ «Մենք նրանց տրամադրել ենք լավագույն հնարավոր համաձայնագիրը։ Լավագույնը և միաժամանակ նաև միակ հնարավորը։ Այստեղ երբևէ քննարկելու ոչինչ չկա»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Թերեզա Մեյ

Փաստենք, որ քվեարկության հետաձգումը Մեյին քիչ էր մնացել վարչապետի պաշտոնն արժենար․ նրա իսկ կուսակիցները նախաձեռնեցին նրան անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն քվեների փոքր տարբերությամբ Մեյը կարողացավ խուսափել պաշտոնանկությունից։ Այժմ խորհրդարանը նրան մեկ տարի այլևս չի կարող անվստահություն հայտնել։

Նշենք նաև, որ Մեյը հայտարարել է, թե 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կհրաժարվի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից, հետևաբար չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Նրա խոսքով, սակայն, Brexit-ի շուրջ բանակցությունների փուլում վարչապետ փոխելը Բրիտանիայի համար ոչ շահեկան կլինի։

Կրակին յուղ է լցրել նաևԵվրադատարանի՝ վերջերս կայացված որոշումը։ Շոտլանդիան, որն ի սկզբանե դեմ էր ԵՄ-իդ դուրս գալուն, հայց է ներկայացրել Եվրադատարան, որն էլ իր հերթին վճռել է․ մինչև ԵՄ-ից դուրս գալու պահը՝ այն է, 2019-ի մարտի 29-ը, Մեծ Բրիտանիան միակողմանիորեն կարող է հրաժարվել միության կազմից դուրս գալուց։

Հնարավոր սցենարներ

Եվ ստեղծված իրավիճակում փորձագետները մի քանի հնարավոր սցենար են կանխատեսում, որոնցից գրեթե բոլորը ենթադրում են Թերեզա Մեյի հրաժարականը և ոչ միայն։

Այսպես, եթե մինչև հունվարի 20-ը ՄԹ խորհրդարանը չհաստատի համաձայնագիրը, ապա Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա առանց որևէ համաձայնագրի, ինչը ծանր տնտեսական հետևանքներ կունենա այդ երկրի համար։

Ըստ հաշվարկների՝ նման ելքից հետո 15 տարվա ընթացքում ՄԹ ՀՆԱ-ն կկրճատվի 9,3 տոկոսով, բյուջեի դեֆիցիտը կհասնի մինչև 80 մլրդ ֆունտ, բրիտանական ֆինանսական կազմակերպությունները կզրկվեն ԵՄ երկրներում ծառայություններ մատուցելու հնարավորությունից, բրիտանական ֆունտը կարժեզրկվի շուրջ 25 տոկոսով, սահմանապահ կառույցները պարզապես չեն դիմանա ծանրաբեռնվածությանը, ինչի պատճառով ապրանքաշրջանառությունը կդանդաղի, խնդիրներից զերծ չեն մնա անգամ ավիափոխադրողները, որոնք արդեն ստիպված կլինեն ԵՄ անդամ ամեն երկիր թռիչք իրականացնելու համար առանձին թույլտվություն ստանալ։ Առանց պայմանագրի Brexit-ը սակայն, միայն ֆինանսական կորուստներով չի սահմանափակվի։ Նման պարագայում, օրինակ, բրիտանացի իրավապահները այլևս մուտք չեն ունենա համաեվրոպական տվյալների բազա՝ մատնահետքեր, ԴՆԹ, ինչն էլ կարող է դժվարացնել ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։

Առկախված վիճակ կստեղծվի նաև Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ 3 մլն քաղաքացիների և ԵՄ-ում ապրող 1 մլն բրիտանացիների կարգավիճակում։

Առանց պայմանագրի Brexit-ի պարագայում փաստորեն «ֆիզիկական սահման» կգծվի Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միջև, ինչն էլ իր հերթին կարող է անջատողական տրամադրություններին զարկ տալ։ Խնդրի առաջ կկանգնեն նաև Ջիբրալթարի բնակիչները․ թերակղզու բնակիչները կարող են զրկվել եվրոպական շուկայից, իսկ վատագույն դեպքում, նաև ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունից։

Եվ, ի վերջո, առանց համաձայնագրի Brexit-ը երկրում կարող է սոցիալական լարվածություն ստեղծել․ սոցիալական վիճակի վատթարացումը և դժգոհությունն իշխանություններից մարդկանց կարող է փողոց դուրս բերել։

Իհարկե, սա ծայրահեղ տարբերակ է։ Մյուս տարբերակն է, որ Թերեզա Մեյը կարողանա համոզել ԵՄ 27 անդամ երկրներին, որպեսզի երկարացնեն բանակցային ժամանակահատվածը և շարունակեն քննարկել Brexit-ի պայմանները։ Սակայն, գոնե ներկա դրությամբ, ԵՄ ղեկավարությունը հակված չէ այդ թեմայով բանակցելուն։

Մյուս տարբերակն է՝ օգտվել ԵՄ դատարանի որոշումից և կասեցնել Brexit-ը։ Այս պարագայում, բնականաբար, «Brexit, ուրեմն մինչև վերջ Brexit» կարգախոսով իշխանությունը ստանձնած Մեյը ստիպված կլինի հրաժարական տալ։

Կա մեկ այլ տարբերակ ևս․ Թերեզա Մեյը գործընթացը ձգձգելու համար Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեն է նախաձեռնում։ Այս պարագայում ևս, որպես իրեն վստահված գործը ձախողած պաշտոնյա, ստիպված կլինի հրաժարական տալ։

Թե ինչպես կավարտվի Brexit-ը, պարզա կդառնա շուտով։ Մեկ այլ հարց է՝ կկարողանա արդյոք Թերեզա Մեյը պահպանել վարչապետի աթոռը մինչև 2022 թվականի ընտրությունները։ Ստեղծված իրավիճակում տպավորություն է, որ ինչ քայլ էլ կատարի Մեյը, վերջը պաշտոնանկությունն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: